Եվրոպական մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածման ցուցանիշի աճ է նկատվում։ Փորձագետների կարծիքով, դա կապված է դպրոցների վերաբացման հետ։
Գերմանիայի մայրաքաղաքում կրթական պրոցեսները վերսկսվել են 825 դպրոցներում, որոնցից առնվազն 41-ում կորոնավիրուսի հաստատված դեպքեր են գրանցվել։
Վիրուսի տարածման ցուցանիշը վերջին շաբաթներին Եվրոպայում կտրուկ աճ է գրանցում։ Անցյալ երկու շաբաթների ընթացքում Իսպանիայում կորոնավիրուսի 66,905 հաստատված դեպք է գրանցվել։ Սա 14 օրվա կտրվածքով երկրում վիրուսի տարածման ամենաբարձր ցուցանիշն է։
Փորձագետները պնդում էին, որ համապատասխան միջոցառումների ապահովման դեպքում կրթական պրոցեսների վերսկսումն այս փուլում կարող է թույլատրելի լինել։ Բեռլինում, ԱՄՆ որոշ նահանգներում և Իսրայելում դպրոցների վերաբացումը, սակայն, հաստատեց հակառակը․ կորոնավիրուսի տարածման նոր խոշոր օջախները հենց դպրոցներում են։
Բեռլինից ստացված զեկույցների համաձայն, վիրուսը տարածվում է բոլոր տարիքների սովորողների համար նախատեսված կրթական հաստատություններում՝ տարրական դպրոցներից մինչև ավագ դպրոցներ։
Բեռլինը Գերմանիայի առաջին քաղաքն էր, որն ամառային արձակուրդից հետո վերսկսեց ուսումնական գործընթացը։ Աշակերտներից պահանջվում է դիմակ կրել միջանցքներում և ընդմիջման ժամանակ։ Դասապրոցեսի ընթացքում դիմակ կրելը պարտադիր չէ։ Քննադատները պնդում են, որ այսպիսի միջոցները չափազանց մեղմ են․ թե՛ ուսանողները, թե՛ ուսուցիչները պետք է դիմակ կրեն նաև դասի ժամերին։
Այս պահին Գերմանիայում համավարակի սկբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 236,117 դեպք, որից ապաինվել է 209,600֊ը։ 9,336 մարդ մահացել է։
Իսպանիայի առողջապահության արտակարգ իրավիճակների ղեկավար Ֆերնանդո Սիմոնը նշում է, որ սահմանափակումները թուլացնելու մասին դեռ վաղ է մտածել․ «Այստեղ շփոթություն լինել չի կարող․ վիճակը դեռևս լավ չէ։ Եթե թույլ տանք, որ ցուցանիշը բարձրանա՝ նույնիսկ այն պարագայում, երբ նոր դեպքերն ավելի մեղմ ընթացք են ունենում, մենք կունենանք մեծ թվով հոսպիտալացված կամ հատուկ հսկողության տակ գտնվող քաղաքացիներ և մեծ մահացություն»։
Նոր դեպքերի ճնշող մեծամասնությունը գրանցվում է մայրաքաղաք Մադրիդում, որը երկրի հիմնական ճգնաժամային կենտրոնն էր մարտ և ապրիլ ամիսներին։ «Ճիշտ չի լինի պնդել, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է պետական մակարդակում, բայց կան կոնկրետ վայրեր, որոնցում դրությունն իսկապես վերահսկելի չէ»,- հայտարարել է Սիմոնը՝ առանց մանրամասներ հրապարակելու։
Իսպանիայում կտրուկ աճել է նաև մահացությունների թիվը։ Վերջին յոթ օրվա մեջ կորոնավիրուսով վարակված 131 մարդ է մահացել, ինչն անհամեմատ մեծ է նախորդ շաբաթվա ցուցանիշից՝ 12 մարդ։ Վերջին մեկ շաբաթում հոսպիտալացված քաղաքացիների թիվը ևս կրկնակի աճել է՝ հասնելով 1,400-ի։
Իսպանիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 420,809֊ի։ Մահացել է 28,872 մարդ։
Կարանտինային սահմանափակումների չեղարկումից ի վեր ռեկորդային հաստատված դեպքեր են գրանցվել նաև Ֆրանսիայում։
Վերաբացված դպրոցներում 11 տարեկանից բարձր դպրոցականները դասաժամերին ներկայանում են բացառապես դիմակներով։ «Միջին դպրոցից սկսած դիմակ կրելը պարտադիր է ոչ միայն դասապրոցեսի ընթացքում, երբ սոցիալական հեռավորություն պահել հնարավոր չէ, այլև բացօդյա դասամիջոցների ժամանակ», – տեղական հեռուստատեսության եթերում հայտարարել է Կրթության նախարար Ժան Միշել Բլանքը։
Ֆրանսիայում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 244,854 դեպք։ 85,199 մարդ ապաքինվել է, ևս 30,528֊ը՝ մահացել։