Հյուսիս֊հարավ ավտոմայրուղու կառուցման համար քանդում են Բաբաջանյան 10 հասցեի մոտ գտնվող ավտոտնակները։ Բնակիչները բողոքում են, որ ավտոմայրուղին անցնում է իրենց շենքերի կողքով և առաջացնելու է բազմաթիվ խնդիրներ։ Նրանք ավտոտնակները վաճառել են դեռ տարիներ առաջ, փոխհատուցում են ստացել, սակայն նրանցից ոմանք դժգոհ են. նշեցին, որ իրենց չեն փոխհատուցել ըստ կարգի։
«Ստորագրել եմ, բայց չեմ իմացել, որ 600000 փող ա հասնում էս գառաժի համար։ Չեմ կարդացել պայմանագիրը, բայց արհեստանոցներին 600 հազար փող են տվել, իսկ ես չեմ իմացել։ ․․․Դատարան չենք դիմել, դիմել ենք հյուսիս֊հարավի կազմակերպիչներին, իրենք էլ մերժել են, ասել են՝ ուշացել եք», ֊ նշում է բնակիչներից մեկը։
Բնակիչները ասում էին, որ ավտոտնակները իրենք վաճառել են՝ չունենալով այլ ելք։
Նրանցից մեկի խոսքով՝ դեռ տարիներ առաջ եղած նախագծով ավտոմայրուղին պետք է անցներ ավտոտնակների հետևի հատվածով, սակայն հետագայում փոփոխվել է և այս պահին այն պետք է անցնի իրենց շենքերի կողքով։
Բնակիչների համար խնդիրները բազմաթիվ են՝ անվտանգությունը, շենքերի սեյսմակայունությունը, աղմուկը, փոշին, ինչպես նաև մայրուղին, ըստ նրանց, հարմար չէ, իրենք չեն կարող օգտվել և դժվարություններ է առաջացնելու․ «Բա մեր երեխեքը, մեր փոքր թոռները որտեղ են խաղալու։ Ուրիշները խաչմերուկի հաշվին իրանց ռեստորանն են մեծացնում։ Ինչի՞ ոչ մի բան չեն անում»։
Շենքի բնակիչ Արամ Մանուկյան նշում է․ «Մենք էս շենքի բնակիչ ենք, մենք ցանկանում ենք, որ փողոցը հարմար սարքեն, որ մենք կարողանանք ստեղ ապրենք։ Բազմիցս գնացել ենք իրենց հետ զրուցել ենք։ ․․․Ես առաջին հարկի բնակիչ եմ։ Ասում են բարձր պատնեշ կդնենք։ Առանց էն էլ մեր շենքը ծմակ տեղ ա, փոսի մեջ ա․․․»։
Բնակիչները վստահ են, որ հնարավոր է այլ լուծում գտնել, սակայն նրանց խոսքով այս տարբերակն ավելի մատչելի է գումարային առումով և, պարզապես, գումար չծախսելու համար որոշում է կայացվել այստեղով անցկացնել ճանապարհը։
Նրանցից ոմանք նշում էին, որ դատարան չեն դիմել, որովհետև չեն վստահում դատարններին՝ «Հիմա մեր դատարնները էն վիճակում ա, չես հասկանում՝ դատարան կա, թե՞ չկա», ոմանք էլ ասում են, որ «դատարան դիմելը մեծ վնաս կհասցնի պետությանը»։
«Թերթում տպվեց, որ կենտրոնը կազատվի, երբ որ էս թաղամասի ճանապարհը բացվի։ Ստացվում է, որ կենտրոնի բարեկեցությունը, որ իրենք լավ վիճակում լինեն, աղմուկը քիչ լինի, փոշին քիչ լինի, ծուխը քիչ լինի, էս բերում են մեր թաղամասի վզին են փաթաթում», ֊ զայրանում է Բաբաջանյան 10֊ի բնակիչը։
Այս պահին քանդում են ավտոտնակների մի մասը։ 1in.am֊ի փոխանցմամբ՝ ոստիկանական ուժեր են կուտակված թե՛ Բաբաջանյան 10 հասցեի ավտոտնակների մոտ, թե՛ հարակից փողոցներում։
Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ամիսներ առաջ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում՝ բնակիչների ներկայացուցիչների մասնակցությամբ, խնդիրները լսվել են և հնարավորինս փոխզիջումային տարբերակներ առաջարկվել․
«Նախկին նախագծով ճանապարհը բարձրության վրա էր անցնում և մուտքեր, ելքերը անբավարար էին։ Նոր նախագծով ավելացվել են մուտքեր, ելքեր, ավելացվել է վերգետնյա անցում և ճանապարհը բարձրությունից իջել է ներքև։
Անկախ նրանից նախագծի մեջ փոփոխություններ կլինեն, թե չեն լինի, դրա հետ կապված չէ ավտոտնակների ապամոնտաժումը, որովհետև, ինչպես հայտնի է, քաղաքապետարանը Ասիական զարգացման բանկի հետ համատեղ 16-17 թվականների ընթացքում էս տարածքները իրացրել է, և փոխհատուցումներ բավարար չափով տրվել են»։