Կիրակի՝ օգոստոսի 30-ին, Չեռնոգորիայի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր ուժերը համատեղ հավաքել են ձայների ավելի քան հիսուն տոկոսը։ Իշխող Սոցիալիստների ժողովրդավարական կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 35 տոկոսը։ Այս մասին վկայում են Մոնիթորինգի և հետազոտությունների կենտրոնի (CEMI) էքզիթփոլերի արդյունքները։
Քվեաթերթիկների ավելի քան 90 տոկոսի հաշվարկման արդյունքում պարզվել է, որ իշխող կուսակցությունը հավաքել է քվեների 35,20 տոկոսը, «Հանուն Չեռնոգորիայի ապագայի» կոալիցիան՝ 32,51 տոկոսը, շուրջ 18 տոկոս ձայներ ստացել են «Մեր ազգությունը խաղաղությունն է» և «Սևով սպիտակի վրա» բլոկները։
Արդյունքում, իշխող կուսակցությունը Չեռնոգորիայի միապալատ 81 հոգանոց խորհրդարանում ստանում է 30 մանդատ, իսկ ընդդիմադիր միացյալ կոալիցիան, որի կազմում է նաև «Ժողովրդավարական ճակատ» ռուսամետ կուսակցությունը, կարող է հավակնել 41 խորհրդարանական տեղերի։
«Հանուն Չեռնոգորիայի ապագայի» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Զդրավկո Կրիվոկապիչն արդեն հայտարարել է ընդդիմության հաղթանակի մասին։
Նախագահ Միլո Ջուկանովիչը հայտարարել է, որ դեռևս չի ճանաչում իշխող կուսակցության պարտությունը և կոչ է անում համբերատար սպասել պաշտոնական տվյալների։
Արդեն նախընտրական փուլում ընդդիմադիր երեք կոալիցիաները հայտարարել էին միավորման մտադրության մասին։ Նպատակն էր համատեղ ուժերով պաշտոնանկ անել գործող նախագահ Ջուկանովիչին, ով նախագահի պաշտոնը զբաղեցնում է մոտ 30 տարի։ Քննադատները նրան բազմիցս մեղադրել են կոռուպցիայի, անկախ լրատվամիջոցների նկատմամբ հետապնդումների, գրաքննության, ընտրակեղծարարության մեջ։
Փորձագետները ընտրությունների այսպիսի արդյունքներն ու իշխող կուսակցության պարտությունը կապում են անցյալ տարվա դեկտեմբերին ընդունված դավանանքի ազատության մասին օրենքի հետ, որով նախատեսվում է պետականացնել կրոնական համայնքներին պատկանող հողերը։ Սերբ ուղղափառ եկեղեցու սեփականությանը սպառնացող օրենքը ընդունումը երկրում զանգվածային բողոքի ցույցերի պատճառ էր դարձել։