«Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման համար տրամադրված գումարի առաջին տրանշով պետք է կառուցվեր 56 կիլոմետր, հետո դարձավ 32 կիլոմետր: Այսօր այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման համար Եվրասիական զարգացման բանկից լրացուցիչ 150 մլն դոլարի վարկ վերցնելու մասին համաձայնագրի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ Հայաստանը չի կատարել ճանապարհի կառուցման վերաբերյալ որևէ պարտավորություն, և այդ թերացման պատճառով են ժամկետների հետաձգումները, աշխատողների պարապուրդը:
«Առաջին տրանշի՝ Երևան-Աշտարակ, Երևան-Արտաշատ ամբողջ ճանապարհի շինարարությունը պետք է ավարտվեր 2014 թվականի հունիսի 30-ին: Առաջին տրանշի պարտավորությունը իրականացված չէ: 2009 թվականի ձեր բիզնես պրոեկտը սխալ էր, սխալ են հաշվարկվել ժամկետները: Վստահաբար կարող եմ ասել, որ ձեր հայտարարած 2019 թվականին ծրագիրը չեք կարող ավարտել: Ինչպես նաև խախտվել են ֆինանսական հաշվարկները: Եթե այն ժամանակ խոսվում էր 800 միլիոն դոլարի մասին, ապա այժմ ասում եք՝ 900 միլիոն դոլար»,- հարց է բարձրացրել Մանուկյանը:
Պատգամավորն ասել է, որ Վերահսկիչ պալատը 3 արձանագրություն է կազմել և 13 կետով խախտումներ է արձանագրել:
«էդ խախտումների արդյունքում ժամկետները փոխվեցին, դոնորները սկսեցին նոր բանակցություններ, պարապուրդ եղավ, և ընդամենը ծրագրերի տնօրենն է ազատվել աշխատանքից: Այ քեզ բան: Ոչ մի մարդ չի պատժվել։ Էսպես ենք տիրություն անում մեր պարտքին»,-ասել է Արամ Մանուկյանը:
Պատգամավորի խոսքով՝ այսպիսի անպատասխանատու աշխատանքի պատճառով է, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային ծրագրերից:
Նախկինում Ազգային ժողովում «Հյուսիս֊հարավ» ավտոճանապարհի կառուցման ընթացքում խախտումների մասին խոսել էին ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Հրանտ Բագրատյանը և Նիկոլ Փաշինյանը։