Քաղաքացիական ակտիվիստները «Մարտի 8–ն ամեն օր» բեմականացված քայլերթով շրջել են Երևանի կենտրոնում՝ շարունակելով Մարտի 8-ին նվիրված միջոցառումների շարքը, որը նպատակ ունի առիթն օգտագործել և բարձրաձայնել կանանց իրավունքների հիմնահարցերը:
Ակտիվիստները ներկայացմամբ հանդես են եկել նախ Իսահակյանի արձանի մոտ, ապա Ազնավուրի հրապարակում և Հյուսիսային պողոտայում: Բեմադրության հերոսը մեծ ընտանիքի մայր էր, ով իր վրա կրում է իր պարտականությունների մասին հայտնող գրառումներով թղթեր՝ «երեխա բերող», «տուն մաքրող», «զոռով սեքս անող», «ամենացածր աշխատավարձով աշխատող», «Կոնֆլիկտները հարթող»:
Հասարակության սևազգեստ անդամների կողմից ճնշումներից հետո՝ հերոսուհին կարողանում է իր մեջ ուժ գտնել, պատռել իր վրա փակցված թղթերը և ազատագրվել: Ներկայացման հերոսուհի Միլենան Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ գիտակցում է, թե հայ կնոջ համար այնքան հեշտ չէ ազատվել ճնշումներից ու իրավունքի ոտնահարումների դեմ պայքարել իրական կյանքում, ինչպես դա արվում է թատերական խաղում, բայց, նրա խոսքով՝ պետք է ձգտել անել հնարավորը՝ հասարակության լիարժեք անդամ դառնալու համար:
Այս հոդվածը Epress.am-ում տպագրվել է 2013 թվականի մարտի 8-ին