Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-րդ տարեդարձի առիթով՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի նախաձեռնությամբ հոկտեմբերի 28֊ին «Հայաստանի Հանրապետություն» և The New York Times թերթերում հրապարակվել էր «Գլոբալ հայերի ապագան այսօր է» վերնագրով բաց նամակը, որը «հանուն Հայաստանի առաջխաղացման աշխատող անհատներին», ինչպես նաև հասարակական և մասնավոր կազմակերպություններին կոչ էր անում «համախմբվել, միավորել իրենց ուժերն ու համագործակցել՝ հայ ժողովրդի ապագան ավելի լավը դարձնելու համար»։
Օրեր անց՝ նոյեմբերի 1֊ին, մի խումբ հայ ֆեմինիստեր հանդես եկան պատասխան բաց նամակով՝ քննադատելով գենդերային անհավասարությունը «տարբեր երկրներում բնակվող անվանի հայերի» շրջանում։ Փաստը, որ բաց նամակը ստորագրած «գլոբալ հայերի» թվում կար միայն մի կին, ըստ ֆեմինիստերի, Հայաստանում, ինչպես նաև սփյուռքի հայկական համայնքներում կանանց ունեցած երկրորդական դերի հետևանք է։
Պատասխան բաց նամակը ստորագրած ավելի քան 80 ֆեմինիստերը՝ ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ Հայաստանից, ԱՄՆ֊ից, Կանադայից, ու Եվրոպայից, նշում են, որ IdeA֊ի նամակի միակ կինը միայն սիմվոլիկ դեր էր տանում, ու պնդում, որ դա էնդեմիկ ու համատարած խնդիր է ամբողջ աշխարհի հայկական կազմակերպություններում: Ֆեմինիստերը հայկական համայնքային ֆորումներին պատրաստ կլինեն մասնակցել միայն կանանց ավելի մեծ ներգրավվածության դեպքում։
«Թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ հայկական համայնքների բաղկացուցիչ մասն են կազմում, բայց կանայք շատ հազվադեպ են ղեկավար դերեր զբաղեցնում համայնքային կազմակերպություններում։ Նրանք հաճախ «հրավիրվում» են մասնակցելու [նմանատիպ նախաձեռնությունների] ու չունեն խոսքի իրավունք»,֊ ասել է նամակի հեղինակներից Ռեյչել Կոշկարյանը։
Ստորև ներկայացնում ենք նամակը, որը ստորագրածների թվում են կանանց իրավունքների ակտիվիստներ Լարա Ահարոնյանն ու Մարո Մարթոսյանը Հայաստանից, դերասան ու պրոդյուսեր Արսինե Խանջյանն ու ռեժիսոր Ատոմ Եգոյանը Կանադայից, գրող Քրիս Բոհջալյանը, իրավապաշտպան Սառա Լեա Ուիթսոնը, լրագրող Լառա Սեդրակյանը, լուսանկարիչ Սքաութ Թուֆենքյանը ԱՄՆ֊ից, ու արվեստագետ Սիլվինա Տեր֊Մկրտչյանը Բեռլինից։
«Հոկտեմբերի 28֊ին The New York Times֊ում «գլոբալ հայերի» անունից հրապարակվեց բաց նամակ՝ միասնական գործողությունների կոչ անելով։ Նամակը ստորագրվել էր 22 տղամարդու և 1 կնոջ կողմից։ Ամբողջ աշխարհի հայ կանայք առաջնորդներ են, մտածողներ, արվեստագետներ, ուսուցիչներ ու բարերարներ, բայց նրանք, բացառությամբ միայն մեկի, այս նամակը ստորագրողների թվում չկային։ Թեև սա բաց նամակ է ու այլոց հրավիրում է միանալ, կանանց ու տղամարդկան ներգրավվածության անհավասարությունը չի կարող անտեսվել։
Նամակն ինքը Հայաստանի կառավարությանը կոչ է անում «ներառականության ու կոլեկտիվ գործողությունների վրա հիմնված ռազմավարություններ» ընդունել, բայց այն մշակելու ու հրապարելու գործընթացը պետք է մոդելավորվեր այդ նույն գաղափարների միջոցով։ Նմանատիպ բացառումն ու եզակի ներկայացվածությունը կանխելու նպատակով, մենք՝ ներքոստորագրյալներս, երդվում ենք հայկական համայնքային ֆորումներին մեր հետագա մասնակցությունը պայմանավորել այլ կանանց ներգրավվածությամբ։
Մեկը բավական չէ»։
աղբյուրը՝ Armenianweekly