Մի կողմից` կանանց իրավահավասարությանն ուղղված միջոցառումները ձևակերպվում են քաղաքականության օրակարգում, մյուս կողմից` «հայկական ավանդական ընտանիք» հասկացության համատեքստում կնոջը վերագրվում են առավել պահպանողական և ավանդական դերեր: «Վերծանելով կնոջը արդի հայաստանյան քաղաքական դիսկուրսում» աշխատության մեջ նման եզրահանգում է անում հետազոտող Ռուզաննա Ծատուրյանը, ով ուսումնասիրել է կանանց իրավունքների վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից ընդունված իրավական ակտերը, ԱԺ առաջարկված օրինագծերը, քաղաքական կուսակցությունների ծրագրերը և քաղաքական գործիչների հանրային ելույթները։
Մասնավորապես, Ծատուրյանը նշում է, որ կառավարության ծրագրում ասված է, որ այն նախատեսում է իրականացնել գենդերային քաղաքականության ներդրման` կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների շարունակական ապահովում /կետ 3.4.1/, միաժամանակ, կառավարությունը խոստանում է «ակտիվորեն համագործակցել Հայ Առաքելական եկեղեցու հետ՝ հայ ընտանիքի բարոյական նորմերի պահպանման, մատաղ սերնդին անցանկալի ազդեցություններից զերծ պահելու և հայեցի դաստիարակություն տալու նպատակով»:
«Որևէ տեղում որևէ չափանիշներով սահմանված չեն «հայ ընտանիքի բարոյական նորմեր, մատաղ սերնդի անցանկալի ազդեցություններ» կամ «հայեցի դաստիարակություն» հասկացությունները, դժվար է չափել դրանց իրականացումը կառավարության գործունեության արդյունքում. ավելին, առաջանում է վտանգ՝ պայմանական գործողությունների և գնահատականների»,֊ գրում է Ծատուրյանը։
Նա եզրակացնում է, որ կանանց օրակարգը ձևավորվում է բացառապես մայրության ինստիտուտի համատեքստում, երբ քաղաքական փաստաթղթերը և քաղաքական գործիչները անդրադառնում են կնոջը «վերապահված» հիմնական գործառույթին ու դերին: Ինչպես սահմանում է ոլորտային պատասխանատու հիմնական գերատեսչությունը՝ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը, «Կանանց որպես հատուկ սոցիալ-ժողովրդագրական խումբ և սոցիալական աշխատանքի այցելուների յուրօրինակ կատեգորիա առանձնացնելու հիմնական հատկանիշը մանկածնության գործառույթն է»։
Համաձայն կուսակցությունների ծրագրերի վերլուծության՝ կուսակցական ծրագրերում հաճախ նկատվող երկատվածությունը իրավունքի և ավանդույթների հարթության ձևակերպումներում է: Որպես վառ օրինակ Ծատուրյանը առանձնացնում է ԲՀԿ կուսակցության ծրագիրը, որում մասնավորապես ասված է․ «Ժողովրդավարությանը և ազատականությանը դավանելու, արժեքային նոր համակարգի ձևավորմանը նպաստելու ձգտումով հանդերձ, ԲՀԿ-ն ազգային և ավանդական արժեքների պահպանության կողմնակից է` արժեքային այդ համակարգում կարևորելով ընտանիքը, եկեղեցին և պետությունը»:
Հետազոտության ընթացքում վերլուծության են ենթարկվել պաշտոնյաների շնորհավորական ուղերձները մարտի 8՝ կանանց տոնի և Ապրիլի 7՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Դրանցում, համաձայն հետազոտողի, կնոջը հաղորդվում է գեղեցկության և հմայքի օբյեկտ դիտարկվելու բովանդակություն։
«Ուղերձներ հրապարակողները որպես կանոն հանդես են գալիս «մենք»-ի դիրքերից՝ մի դեպքում որպես մենք՝ տղամարդիկս, մյուս դեպքերում որպես մենք՝ իշխանություն:
Ծատուրյանն առանձնացրել է շնորհավորական տեքստերից մի քանի հատվածներ․
«Դուք հնարավորություն եք տալիս մեզ՝ լիցքավորվել և հաղթահարել բոլոր դժվարությունները, որ այսօր առկա են մեր երկրում: Ձեր գեղեցկությունը մշտապես օգնում է մեզ առաջ շարժվել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում»․ Տիգրան Սարգսյան, ՀՀ նախկին վարչապետ
«Մաղթում եմ ընտանեկան ջերմություն, զավակների կողմից սիրված և գնահատված լինելու երջանկություն»․ Արթուր Նալբանդյան, Լոռու մարզպետ
«Նվիրումով շարունակեք ծառայել ձեր ընտանիքների բարօրության ու ամրության ազնվագույն գործին»․ Արմեն Ղուլարյան, Տավուշի մարզպետ
«Ի վերուստ տրված և սիրով ստանձնած ձեր մեծ առաքելությունը դուք ինքնանվիրումով ու արժանապատվությամբ եք կատարում որպես մայր, որպես կին, որպես քույր ու դուստր»․ Հովիկ Աբրահամյան, ՀՀ վարչապետ
«Անկեղծորեն ցանկանում եմ, որ մշտապես շրջապատված լինեք ուշադրությամբ ու հոգատարությամբ, սերն ու ջերմությունը, կանացի երջանկությունը ձեզ ուղեկցեն ամենուր»․ Սեյրան Օհանյան, Պաշտպանության նախարար
«Հայ կինը, հայ մայրն է հայ գենը հավերժ պահողը, այն հավիտենականությանը փոխանցողը»․Հրանուշ Հակոբյան, Սփյուռքի նախարար