«Ապե, ֆեմինիզմը ինչ ա՞»․ Աբովյան փողոցով ընկերոջ հետ անցնող մոտ 25 տարեկան երիտասարդը նման կերպ արձագանքեց՝ տեսնելով մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից մարտի 8-ին Երևանի կենտրոնում կազմակերպված երթը։ Երիտասարդը, ով երթի մասնակիցներից մեկի շապիկի վրա կարդացել էր՝ «Ֆեմինիզմը հավես ա», ընկերոջից պատասխան չստացավ և մի քանի րոպե լուռ կանգնած հետևեց երթի աղմկող մասնակիցներին։
Ակցիայի կազմակերպիչներն իրենց գլխավոր նպատակը բացատրող մեծ պաստառ էին պահել՝ «Կանանց իրավունքների օր», այլ ոչ թե մայրության և գեղեցկության, ինչպես հաճախ Մարտի 8-ը մեկնաբանում են Հայաստանում։
Երևանի կենտրոնում անցկացվող երթը մարդկանց մոտ տարբեր զգացմունքներ էր առաջացնում՝ զարմանք, ոգևորություն, ծաղր, սակայն գրեթե չկային անտարբերներ․ անցորդներից շատերը հեռախոսներով նկարահանում էին երթի ընթացքը, ոմանք քմծիծաղում, ոմանք էլ, վերցնելով ակցիայի մասնակիցների կողմից բաժանվող թռուցիկները, սկսում էին ընկերների հետ քննարկել՝ արդյոք «ճիշտ ա գրած»։
Երթի մասնակիցները անցան Աբովյան փողոցով, կանգնեցին Հանրապետության հրապարակում, ապա շարժվեցին Հյուսիսային պողոտա, որտեղ միջոցառումն ավարտեցին համերգով։
Քայլերթի ընթացքում նրանք վանկարկում էին․
Ոչ բռնությանը,
Ոչ սահմաններին,
Ոչ հայրիշխանությանը,
Ոչ տերերին։
Երբեմն «բռնություն» բառը փոխարինում էին «պետություն» բառով։
Երթի մասնակիցներից մի քանիսի կողմից բաժանվող թռուցիկների վրա հետևյալ տեքստն էր գրված․
«Քույր, շնորհավորում եմ մեր Մարտի 8-ը,
Որը դեռևս 19-րդ դարում կանայք ընտրել են որպես կանանց ազատագրման պայքարը նշանավորելու օր,
Ոչ թե որպես «գեղեցկության և կանացիության» տոն։
Չէ որ քայլում ես գլուխդ բաց, բայց աչքերդ խոնարհած։
Սովորում ես համալսարանում, բայց դիպլոմդ օժիտի համար է։
Տանը քեզ պինդ֊պինդ հագցնում են, իսկ փողոցում շորերդ հանած՝ պաստառների վրա «գովելով ազդում»։
Ունես ընտրական իրավունք, բայց ձայն ես տալիս տղամարդու ասածով։
Ունես սիրելու ազատություն, բայց գերդաստանն է որոշում ում սիրես, ինչպես և երբ։
Շատ բան ես ուզում, բայց չուզողները քեզ «հավանում», «ուզում», «առնում», «տանում են»։
Քո չուզողները բոլոր նրանք են, ովքեր իրենց քո տերն են անվանում։
Նվաճել ես վերարտադրողական ինկուբատոր չլինելու իրավունք, բայց եկեղեցին դեռ նզովում է քեզ աբորտի համար։
Ունես ձայնի իրավունք, բայց աղջիկ պտուղդ պահելու որոշողը դու չես։
Պետությունը պարտադրում է մայրանալդ և երեխադ հայրանունով է։
Դու ավելի լավ գիտես, թե ով ես և ինչ ես ուզում
Շարունակի՛ր ինքդ…
Վերաքաղաքականացրո՛ւ Մարտի 8-դ»։