Home / Մարզեր / Ռուսաստանում մեկնարկել է հանրաքվեի տնազը

Ռուսաստանում մեկնարկել է հանրաքվեի տնազը

Այսօրվանից՝ հունիսի 25-ից, Ռուսաստանում մեկնարկում է Սահմանադրական փոփոխությունների համառուսական քվեարկությունը։ Առաջին անգամ այն շարունակվելու է յոթ օր և իրականացվելու է հակահամավարակային հատուկ միջոցառումների կիրառմամբ։ Ագիտացիայի սովորական կանոնները չեն գործում, արդյունքները բողոքարկելու հնարավորություն չի լինի։

Ընտրական կարգը

Ռուսաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը կշարունակվի մեկ շաբաթ։ Պաշտոնապես դա բացատրվում է հակահամաճարակային սահմանափակումներով․ ընտրատեղամասերում մեկ օրում շատ մարդկանց հավաքվելու փոխարեն քվեարկությունը կտևի մեկ շաբաթ՝ առանց կուտակումների։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշում է, որ յուրաքանչյուր տեղամաս ժամում ընդունում է 8-12 քաղաքացու։

Նախատեսվում է ժամը մեկ տեղամասերը փակել 10 րոպեով՝ մաքրման համար։ Այդ ընթացքում բոլոր ներկաները պետք է դուրս գան։

Քվեարկել կարելի է ոչ միայն ընտրատեղամասերում, այլև տանը։ Դրա համար անհրաժեշտ էր մինչև հունիսի 21-ը լրացնել «Պետծառայությունների» հայտադիմումը կամ գրանցվել ընտրական հանձնաժողովում։ այդ դեպքում ԿԸՀ աշխատակիցը կայցելի ընտրողի բնակարան, երկու մետր հեռավորությունից կստուգի անձնագրային տվյալները, կվերցնի քվեաթերթիկն ու ակղով կգնա հաջորդ ընտրողի հետևից։

«Գոլոս» և «Սոնար» դիտորդական կազմակերպություններն ահազանգում են, որ քվերակությունը մեկ օրվա փոխարեն մեկ շաբաթ անցկացնելը մեծացնում է ընտրախախտումների հավանականությունն ու բարդացնում հսկողությունը։ Դիտորդները չեն կարողանա վերահսկել քվեատուփերի անձեռնմխելիությունը գիշերները՝ տեղամասի փակվելուց հետո, և մաքրման 10 րոպեանոց ընդմիջումների ժամանակ։ Իսկ տնային այլցերին հետևելը գրեթե անհնարին կլինի։

Մոսկվայի և Նիժնի Նովգորոդի մարզի բնակիչները կարող են քվեարկել նաև առցանց՝ մինչև հունիսի 21-ը համապատասխան հայտադիմումը լրացնելու դեպքում։

Մոսկվայում էլեկտրոնային քվեարկության համար գրանցվել էր ընտրողների շուրջ 15 տոկոսը՝ մոտ 1,09 մլն քաղաքացի՝ 7,3 մլն ընտրողներից։ Չնայած էլեկտրոնային քվեարկության նկատմամբ մարդկանց ցածր հետաքրքրության, պետպաշտոնյաները կարծում են, որ մարդիկ կմասնակցեն ընտրատեղամասերում կատարվող քվեարկությանը։

Նիժնի Նովգորոդի մարզում առցանց ընտրությանը մասնակցելու ցանկություն է հայտնել ընտրողների 5,6 տոկոսը։ Էլեկտրոնային քվեարկությունը կշարունակվի հունիսի 25֊ից 30֊ը։

Կրկնաքվեարկության հնարավորություն

Լրագրող և «Դոժդ» ալիքի հաղորդավար Պավել Լոբկովին հաջողվել է Սահմանադրական փոփոխությունների համար քվեարկել երկու անգամ լրագրողը մի անգամ անձնագրով ներկայացել է ընտրատեղամաս, այնուհետև՝ մասնակցել առցանց ընտրությանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան լրագրֆողի կրկնաքվեարկությունն ու այդ մասին հրապարակումը որպես «սադրանք» է որակել, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Հատուկ մտածված «նվերներ» են պատրաստել․ մտածված գնում են երկու անգամ քվեարկելու», – հայտարարել է ԿԸՀ նախագահը, մեկնաբանելով Լոբկովի հրապարակումը։

ԿԸՀ փոխնախագահ Նիկոլայ Բուլաևը նշել է, որ կրկնաքվեարկություն հնարավոր է, եթե «ոմանք չկատարեն իրենց մասնագիտական պարտականությունները»։ Նրա խոսքով Լոբկովը վարչական իրավախախտում է գործել։

«Գործընթացին ծանոթ եք․ էլեկտրոնային քվեարկության համար գրանցվածների անունները պետք է հեռացվեին ընտրատեղամասերի ցուցակներից։ Մենք կպարզենք, թե ինչու պարոն Լոբկովի անունը չի հեռացվել», – հավելել է Բուլաևը։

Դիտորդություն

Այս քվեարկության դիտորդներին ընտրել է Հասարակական պալատը (ՀՊ)։ Եթե նախկինում քաղաքական կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները կարող էին ազատորեն դեպի տեղամասեր ուղղորդել իրենց դիտորդներին, ապա այժմ նրանք ստիպված են առժանանալ ՀՊ հավանությանը։ Այս սահմանափակման պատճառով մի շարք կազմակերպություններ, նաև «Յաբլոկո» կուսակցությունն ու ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու կողմանկիցները, հրաժարվեցին դիտորդական առաքելությունից։

Քվեարկության դիտորդության հասարակական շտաբը հրապարակել էր ՊՀ֊ի ներկայացրած վիճակագրությունը, որի համաձայն հայտադիմում ներկայացրած 20 հազար քաղաքացիներից միայն 400-ն էին անկախ դիտորդներ։ Հիմնականում իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության և համակարգային ընդդիմության՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության և «Արդար Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչներ էին։

«Ոչ»֊ի քարոզարշավի և հետագա բողոքարկման արգելքը

Երբ «Ոչ» շարժման անդամները դիմել էին ԿԸՀ ագիտացիայի հնարավորության ստանալու պահանջով, հանձնաժողովը պատասխանել էր, որ այս քվեարկության հետ կապված ցանկացած տեսակի ագիտացիա արգելվում է։ Թույլատրվում է միայն տեղեկություններ տարածել հանրաքվեի իրականացման մասին։

Արդյունքները գրեթե անհնար կլինի բողոքարկել։ Եթե այլ ընտրությունների դեպքում թեկնածուներն ու կուսակցությունները կարող են դատարան դիմել արդյունքների վերանայման համար, ապա այս քվեարկության հետ կապված հարցերը կարող են քննվել բացառապես Սահմանադրական դատարանում, այն էլ՝ միայն համապատասխան դիմումի ներկայացումից հետո։ այդպիսի դիմում ներկայացնելու լիազորություն ունեն նածագահը, Պետական դուման, Դաշնային խորհուրդը կամ տեղական ինքնակարավարման մարմինները։

Երկրում համաճարակային իրավիճակը հաշվի առնելով, որոշ ընտրատեղամասեր տեղակայվել են բակերում։