Ամերիկայի Վիսկոնսին նահանգի Կենոշա քաղաքի բողոքի ակցիաների երրորդ օրն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով ու հրաձգությամբ․ ցուցարարներից երկուսը սպանվել են, ևս մեկը վիրավորվել է։ Օգոստոսի 23-ին ոստիկանները կրակ էին բացել անզեն աֆրոամերիկացի Ջեյքոբ Բլեյքի ուղղությամբ։
Կենոշայի բնակիչ, 29-ամյա աֆրոամերիկացի Ջեյքոբ Բլեյքն այժմ հիվանդանոցում է։ Վիճակը գնահատվում է ծանր։
Ականատեսների նկարահանած տեսանյութում ենթադրաբար երևում է այն պահը, երբ ոստիկանները մեջքից կրակում են Բլեյքի ուղղությամբ, երբ նա փորձում էր մեքենա նստել։
Միջադեպը տեղի է ունեցել ոստիկանների կողմից 46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից երեք ամիս անց։ Ֆլոյդի սպանությունից հետո Ամերիկայի մի շարք նահանգներում հակառասիստական և ոստիկանական ամենաթողությունների դեմ զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել՝ «Black lives matter» (Սև կյանքերը կարևոր են) կարգախոսով։
Ոստիկանության քաղաքային վարչության փոխանցմամբ, իրավապահ մարմինների ներկայացուցիչները ցույցի վայր են ժամանել երեքշաբթի օրը տեղական ժամանակով 23:45-ին՝ հրաձգության մասին ստացված հաղորդագրությունից հետո։
«Երկու քաղաքացի մահացել է։ Եվս մեկը հիվանդանոց է տեղափոխվել՝ լուրջ, բայց կյանքի հետ համատեղելի վիրավորմամբ», – ասվում է ոստիկանական բաժանմունքի հայտարարության մեջ։
Դեռևս պարզ չէ, թե ով ում վրա էր հարձակվել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, վեճ է սկսվել ոստիկանական ամենաթողությունների դեմ ցույցի մասնակիցների և բենզինի լցակայանի աշխատակիցների միջև։
Այսօր սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով մարդիկ վազում երկար հրազենային զենքով մարդու հետևից։ Զինված տղամարդն ընկնում է, կրակում է իրեն հետապնդողների ուղղությամբ։ Նրանցից մեկը ևս ընկնում է։ Տեսանյութում հնչում են ևս մի քանի ֆոնային կրակոցներ։ Հավանաբար մի քանի վայրկյան անց արված մյուս տեսանյութում զինված տղամարդը պահում է գետնին նստած, ձեռքի հրազենային վնասվածքով մեկ այլ տղամարդու։ Շուտով նրանց են մոտենում ոստիկանները։
Շերիֆի գրասենյակից առանձին գործող Կենոշայի ոստիկանական վարչությունն ականատեսներին կոչ է արել դեպքի հետ կապված վկայություն տալ։
Ցուցարարները՝ անտեսելով քաղաքում հայտարարված պարետային ժամի սահմանափակումները, գիշերը հավաքվել էին դատարանի շենքի դիմաց։ Զրահապատ հագուստով ոստիկանները ցուցարարներին ցրելու համար լուսաձայնային նռնակներ ու ռետինե փամփուշտներ են կիրառել։