Լեհաստանի գործող նախագահ, պահպանողական Անջեյ Դուդան վերընտրվել է։ Կիրակի կայացած քվեարկության ժամանակ նա ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել Վարշավայի լիբերալ քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկուց։
Լեհաստանի պետական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ընտրությունների երկրորդ փուլում, տեղամասերի 99,97%֊ի հաշվարկով Դուդան հավաքել է ձայների 51,2 տոկոսը, Ռաֆալ Տշասկովսկին՝ 48,8 տոկոսը։
Սա թեկնածուների հավաքած ձայների ամենափոքր տարբերությունն է Լեհաստանում՝ սկսած 1989-ին կոմունիստական ռեժիմի տապալումից։ Քաղաքացիների մասնակցությունը, սակայն, ռեկորդային էր՝68,2%։
Այս ընտրությունները դիտարկվում էին որպես կարևոր սկզբունքային քայլ Լեհաստանի ապագայի և Եվրամության հետ հետագա հարաբերությունների կազմակերպման հարցում։
Անջեյ Դուդան պահպանողական դիրքորոշում ունի, դեմ է նույնասեռ ամուսնություններին և աբորտներին։ Նախընտրական քարոզարշավը կառուցել էր «ազգային ավանդական արժեքների» պահպանության վրա, նշելով, որ «ԼԳԲՏ գաղափարախոսությունը» կոմունիստականից վտանգավոր է։ Հատուկ խոստացել է օրենսդրորեն արգելել երեխաների որդեգրումը նույնասեռ ընտանիքների կողմից։
Միաժամանակ, նա խոսում է աղքատ ընտանիքներին առատաձեռն սոցիալական օգնություն տրամադրելու կողմից։
Դուդայի կառավարման առաջին ժամկետի ընթացքում երկրում իրականացված դատական բարեփոխումներն արժանացել են Եվրամիության քննադատությանը։
Դուդա և Տշասկովսկի
48-ամյա Անջեյ Դուդան առաջին անգամ որպես նախագահ ընտրվել է 2015 թվականին՝ որպես «Իրավունք և արդարություն» կուսակցության անդամ։ Ընտրություններում հաղթանակ տանելուց կարճ ժամանակ անց դուրս է եկել կուսակցությունից։
Անկուսակցական համարվող նախագահը և «Իրավունք ու Արդարությունը» ամբողջությամբ աջակցում են միմյանց։
Նախագահության հինգ տարիների ընթացքում Դուդան վետո է դրել խորհրդարանական մեծամասնության ընդունած միայն մեկ օրենքի վրա․ 2017֊ին խմբակցությունն առաջարկում էր սահմանափակել տեղական իշխանությունների լիազորությունները։
Նախընտրական քարոզարշավի ամենաաղմկահարույց միջադեպերից էր Դուդայի հայտարարությունն այն մասին, որ «ԼԳԲՏ գաղափարախոսությունը» կոմունիստականից վտանգավոր է։ Իր նախընտրական ելույթներից մեկում նախագահը բառացի նշեց, որ իրենց ծնողների սերունդը շուրջ 40 տարի պայքարել է կոմունիզմի դեմ՝ «ոչ նրա համար, որ նոր գաղափարախոսություն ձևավորվի, որն էլ ավելի ավերիչ կլինի»։
Երկրորդ փուլ անցած մյուս թեկնածուն՝ Ռաֆալ Տշասկովսկին, Դուդայի հասակակիցն է։ Վարշավայի քաղաքապետն է, ընդդիմադիր «Քաղաքացիական հարթակ» կուսակցության փոխնախագահը։
Տշասկովսկին Եվրախորհրդարանի պատգամավոր էր, այնուհետև «Քաղաքացիական հարթակի» ձևավորած կառավարության անդամ, Սեյմի պատգամավոր։
Քարոզարշավի ընթացքում Տշասկովսկին խոստանում էր ընտրվելու դեպքում չհաստատել դատարանների և մամուլի ազատությունը սահմանափակող օրենքները, կարևորում էր Եվրամիության հետ ավելի ակտիվ համագործակցություն սկսելու անհրաժեշտությունը։