Նրա աշխատանքներին կամա, թե ակամա շատերն են ծանոթ. եթե չեն տեսել Կոմիտասի անվան պանթեոնի նրա հսկայածավալ տուֆակերտ հարթաքանդակները (1969թ.), ապա հաստատ գիտեն Երիտասարդական մետրոյի պատի բրոնզե քանդակը («Երիտասարդություն» 1981թ.), Պուշկինի փողոցի Թորոս Թորոմանյանին նվիրված հուշարձանը (1985թ.) կամ էլ Օղակաձև զբոսայգու «Վերածնունդ» կոչվող հանրահայտ քանդակը (1969թ.), որը 1973թ.-ին տեղադրվել էր Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տան մոտ։
Աշխատանքներին ծանոթ ենք, բայց անվանը՝ ոչ։
Ծանոթ չենք ոչ այն պատճառով, որ քանդակագործը կին է. հիշեք, թե քանի կին քանդակագործ գիտեք ու թե որքանով են ճանաչված նրանց աշխատանքները (ասենք Հռիփսիմե Սիմոնյանի կամ Թերեզա Միրզոյանի աշխատանքները)։
Ծանոթ չենք ոչ էլ այն պատճառով, որ քանդակագործը խորհրդային շրջանից է. մտաբերեք, թե քանի սովետական քանդակագործ գիտեք ու թե որքանով են պահպանված նրանց աշխատանքները (ասենք Այծեմնիկ Ուրարտուի կամ Սերգեյ Մերկուրովի աշխատանքները)։
Ծանոթ չենք նրա անվանը, քանի որ մեզ արվեստն ընդհանրապես չի հետաքրքրում և որովհետև մենք՝ Երևանի քաղաքացիներիս մեծ մասը, նախընտրում ենք նստել արվեստի տարածքները գրաված քաղցկեղանման սրճարաններում և կամ զբոսնել այդ տարածքները ներխուժած խանութներում։ Ու այդպիսով, մատնված անուշադրության և անտարբերության, քաղաքային արվեստի գործերը, ինչպես օրինակ «Վերածնունդ» քանդակը, հայտնվում են անհեթեթ տեղերում, ասենք՝ ինչ-որ մեկի հագուստի կրպակի մուտքի մոտ։
Սակայն մոնումենտալ-դեկորատիվ արվեստի բնագավառում աշխատող քանդակագործ Ռուզան Քյուրքչյանի (1930-2002) ժամանակակիցները նրա մասին այլ կարծիքի էին։
Ռ․ Քյուրքչյան «1988»
«Ռուզանի գործը կրում է մեծ Ատտիկայի ոգին», գրում է Երվանդ Քոչարը, «Նա իսկական արձանագործ է, մեր հայ իրականության մեջ այն բացառիկներից, որ զգում է ֆորման իր կոսմիկական ամբողջության մեջ»։ Արվեստաբան Նոնա Ստեփանյանն ընդգծում է «ազնվաբարոյությունն ու գերող անմիջականությունը» որպես Քյուրքչյանի ներքնաշխարհի հիմնական հատկանիշները։
Նրա առաջին գործը 1955թ.-ին Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ավարտական կուրսում արված «Պետրոս Ադամյան» դիմաքանդակն էր, որից հետո ստեղծվեցին «Ընտանիք» պղնձակոփ արձանախումբը (1966թ.) դրված Սայաթ-Նովայի փողոցում՝ գիտությունների ակադեմիայի հին շենքի առջև, «Սայաթ-Նովա» դիմաքանդակը (1963թ.) ինչպես նաև Սայաթ-Նովային նվիրված յոթ սկահակներից կառուցված շատրվանը, դրված Սայաթ-Նովայի փողոցի ջրավազանում։ Հայտնի է նաև բժշկական ինստիտուտի բակում դրված նրա մեծ Հայրենական պատերազմում զոհված բժշկական ինստիտուտի սաներին նվիրված հուշարձանը։
Վերջին գործերից էր 1989թ.-ին արված «1988» մոնումենտալ արձանը, որով շունչ էր տալիս երկրաշարժում զոհված իր հայրենակիցներին և այդ շունչը, ինչպես Քոչարն էր ասել իր նախկին գործերի մասին, «հավիտենական է ու անկորուստ»։
Այնուամենայնիվ այսօր այս գործերից շատ քիչ բան է մնացել։
Ընտանիքի արխիվում խնամքով պահվում են նրա մասին գրված բազում նյութեր, ինչպես նաև նրա աշխատանքների լուսանկարներ, որոնցից մեկն առանձնապես գրավիչ է։
