Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից մարտի սկզբին սահմանված կարանտինային սահմանափակումների պատճառով, Ռուսաստանում աշխատանքից զրկված Ադրբեջանի քաղաքացիները պատանդ էին մնացել դաղստանյան սահմանամերձ Քուլար գյուղում։ Այդտեղ հավաքված մարդկանց, իշխանությունների գործողությունների ու ոստիկանության հետ բախումների մասին գրում է «Կավկազսկիյ ուզելը»։
Համավարակն ու միգրացիան
Ռուսաստանում գարնանը սկսված կտրուկ տնտեսական անկման, չգնաժամի ու կարանտինային սահմանափակումների ֆոնին, աշխատանքը կորցրած օտարերկրյա միգրանտները հայրենիք վերադառնալու ձևերի էին փնտրում։ Այդ թվում էին նաև ադրբեջանցի աշխատանքային գաղթականները։
Մարտի 18-ից սկսած որոշում էր կայացվել ժամանակավորապես դադարեցնել Ադրբեջան֊Ռուսաստան և Ռուսաստան֊Ադրբեջան ուղևորափոխադրումները։ Սահմանը փաստացի փակ էր։
Չարտերային թռիչքով մարտի 19-ին Մոսկվայից Բաքու են մեկնել ավելի քան 700 ադրբեջանցիներ։ Բայց այդ հնարավորությունն ունեին ոչ բոլորը․ Բաքու հասնելու համար նախ պետք էր Մոսկվա հասնել, որից հետո պետք էր բավարար գումար ունենալ ավիատոմսերի համար։ Շատերը որոշեցին հայրենիք հասնել ցամաքային ճանապարհով։ Ապրիլի 13-ին Դաղստանի Մագարամկենտսկի շրջանում Ադրբեջան վերադառնալ ցանկացող շուրջ 250 մարդ էր հավաքվել։
Վերադարձ տուն
Ադրբեջանի կառավարության օպերատիվ շտաբի հաղորդագրության համաձայն, ապրիլի 20-22-ը սահմանային անցակետում բացված հատուկ միջանցքով հայրենիք են վերադարձել 548 քաղաքացիներ։ Ավելի քան հարյուր հոգանոց երկրորդ խումբը սահմանը հատելու հնարավորություն ստացել է մայիսի 26-ին։ Այդ ժամանակ Քուլար գյուղում հավաքված Ադրբեջանի քաղաքացիների թիվը գերազանցում էր 900-ը։ Հետագայում սահմանն անցնելու իրենց հերթին սպասողների թիվն ավելանում ու պակասում էր, երբեմն անցնելով 1000-ը։
Հունիսին տույն վերադառնալու հնարավորություն ընձեռնվեց 657 քաղաքացիների։ Օգոստոսի 18-ին Քուլարում ստեղծված վրանային ճամբարում շուրջ 800 մարդ էր բնակվում։ Ռուսաստանի շրջաններում սեզոնային աշխատանքների ավարտի հետ կապված ակնկալվում է, որ այդ թիվը շուտով կավելանա։
Հացադուլ և ցույցեր
Հունիսի 3-ին մի քանի տասնյակ քաղաքացիներ հացադուլ էին հայտարարել՝ պահանջելով արագացնել սահմանը անցնելու թույլտվության տրամադրման կարգը։ Հունիսի 8-ին հացադուլավորների թիվը հասել էր 150-ի։ Ավելի ուշ հացադուլը դադարեցվել էր։ Դերբենտի մարզի իշխանություններն Ադրբեջանի կառավարությանը խնդրել էին մեծացնել հայրենիք վերադառնալու հնարավորություն ունեցող քաղաքացիների թույլատրելի թիվը։ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին, որ դա հնարավոր չէ․ «վերադարձը կազմակերպվում է աստիճանաբար՝ ենթակառուցվածների պատրաստությունն ու պարտադիր կարանտինային միջոցառումները կազմակերպելու հնարավորությունը ապահովելու համար»։
Մայիսի կեսերից հավաքված քաղաքացիները բողոքի ցույցեր սկսեցին։ Ականատեսների վկայությամբ, դրանք ավարտվում էին հավաքված քաղաքացիների և ոստիկանների միջև լեզվակռիվներով, որոնցից հետո առավել ակտիվ ցուցարարներին բռնում ու դատապարտում էին մի քանի օրվա ազատազրկման։
Հունիսի 15-ի երեկոյան, անորոշությունից հոգնած ավելի քան 400 քաղաքացիներ դուրս էին եկել Քուլարի ասֆալտի գործարանի դիմացի հրապարակ և երթով շարժվում էին դեպի սահմանային անցակետ։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները քաղաքացիներին կանգնացնելու համար մահակներ ու արցունքաբեր գազ էին կիրառում, ինչին ի պատասխան մարդիկ մետաղե առարկաներ էին նետում ոստիկանների ուղղությամբ։
Արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել 7 ոստիկան և 10 քաղաքացի։ 83 ցուցարար դագտապարտվել էր 10 օրվա վարչական կալանքի, 10 ադրբեջանցիների նկատմամբ քրեական գործ էր հարուցվել իրավապահ մարմնի ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով։
Իշխանությունների վերաբերմունքը
Ադրբեջանի սահմանը հատելու րգելքի համար սահմանված ժամկետը բազմիցս երկարաձգվել է և շարունակվում է մինչև օրս։
Մայիսի 30-ին Ադրբեջանի կառավարության մամուլի քարտուղար Իբրահիմ Մամեդովը հայտարարել է, որ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու խնդիրը պայմանավորված է կարանտինային գոտիներում նրանց բնակեցման սահմանափակ հնարավորություններով․
«Ադրբեջանի քաղաքացիների վերադարձը՝ թե՛ Դաղստանից, թե՛ Թուրքիայից, կախված է մեր երկրում կարանտինային զոնաների հնարավորություններից։ Մեկ շաբաթվա ընթացքում մենք արտասահմանից կարող ենք ընդունել 200-500 գաղթականների՝ պայմանով, որ նրանք բնակեցվելու են հատուկ կարանտինային գոտիներում»։
Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ ադրբեջանցի գաղթականների սահմանահատման խնդիրները պայմանավորված են բացառապես ադրբեջանական կողմի որոշումներով։