«Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը չընդունելը, փաստորեն, նշանակում է, որ Հայաստանում նման խնդիր չկա, մինչդեռ միայն 2012 թվականին պաշտոնապես գրանցվել է ընտանիքներում բռնության 766 դեպք, 5 կին մահացել է՝ թողնելով 12 մանկահասակ երեխա: Նման կարծիք է հայտնում օրենքի նախաձեռնող «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որը հունիսի 20-ին ակցիա կանցկացնի Կառավարության շենքի մոտ՝ վարչապետին հանձնելու «Ընտանեկան բռնության մասին» օրենքն ընդունել պահանջող պաշտոնական նամակը և կազմակերպված ստորագրահավաքի արդյունքները:
Օրենքի նախագծի վրա աշխատել են 2 տարի, սակայն կառավարությունը հունվարին մերժել է այն՝ խոստանալով, սակայն, որ ընտանեկան բռնության մասին օրենսդրական փաթեթից առանձին դրույթներ տեղ կգտնեն քրեական և քաղաքացիական օրենսգրքում:
«Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» (PINK) ՀԿ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ թեև օրենքի նախագիծը անթերի չէ, սակայն դրա ընդունումը շատ կարևոր է, քանի որ այն գուցե զգոնության կդրդի մարդկանց, ովքեր առանց օրենքի չեն գիտակցում, որ բռնությունը քրեորեն պատժելի արարք է:
Օրենքի մերժումը, ըստ Հովսեփյանի, անտրամաբանական է, քանի որ հենց Արդադատության նախարարության աշխատակցիներն են մասնակցել դրա կազմմանը երկու տարի շարունակ և կարող էին փոփոխություններ առաջարկել, եթե դրանում կային հակասահմանադրական կետեր:
Քննարկումների ժամանակ Կառավարության ներկայացուցիչներն ասել են, օրինակ, որ ընտանեկան բռնություն կատարողին երկու ամսով տնից հեռացնելու մասին կետը հակասահմանադրական է, քանի որ այն խախտում է մասնավոր սեփականության մասին իրավունքը: Այս պատճառաբանությունը, ըստ մեր զրուցակցի, տեղին չէ, քանի որ այլ հանցանքների դեպքում մարդուն ազատազրկելը չի համարվում սեփականությունից զրկել:
Օրենքի նախագիծը մշակվել էր Կանանց իրավունքների կենտրոնի կողմից: Այն ավելի կենտրոնացած էր ոչ թե պատիժների սահմանմանը, այլ բռնությունները կանխարգելելու մեթոդների մշակման վրա, սահմանում էր բռնությունից տուժածմերին ապաստաններով ապահովելու, հոգեբանական խորհրդատվություն և իրազեկում ապահովելու կարգը: