Սկեսրոջ և ամուսնու կողմից 10 ամիսների ընթացքում ծեծի և խոշտանգումների ենթարկվող Մարիամ Գևորգյանի (լուսանկարում) գործով երեկ Վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել առաջին դատական նիստը: Գևորգյանի կողմը դժգոհ է գործով առաջին ատյանի դատարանի կայացրած վճռից, որով առանց քննության է թողել բերված քաղաքացիական հայցը (կողմը պահանջում էր բժշկական ծախսերի և բարոյական վնասի փոխհատուցում), իսկ քրեական մասով՝ դատարանի վճիռը, ըստ հայցվորի, ոչ միայն անհամաչափ է կատարված հանցագործությանը, այլև խախտումով է կայացվել:
«Համաներում կարող է կիրառվել այն դեպքում, երբ մարդը հետախուզման մեջ չի եղել: Իսկ Մարիամի սկեսուր Հայկանուշ Միքայելյանը հետախուզման մեջ է եղել, նա չի ներկայացել ինքնակամ»,- ասել է Գևորգյանի փաստաբան Նոնա Գալստյանը:
Հիշեցնենք, որ դատավոր Արմեն Բեկթաշյանը վճիռ է կայացրել՝ Հայկանուշ Միքայելյանին դատապարտելով 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ժամկետի 1/3-ը հանվել է:
Նոնա Գալստյանը դիմել է Արդարադատության խորհուրդ՝ պահանջելով, որպեսզի համաներում կիրառելու համար դատավորը ենթարկվի կարգապահական տույժի:
Երեկ կայացած նիստը, սակայն մի քանի ընթացակարգային գործողություններից հետո ընդհատվել է՝ Հայկանուշ Միքայելյանի պաշտպանի բացակայության պատճառով:
Առաջին ատյանի վճռից դժգոհ է նաև Միքայելյանը, և նա ևս ներկայացրել է վերաքննիչ բողոք:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ Մարիամ Գևորգյանը 2010թ. հունիսին ամուսնացել է Դավիթ Զիրոյանի հետ և տեղափոխվել Սանկտ Պետերբուրգ, որտեղ ապրել է ամուսնու և նրա մոր հետ: Հայկանուշ Միքայելյանը Մարիամին ծեծել է գրտնակով, վառել է նրա մարմինը և լեզուն կրակայրիչով ու արդուկով` պատճառաբանելով, թե աղջիկը փնթի հարս է: Նրան թույլ չեն տվել անգամ քնել անկողնում և ստիպել են ամիսներ շարունակ քնել խոհանոցի աթոռի վրա նստած:
Լուսանկարը՝ «“Ընդդեմ Կանանց Նկատմամբ Բռնության” կոալիցիա»-ի