Դատարանի որոշմամբ «Ցանցի» գործով մեղադրվող Պենզայի անտիֆաշիստներից 7-ը դատապարտվեցին 6-18 տարի ազատազրկման՝ ընդհանուր կամ խիստ ռեժիմով։
«Ցանց» կոչվող խմբավորման գործով ձերբակալվել է 11 հոգի։ Նրանք մեղադրվում են ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու և երկրում հասարակական ցնցումներ ծրագրելու մեջ։ Մեղադրանքի համաձայն, երիտասարդները պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել Ռուսաստանի տարբեր շրջաններում, խանգարել նախագահական ընտրություններին։
Երեք դատավորների համատեղ որոշմամբ 27-ամյա Դմիտրի Պչելինցևը և 23-ամյա Իլյա Շակուրսկին ճանաչվեցին խմբավորման կազմակերպիչներ։ Նրանք դատապարտվեցին համապատասխանաբար 18 և 16 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմով։ Շակուրսկուն նաև տույժ նշանակվեց՝ 50 հազար ռուբլու չափով։
Արգելված խմբավորմանն անդամակցելու համար 25-ամյա Մաքսիմ Իվանկինը դատապարտվեց 13, 30-ամյա Անդրեյ Չերնովը՝ 14, 25-ամյա Միխաիլ Կուլկովը՝ 10 տարվա խիստ ռեժիմով ազատազրկման։ 31֊ամյա Վասիլիյ Կուկսովը դատապարվեց 9, իսկ Արման Սաղինբաևը՝ 6 տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմով։
Դատավոր Յուրի Կլուբկովը վճռի եզրափակիչ մասն ընթերցել է առանց մեղադրական եզրակացության բացատրության։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայության աշխատակիցներն անտիֆաշիստներին Պենզայում բերման էին ենթարկել 2017-ի աշնանը՝ նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ։ Նույն գործով մի քանի մեղադրյալներ բերման են ենթարկվել Սանկտ Պետերբուրգում։ Բոլորը մեղադրվում են զինված խմբեր ստեղծելու և ոստիկանական բաժանմունքների ու «Միասնական Ռուսաստան» կուսակցության շտաբերի վրա հարձակումներ ծրագրելու մեջ։
Մեղադրյալները պատմում են, որ իրենց կտտանքների էին ենթարկում խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով։ Պչելինցևը, Շակուրսկին, Չերնովը և Սագինբաևը պատմում են էլեկտրաշոկերների կիրառության մասին։ Վիկտոր Կուկսովը Պենզայի մեկուսարանում գտնվելու ընթացքում տուրբերկուլյոզ է տարել։ Պետերբուրգում ձերբակալված Վիկտոր Ֆիլինկովը Մարդու Իրավունքների միջազգային դատարանի իր բողոքում պատմել է էլեկտրական հոսանքով տանջանքների, սննդից, ջրից ու քնից զրկված լինելու և այլ կտտանքների մասին։