Այս պահին դժվար է ստույգ ասել, թե որքան գումար է անհետացել «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման ընթացքում։ Այս մասին Epress.am-ի «Շաբաթվա ամփոփում» հաղորդման ընթացքում հայտարարել է «Հետք» թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, ով աշխատում է ավտոճանապարհին վերաբերող հոդվածի վրա, որը շուտով լույս կտեսնի։
Նախագծի ընդհանուր արժեքը 954 միլիոն դոլար է։ Բաղդասարյանի խոսքով՝ ներկա դրությամբ նախագիծը հնարավոր չէ կյանքի կոչել։
«Տարբեր մասնագետների հետ եմ քննարկել, ու բոլորն ասում են, որ այս նախագծով ընդհանրապես հնարավոր չէ ճանապարհը սարքել, որովհետև նախագիծը, կարծես, սևագրություն լինի։
Դժվար է ասել՝ որքան գումար է անհետացել, բայց առաջին երեք հատվածները, որոնք պետք է առաջին փուլով կառուցվեին՝ Երևան-Արարատ, Երևան-Աշտարակ, Աշտարակ-Թալին, որտեղ ամենամեծ կտորը Աշտարակ-Թալինն է և, կարծեմ, ամենամեծ արժեքն ունի՝ 180 միլիոն դոլար, այս ճանապարհները չկան։ Երեք հատվածներն արդեն պետք է ավարտված լինեին։ Աշտարակ-Թալին հատվածի վրա, կարելի է ասել, դեռ 2 տոկոս աշխատանք են կատարել։
Դեռ աշխատանքները չսկսած՝ 31 միլիոն ավանս է տրվել այդ ընկերությանը (մրցույթում հաղթած իսպանական ընկերությանը – խմբ․)։ Դեռևս չգիտենք՝ ինչպես է դա եղել։ Այսինքն, դեռ որևէ բան չէին արել, 31 միլիոն դոլար հատկացվել է», – ասել է Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ ճանապարհի կառուցման ընթացքում մի շարք ռիսկեր կան։
«Վտանգն այն է, որ եթե ցեմենտի որակի 1 տոկոսը իջեցվի, դա կարող է 10 տարվա կյանք նվազեցնել։ Այս ճանապարհները նախատեսված են 30-40 տարվա համար։ Այսինքն, պատկերացրեք, ինչ-որ պաշտոնյայի մեղքով մենք 10 տարով կրճատելու ենք մեր ճանապարհների կյանքը։
Կարծում եմ՝ այս թիմը պետք է լուծարվի, պետք է նոր թիմ հավաքել։ Բեգլարյանին (Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյան – խմբ․) պետք է հեռու պահել այս գործարքից, Բեգլարյանին չի կարելի այսքան փող տալ ու ասել՝ վերահսկի։ Ինչպես կարելի է տրանսպորտի նախարարին ասել՝ պետք է այս միլիարդ դոլարը վերահսկես, որ ճանապարհ սարքվի», – հայտարարել է «Հետք»-ի գլխավոր խմբագիրը։
Նրա խոսքով՝ եթե ներկայիս թիմն աշխատի ճանապարհը կառուցելու վրա, ապա ճանապարհները չեն լինի։
Հաղորդումն ամբողջությամբ՝ այստեղ