Մեդիայի և հատկապես հեռուստասերիալների միջոցով կարելի է տարածել ու հանրայնացնել մարդկային վարքի դրական մոդելներ: Բազմաթիվ երկրներ այս սկզբունքով հանրամատչելի են դարձրել այնպիսի գաղափարներ, ինչպես սեռական վարակների կանխարգելման կարևոր միջոցառումները, հղիության արհեստական ընդհատման առողջական ու հոգեբանական բացասական հետևանքները կնոջ համար, ընտանեկան բռնության բացառման անհրաժեշտությունն ու այլ արդիական հիմնախնդիրներ: Թե վարքի ինչ մոդելներ են տարածում հայաստանյան հեռուստասերիալները, ուսումնասիրել են Անի Կոջոյանը և Աննա Գևորգյանը՝ ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի (ԳՀԱԿ) մայիսի 11-12-ին անցկացված գիտաժողովի ժամանակ ներկայացնելով «Առնականությունն ու գենդերային բռնությունը հայկական հեռուստասերիալներում» աշխատությունը։
Անդրադառնալով սերիալներում առնականության ներկայացման խնդրին՝ հետազոտողները նշում են, որ հայկական հեռուստասերիալների տղամարդ կերպարների վերլուծությունը ցույց է տալիս՝ նրանք կամ ուժային կառույցների ներկայացուցիչներ են, կամ բիզնեսմեններ, կամ «գողական աշխարհի ներկայացուցիչներ»: Զբաղվածության այս ոլորտները պատահական չեն ընտրված՝ շեշտադրված է տղամարդկանց ուժեղ, դոմինանտ դիրք զբաղեցնող, իշխող դերը:
Այս կերպարները ագրեսիվ առնականության դրսևորումներ են՝ ագրեսիայի, որ արտացոլվում է ոչ միայն այլ տղամարդկանց հետ փոխհարաբերություններում, այլև ընտանիքում և հատկապես ամուսնական փոխհարաբերություններում: Կոջոյանն ու Գևորգյանն ընդգծում են, որ այս համատեքստում կինը դառնում է միջոց, գործիք տղամարդու «առնականությունը» կերտելու, ընդգծելու, ակտիվացնելու համար: Հենց այս նպատակին են ծառայում հեռուստասերիալում պատկերված «հնազանդ», անօգնական, անաշխատանք ու անհեռանկար կանայք, որոնց ներկայությունն իսկ ավելի ցցուն է դարձնում նրանց կողքին գտնվող տղամարդկանց առնականությունը, ու ամփոփվում է ուժի, իշխանության, գերակա դիրքի մեջ:
Գենդերային բռնությունն այս համատեքստում ագրեսիվ առնականության մաս է դառնում, հայրիշխանական հասարակության կողմից տղամարդուն վերագրվող նորմատիվային վարքագծի մաս, բաղկացուցիչ:
Մասնավորապես, հետազոտության մեջ ընդգրկված հեռուստասերիալներից երկուսում՝ «Հարազատ թշնամի» և «Անցյալի ստվերներ», պատկերված տղամարդիկ մեծամասամբ ագրեսիվ առնականության կրողներ են: Նրանք ունեն «գողական աշխարհին» հատուկ խոսելաձև, շարժուձև, դեմքի արտահայտություն: Նրանց առնականությունը դրսևորվում է ավելի շատ ձևի, քան բովանդակության միջոցով: Վերադառնալով ընտանիք՝ հեռուստասերիալների այդ հերոսները վերարտադրում են իրենց՝ հանրային կյանքի դերն ու կերպարը: Պատահական չէ, որ «Հարազատ թշնամի» հեռուստասերիալի հերոսներից մեկը իր կնոջը հաճախ դիմում է «արա՛, ընգե՛ր», «արա՛, ախպե՛ր» արտահայտություններով: Սրանով նա իր՝ ամուսին-կին փոխհարաբերությունները տեղափոխում է իր համար ավելի հասկանալի ու ընկալելի տղամարդ-տղամարդ, այն էլ գողական տղամարդկանց շփման դաշտ:
Հետազոտողներն ընդգծում են, որ սերիալներում բռնություն կիրառողները կարող են հասարակության մեջ նպաստել ոչ միայն ոչ ճիշտ կին-տղամարդ հարաբերությունների ձևավորմանը, այլ նաև հասարակության մեջ հաճախ տղամարդու և առնականության մասին թերի կամ անհասկանալի պատկերի ձևավորմանը: Ավելին, համանմանությամբ կարող է ստեղծվել կամ տարածվել սոցիալական այն կարծիքը, որ այս երկու կատեգորիաները՝ բռնությունն ու առնականությունն, ուղղակիորեն կապված են մեկը մյուսի հետ:
Ուսումնասիրված հեռուստասերիալից երկուսի («Հարազատ թշնամի» և «Անցյալի ստվերներ») գրեթե բոլոր կանայք (Էմիլի, Բաբի, Լիլիթ, Ագնես, Ժակլին, Ռենա, Վարդուշ և այլոք «Հարազատ թշնամի» սերիալից, կամ, օրինակ, Մարիամ, Իզա, Սոնա, Շաքե, Աստղիկ՝ «Անցյալի ստվերներ» սերիալից) տնային տնտեսուհիներ են, գրեթե ամեն ներկայացվող սերիայում իրենց դժբախտ են զգում, անընդմեջ լացում են և դժգոհում, նրանց բոլորի ընտանիքներում անընդմեջ տիրում է վեճ և անախորժություն, հաճախ ենթարկվում են ստորացման (հրապարակայնորեն կամ առանձին), ինչպես նաև՝ ֆիզիկական բռնության։
Հեռուստասերիալներում բռնության տեսարանները պատկերված են բռնության տարատեսակներով՝ արհամարհանք, հայհոյանք, ստորացում, ահաբեկում, ինչպես նաև ֆիզիկական բռնության բազում տեսակներ: Ըստ կատարված հետազոտության՝ հեռուստասերիալներում գերակշռում է վերբալ բռնությունը (այդ թվում՝ հրապարակայնորեն նսեմացնելը, ստորացնելը կամ հայհոյելը), որն իր հերթին հասարակության անդամների կողմից ոչ միշտ է դիտարկվում որպես բռնություն կամ բռնության տեսակ:
Հետազոտության արդյունքները ամփոփելով՝ հետազոտողները գալիս են այն եզրահանգման, որ հասարակության մեջ կին-տղամարդ հարաբերության վերաբերյալ առկա կարծրատիպերը, ինչպես նաև բռնության դրսևորման-կիրառման հետ կապված ավելի են ամրապնդվում հենց հեռուստասերիալների միջոցով, իսկ իրենց անցկացրած հարցման մասնակիցների մեծ մասը դիտում է հեռուստասերիալներում առկա իրավիճակը որպես նորմալ և առօրեական երևույթ: