Home / Ոստիկանություն / «Մեզ ժամկետանց նախագահ պետք չէ»․ պիկետ Պետերբուրգում

«Մեզ ժամկետանց նախագահ պետք չէ»․ պիկետ Պետերբուրգում

Երեկ՝ մարտի 15-ին, Սանկտ Պետերբուրգում ակտիվիստները հավաքվել էին Սահմանադրական դատարանի մոտ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած Սահմանադրական փոփոխությունների առաջարկին դեմ կազմակերպված «Սահմանադրության թաղում» անվանված ակցիան ավարտվել է ձերբակալություններով։

Բերման է ենթարկվել նաև տեղական քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Կասատկինը (Վասիլևսկի շրջանից)։ «ՕՎԴ-Ինֆո» իրավապաշտպանական նախաձեռնության տվյալներով, ընդհանուր առմամբ ձերբակալվել է 25 ցուցարար։

Մեխակներն ու Գալիչի բանաստեղծությունները

Պատգամավոր Կաստակինը դատարանի շենքի դիմաց Ալեքսանդր Գալիչի բանաստեղծություններից էր կարդում, փորձում էր ցուցարարներին պաշտպանել ձերբակալությունից։ Հետո պատգամավորը պիկետի է կանգնել ու բերման ենթարկվել։ Ձերբակալության պահը ֆիքսել է պետեբուրգյան դումայի պատգամավոր Մաքսիկ Ռեզնիկը։

Պատգամավորը ցույց է տվել պաշտոնը հաստատող փաստաթուղթը, որին սակայն, ոստիկանությունն ուշադրություն չի դարձրել։

«ՕՎԴ-Ինֆո»-ի փոխանցմամբ, ձերբակալվածներին ոստիկանության երեք տարբեր բաժանմունքներ են տեղափոխել։ Ցուցարարներից մեկին տարել է շտապօգնության մեքենան, ակտիվիստ Ռոման Սամոյլովը ծեծի է ենթարկվել։

Բերման է ենթարկվել նաև «Բաց Ռուսաստան» ընդդիմադիր կազմակերպության նախագահ Անաստասիա Բուրակովան։ Վերջինս Բի-բի-սի-ին պատմել է, որ իրեն ձերբակալել են 1993 թվականի Սահմանադրության հիշատակին մեխակներ դնելու պահին։

«Սա արդեն երրորդ մեմորիալն էր։ Մինչև այդ Սահմանադրական դատարանի շեմքի մոտ ևս երկու անգամ ծաղիկներ ենք բերել, բայց ինչ որ քաղաքացիական հագուստով մարդիկ տարել են»,-պատմել է ակտիվիստը։

Իրավաբականակն կրթություն ունեցող Բուրակովան պնդում է, որ իր ձերբակալությունը տեղի է ունեցել մի շարք անօրինություններով։

Պիկետներ

Սահմանադրական դատարանի շենքի մոտ ծաղիկներ դնելուց հետո միանձնյա պիկետներ սկսվեցին դիմացի մայթին գտնվող Պետրոս Առաջինի արձանի մոտ։

Ոստիկանության աշխատակիցները սկսել են մեգաֆոնով հայտարարել, որ պիկետների ժամանակ չի կարելի կանգնել 50 մետրից ավելի մոտ։ Ներկաներից մեկի փոխանցմամբ, մարդիկ պարզապես հերթ էին կանգնել՝ պիկետին մասնակցելու համար։

Պաստառների վրա այսպիսի կարգախոսներ էին․
– «Սահմանադրական փոփոխությունների նպատակը ամեն ինչ անելն է մարդու համար, մարդու անունով, հանուն մարդու։ Մենք այդ մարդկանց անունն անգամ գիտենք»;

– «Սահմանադրական դատարանի դատավորնե՛ր, մի դարձեք Սահմանադրության գերեզմանափորները։ Իրավաբան մնալու ձեր վերջին շանսը այս փոփոխությունների հաակսահմանադրական բնույթի մատնանշումն է»;

– «Ժամկետների զրոյացումն իշխանության ուզուրպացիա է»;

– «Զրոյացրեք քաղբանտարկյալների ժամկետները»;

– «Մեզ ժամկետանց նախագահ պետք չէ»։

Պիկետի ժամանակ ձերբակալվածներից է «Պետերբուրգի դիտորդներ» հասարակական կազմակերպության համակարգող Մարիա Մոլդովսկայան (մասնակցել է 2019-ի մարզպետի և այլ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ որպես հանձնաժողովի անդամ)։

Tekali Taxi