Քյուրքչյանն է՝ լուսանկարված Օղակաձև այգում, «Վերածնունդ»-ի մոտ։ Ուշ աշուն է կամ վաղ ձմեռ, հագին մուգ կարմիր վերարկուն է։ Հավանաբար յոթանասուն-երեք թիվն է, երբ արվեստանոցից դուրս բերվելուց հետո, ապա չորս տարի ցուցահանդեսներում և արվեստի սրահներում շրջագայելով քանդակը վերջապես գտել էր իր տեղը՝ երիտասարդ ծառերի ու ոլորուն ծառուղիների մեջ ու միջև։ Քյուրքչյանը գոհունակությամբ զննում է նստած, ձեռքի ափերին հենված ու կիսաբարձրացող կնոջ կիսադեմը, ձեռքը դրած քանդակի գլխին, ասես շոյելով նրա բրոնզե մազերը և ասելով. «Այսօր ինձանից հեռանում ես ու մտնում հանրային տարածք։ Հանձնում եմ քեզ այս քաղաքին, ազատ ես, ապրիր քո կյանքով և թող քաղաքացիները ոգեշնչվեն քեզ տեսնելով»։ Նույն թվականի «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի տասերորդ համարում Վահե Պողոսյանն արձագանքում է. «Եթե Քյուրքչյանի մյուս գործերը լավն են, այս մեկը կատարյալ է։ Նստած կնոջ միջոցով պատկերված Հայաստանը հառնում է կյանքով, հաստատակամությամբ, նաև կորովով»։
Ռ. Քյուրքչյանն ու «Վերածնունդ» քանդակը Օղակաձև այգում, 1970-ականներ
Այսօր իհարկե, գրեթե քառասուն տարի անց, Քյուրքչյանի պատկերացրած հանրային տարածքից շատ քիչ բան է մնացել, իսկ բոլորիս հայտնի «նստած կնոջ» քանդակը զիջել է իր տեղը Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրուն (քանդակագործ` Գարեգին Դավթյան, ճարտարապետ` Ասլան Մխիթարյան), որն անխոս ավելի տրամաբանական կլիներ տեղադրել ասենք հենց Նանսենի անվան այգում, որը գտնվում է նույն Նանսենի փողոցի վրա՝ Նոր Նորք վարչական շրջանի առաջին զանգվածում։
Արդյոք ինչպիսի՞ ուղերձ են ուղարկում հետխորհրդային շրջանի քաղաքապետարանն ու մշակույթի նախարարությունը Երևանի բնակիչներին, երբ առանց որևէ բացատրության կամ պաշտոնական հայտարարության տեղահանում են Քյուրքչյանի հայտնի քանդակը հանրային տարածքից, «ի պահ դնելով» այն ոմն առուտուր անողի կրպակի տարածքում։ Միթե այնքա՞ն ենք կորցրել մեր զգոնությունը արհամարհվող ու գողացվող մեր ժառանգության հանդեպ, որ հանգիստ ընդունում ենք հերթական անգամ հանրային ունեցվածքի «վերաբաշխումը»։ Արժե՞ հիշատակել այն բոլոր դեպքերը, երբ հանրային տարածքից անհետացվել են արվեստի գործեր զուտ իրենց մետաղական արժեքի պատճառով։
Ուրեմն կրկին անգամ ծագում է Նիկոլայ Չերնիշևսկու հարցը. ի՞նչ անել։ Ի՞նչ անել, որ հետագայում չասենք կին քանդակագործներ չենք ունեցել, կամ ի՞նչ անել, որ վերիմաստավորվեն ու համատեղվեն խորհրդային շրջանում ստեղծված և արդեն իսկ պատմական դարձած քաղաքի այս անքակտելի (անգին) մասնիկները։
Եվ ուրեմն. ի՞նչ անել արվեստի հետ։
Հ․Գ․ 2013 թվականի հունիսի 17-ին թարգմանիչ Շուշան Ավագյանը, արվեստագետներ Արփի Ադամյանը և Լուսինե Թալալյանը բաց նամակ են ուղղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
Հարգելի պարոն քաղաքապետ, տեղեկացնում ենք Ձեզ այն մասին, որ քանդակագործ Ռուզան Քյուրքչյանի (1930-2002) «Վերածնունդ» կոչվող հանրահայտ քանդակը, որը 1973թ.-ին տեղադրվել էր Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության Տան մոտ, Օղակաձև զբոսայգում, տեղահանվել է ինչ-ինչ պատճառներով և տեղադրվել մի շատ անշուք ու անհամապատասխան վայրում՝ նույն այգում գտնվող հագուստի կրպակի մուտքի մոտ։ Շատ ցավում ենք տեսնելով նման անհարգալից վերաբերմունք Քյուրքչյանի աշխատանքի հանդեպ և ցանկանում ենք, որ քանդակը տեղափոխվի մի նոր՝ ավելի պատշաճ վայր, որտեղ այն կգնահատվի և կպահպանվի ճիշտ ձևով։
Խնդրում ենք թույլատրել քանդակը տեղափոխել «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հոգածության ներքո Թումանյանի զբոսայգի։ «ԹՈՒՄՈ»-ի և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը սիրով համաձայնվել է օգնել քանդակը տեղափոխելու գործում և խոստացել, որ պատշաճ տեղ կհատկացնի արվեստի այս կարևոր գործին։
Արվեստագետները մինչ օրս քաղաքապետարանից պատասխան չեն ստացել։
Հոդվածի սկզբնաղբյուրը՝ այստեղ