Հայաստանի գլխավոր դատախազության փոխանցմամբ, քրեական գործ է հարուցվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ: Պետությանը պատճառված նախնական հաշվարկված վնասը կազմում է շուրջ 23.7մլրդ դրամ:
Քրեական գործի տվյալներով, իրավասու անձանց կողմից թույլ տրված տարաբնույթ խախտումների պատճառով շուրջ 10 տարվա ընթացքում չեն ավարտվել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները, չեն իրականացվել ակնկալվող նպատակներն ու արդյունքները։
Ինչպես գլխավոր կապալառուի ընտրության, այնպես էլ մյուս մրցույթներում սահմանված կանոնների կոպիտ խախտման արդյունքում հաղթող են ճանաչվել հավասար պայմաններում ավելի բարձր գին առաջարկած կազմակերպությունները, որոնք ձախողել են Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման Ծրագիրը, խախտել բոլոր ժամկետներն ու պայմանագրային պարտավորությունները՝ անարդյունավետ ծախսելով 300մլն ԱՄՆ դոլարից ավելի վարկային գումարներ և պետական բյուջեի միջոցներ:
Ծրագրի իրականացման ընթացքում տեխնիկական առաջադրանքի շրջանակներում նախապես կատարված հետազոտության հիման վրա Երևան-Արարատ հատվածում ճանապարհի բարվոք լինելու և միայն փոքր խնդիրների առկայության պայմաններում անհիմն որոշվել է դրա Երևան-Արտաշատ հատվածը բետոնապատել, իսկ նախապես որոշված ասֆալտե ծածկն առանց որևէ հիմնավորման փոխվել է բետոնե ծածկով: Արդյունքում ծրագրի Տրանշ-1-ի ճանապարհների բետոնե ծածկույթը չի համապատասխանել սահմանված տեխնիկական պայմաններին ու չափորոշիչներին և առաջացած անորակություններն ու անհարթությունները վերացնելու համար կատարվել են չնախատեսված լրացուցիչ աշխատանքներ: Այդ լրացուցիչ աշխատանքները չեն շտկել վիճակը, սակայն բոլոր դեպքերում Տրանշ-1-ի անորակ ճանապարհներն ընդունվել են շահագործման:
Պայմանագրերով սահմանված ժամկետների խախտման, անորակ աշխատանքների կատարման և ընդունման համար նրանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու փոխարեն իրավասու պաշտոնատար անձինք ստորագրել են համաձայնագրեր, որոնցով պատասխանատվությունն անհիմն ստանձնել է պատվիրատու հանդիսացող պետությունը և վճարել միլիոնավոր դոլարների անհիմն տուգանքներ:
Ստեղծված քննչական խումբը պարզել է անապրանք գործարքների, փողերի լվացման, հարկերից խուսափելու, հափշտակությունների, դրանց հանցակցության բազմաթիվ սխեմաներ, որոնց առթիվ մինչ օրս հարուցվել է ևս 10 քրեական գործ, որոնք միացվել են հիմնական գործին:
Հանցավոր մեխանիզմներում ներգրավված են տասնյակ ընկերություններ, նրանց ներկայացուցիչների հետ փոխկապակցված տեղական ու արտերկրյա առևտրային կազմակերպություններ, պետական պաշտոնյաներ, նրանց ազգականներ և այլն։
Նախաքննության ընթացքում որպես մեղադրյալներ են ներգրավվել շինաշխատանքներում անմիջական ընդգրկված ընկերությունների, այդ թվում նաև՝ չինական, տնօրեններ, աշխատակիցներ, խորհրդատու արտասահմանյան կազմակերպության խմբի ղեկավարը, նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ ընդհանուր թվով 18 անձ: Նրանցից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 3-ի նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է գրավ, 6-ի դեպքում՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Քննությամբ պարզվել է, որ առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, նաև փողերի լվացման նպատակով առանց աշխատանքների փաստացի կատարման կամ ծառայությունների մատուցման կազմվել և տրամադրվել են կեղծ հաշվապահական փաստաթղթեր, կատարվել են կեղծ հաշվապահական գրանցումներ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ 2.848.946.479 դրամ վնաս, որը հաշվարկված տույժ-տուգանքներով կազմում է 3.893.317.723 դրամ:
Բացի այդ, գործով անցնող մեղադրյալների կողմից խարդախությամբ կատարվել են հափշտակություններ՝ ընդհանուր առմամբ 1.086.120.000 դրամ։
Գործով անցնող 18 մեղադրյալներին մեղսագրվող հանցանքներով արձանագրված նյութական, գույքային վնասից վերականգնվել է 225.718.575 դրամը, 1 մլրդ դրամ մուտքագրված է քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին: Բացի այդ, կալանք է դրված մեղադրյալների շուրջ 50 միավոր անշարժ և 114 միավոր շարժական գույքի, բանկային հաշիվների և կանխիկ 82.328.800 դրամի վրա:
Նախաքննության ընթացքում առաջ քաշված և պլանավորված 6 հիմնական դրվագներով նախաքննությունը շարունակվում է։