Ամերիկյան Վիսկոնսին նահանգում ոստիկանները կրակ են բացել սև տղամարդու ուղղությամբ, ով՝ իրենց պնդմամբ, մեղադրվում է ընտանեկան բռնության հետ կապված միջադեպում ներգրավված լինելու մեջ։ Նահանգի տարբեր քաղաքներում դեպքի հետ կապված զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել։
Վիսկոնսին նահանգի Կենոշա քաղաքի բնակիչ, 29-ամյա աֆրոամերիկացի Ջեյքոբ Բլեյքն այժմ հիվանդանոցում է։ Վիճակը գնահատվում է ծանր։
Ականատեսների նկարահանած տեսանյութում ենթադրաբար երևում է այն պահը, երբ ոստիկանները մեջքից կրակում են Բլեյքի ուղղությամբ, երբ նա փորձում էր մեքենա նստել։
Ի նշան բողոքի, հարյուրավոր քաղաքացիներ երթով շարժվել են դեպի ոստիկանության քաղաքային գլխավոր վարչություն՝ վանկարկելով «Չենք հանձնվելու»։
Երթի ընթացքում ցուցարարները ոստիկանական բաժանմունքի մոտ կայանած մի քանի մեքենա են այրել։ Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։ Կենոշա քաղաքում պարետային ժամ է հայտարարվել։
24 ժամ աշխատող հաստատություններին ոստիկանությունը կոչ է արել ժամանակավոր փակվել՝ «զանգվածային անկարգությունների արդյունքում չտուժելու համար»։
Վիսկոնսինի նահանգապետ, Ժողովրդավարական կուսակցության անդամ Թոնի Էվերսը դատապարտել է ոստիկանների կողմից անզեն Բլեյքի նկատմամբ հրազենի կիրառությունը։
«Մենք դեմ ենք Վիսկոնսինի սև բնակչության նկատմամբ անհամաչափ ուժի կիրառությանը», – հայտարարել է նահանգապետը։
Նահանգի ադմինիստրացիան քննություն է սկսել միջադեպին մասնակից ոստիկանների նկատմամբ։ Նրանք աշխատանքից ազատվել են։
Հիշեցնենք, որ մայիսին Վիսկոնսինի հարևան նահանգում՝ Մինեսոտայում, ձերբակալության ժամանակ ոստիկանների կողմից սպանվել էր աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը։ Ոստիկանը, ով 8 րոպե շարունակ ծնկով խեղդել է Ֆլոյդին, մեղադրվում է սպանության մեջ։ Այս դեպքից հետո Ամերիկայի մի շարք նահանգներում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ Black Lives Matter («Սև կյանքերը կարևոր են») կարգախոսով։