Մի խումբ վրաստանցի ֆեմինիստներ կիրակի՝ մայիսի 15֊ին, բողոքի ցույց էին կազմակերպել Թբիլիսիի Ռադիսոն Բլու հյուրանոցի դիմաց, որտեղ ընթանում էր Ընտանիքների համաշխարհային կոնգրեսի (ԸՀԿ) կազմակերպած համաժողովի բացման արարողությունը։
Ցույցը նախաձեռնել էին «Ֆեմինիստների անկախ խմբի» ակտիվիստներն ընդդեմ համաժողովի կազմակերպիչների այն պնդման, թե իրենք «ընտանեկան արժեքներ են քարոզում», ու պարզել պաստառներ «Ատելությունն ընտանեկան արժեք չէ», «Կանանց մի՛ ստիպեք ծնել անցանկալի երեխաների» և «Բռնաբարության ու աբորտների վերաբերյալ որոշումներ կայացնելը տղամարդկանց արտոնությունը չէ» գրություններով պաստառներ։
«Մեզ համար կարևոր էր մեր բողոքն արտահայտել այս միջոցառման դեմ, քանի որ այն հակասում է իրավունքներին ու ազատություններին, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա։ [ԸՀԿ֊ն] փորձում է իր արժեքները ներկայացնել որպես բնական ու լավ, իսկ մենք կարծում ենք, որ դրանք անմարդկային են։ Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ թեև մեր խումբը սակավաթիվ է, սակայն Վրաստանում դեռևս կան մարդիկ, որոնք դեմ են պնդումներին «բնական ընտանիքների» վերաբերյալ»,֊ Վրաստանում գործող Democracy & Freedom Watch (DF Watch) ծառայությանն ասել է «Ֆեմինիստների անկախ խմբի» անդամ Իա Բախտաձեն։
Ընտանիքների համաշխարհային կոնգրեսն ամերիկյան կազմակերպություն է, որի քարոզչությունը սահմանափակում է կանանց աբորտի ու բեղմնականխման իրավունքներն ու դեմ է ԼԳԲՏ անձանց համար բարենպաստ ցանկացած օրենքի ընդունմանը։ Տվյալ քաղաքականությունը, ըստ ԸՀԿ֊ի, ուղղված է «բնական ընտանիքի պահպանմանը»։
DF Watch-ն ԸՀԿ֊ի վերոնշյալ պնդումների մասին զրուցել է Կանանց նախաձեռնությունների աջակցման խմբի անդամ Նաթիա Գվիանիշվիլիի հետ․ «Խնդիրն այստեղ երկակի բարքերն ու կեղծ բարեպաշտությունն է։ Ես այս միջոցառումն անվանում եմ «Կեղծ բարեպաշտության համաշխարհային կոնգրես»։ Այս մարդիկ պնդում են, թե պաշտպանում են երեխաների իրավունքներն ու ընտանիքի ամրությունը, սակայն իրականում նրանք անտեսում են ընտանեկան բռնության, երեխաների դեմ սեռական ու ֆիզիկական բռնության ճգնաժամը։ Նրանք անտեսում են այն փաստը, որ նույնասեռական զույգերն ի վիճակի են լիովին նորմալ երեխաներ դաստիարակել։ Նրանք անտեսում են այն փաստը, որ ընտանիքի հիմքում ընկած է սերն ու խնամքը, այլ ոչ թե պարզապես մայրիկն ու հայրիկը»,֊ ասել է ակտիվիստը։
Մյուս խնդիրը, Գվիանիշվիլիի խոսքով, վերաբերում է կանանց վերարտադրողական իրավունքներին, այդ թվում՝ աբորտի, բեղմնականխման կամ արտամարմնային բեղմնավորման․ «Մենք ունենք բժշկություն և տեխնոլոգիաներ, որոնք մեզ թույլ են տալիս օգնել անպտուղ զույգերին երեխաներ ունենալու հարցում։ Այս մարդիկ, սակայն, դեմ են տվյալ մեթոդների կիրառմանը․ եթե զույգն ի վիճակի չէ երեխա ունենալ «բնական» եղանակով, ապա այն դատապարտված է։ Ինչ վերաբերում է աբորտին, ապա դա իրավունք է, որը պետք է հասանելի լինի [կանանց]։ Եթե աշխատենք հակաբեղմնավորման մեթոդների տարածման ուղղությամբ, ապա կնվազեցնենք աբորտների թիվը, սակայն մենք երբեք չենք խոսում կանխարգելման ձևերի մասին, այլ միայն՝ արգելքների։ Ես հոգնել են տղամարդկանց կողմից ղեկավարվող հարուստ կազմակերպություններից, որոնք սահմանում են իմ վերարտադրողական իրավունքները»։