Save the Children (Փրկե՛ք երեխաներին) կազմակերպությունը հերթական անգամ հրապարակել է World Mother's Index զեկույցը, որը ցույց է տալիս, թե որ երկներում մայրերի և երեխաների համար լավագույն և վատագույն պայմաններն են ստեղծված։ Հաշվի են առնվում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են մայրերի և մինչև 5 տարեկան երեխաների մահացությունների մակարդակը, դպրոցական կրթության տևողությունը, կանանց եկամուտները, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ֊ն, երկրի ղեկավարմանը մասնակցող կանանց տոկոսը։
Հետազոտությունը ներառել է 179 երկիր։ ԱՊՀ երկրներից մայրերի և երեխաների համար լավագույն պայմանները ստեղծված են վարկանիշային աղյուսակում 25-րդ տեղը զբաղեցրած Բելառուսում, որն առաջ է անցել Լիտվայից, Լեհաստանից ու ԱՄՆ֊ից։ Ռուսաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը, Ղազախստանը՝ 58-րդ, Ուկրաինան՝ 69-րդ, Մոլդովան՝ 81-րդ, Վրաստանը՝ 86-րդ, Ադրբեջանը՝ 90-րդ, Հայաստանը՝ 103-րդ, Ղրղզստանը՝ 107-րդ, Ուզբեկստանը՝ 118-րդ, Տաջիկստանը՝ 127-րդ։
Եթե Բելառուսում հղիության բարդացման դեպքերում մահանում է յուրաքանչյուր 45 հազար կնոջից մեկը, ապա Հայաստանում ու Ադրբեջանում մահանում է 1800-ից մեկը։ Երեխաների մահացության ցուցիչը Բելառուսում նույնպես ցածր է՝ 4.9 մահ 1000 նորածնից։ Ադրբեջանում 1000 նորածնից մահանում է 34.2 երեխա, Հայաստանում՝ 15։
Երեխաների ծննդի ու դաստիարակության համար լավագույն երկրներն են Նորվեգիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Դանիան, Շվեդիան, Նիդեռլանդները, Իսպանիան, Գերմանիան, Ավստրալիան ու Բելգիան։ Վարկանիշային աղյուսակի ստորին հատվածում են հայտնվել Սոմալին, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Մալին, Նիգերը։
Լուսանկարը՝ mercatornet.com