Պարետատան հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաև բուհերում, հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը:
Սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար։ Մյուսների դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից:
«Բուհերի ղեկավարների հետ հանդիպման արդյունքում նաև արձանագրվել է, որ բուհերը իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման եղանակը` այն իրականացնելով հիբրիդային եղանակով` առկա և հեռավար: Մանրամասները բուհերը կհրապարակեն իրենց կայքերում և դասացուցակի մասին կհայտնեն լրացուցիչ», – ֆեյսբքուքի իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ՝ սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն նաև հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում։ Հակահամաճարակային կանոնների պահպանման վերաբերյալ նախարարությունը ուղեցույց է մշակում․ նշվում է, մինչև երեք տասնյակի հասնող աշակերտներ ունեցող դասարանները կբաժանվեն առանձին խմբերի։
Նախարարը նշել էր, որ կրթական հաստատությունները վերաբացելու որոշումը պայմանավորված է վերջին շրջանում համահամավարակային դրության բարելավմամբ․ եթե աշնանը կորոնավիրուսային նոր բռնկում լինի, հավանական է, որ որոշումը կվերանայվի։ Հակահամաճարակային կանոնները չպահպանելը նույնպես կհանգեցնի սահմանափակումների։