Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել, որում հանդես են եկել Մինսկի պայմանավորվածությունների իրականացման, ինչպես նաև Ուկրաինայում իրավիճակի սրումը կանխելու օգտին։ Ինչպես նշված է փաստաթղթում, անհրաժեշտ է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել հումանիտար աղետի հետևանքները հաղթահարելու ուղղությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»֊ն։
«Առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում մարդկային ողբերգությունները, մարդկանց մահը, այդ թվում՝ քաղաքացիական անձանց»,֊ ասված է հայտարարության մեջ։ Բացի դա, փաստաթղթում նշվում է Մինսկի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը՝ ազգային հաշտեցման հասնելու և Ուկրաինայում ճգնաժամի հաղթահարման նպատակով․ «Ծայրահեղ կարևոր ենք համարում իրավիճակի հետագա սրման կանխումը, զսպվածության ցուցաբերումը, հակամարտության կարգավորման բացառապես քաղաքական ու դիվանագիտական միջոցների կիրառումը»։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նիստը մեկնարկել է Մոսկվայում այսօր՝ դեկտեմբերի 23֊ին։ Կրեմլում ընթացող նիստին ներկա են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի նախագահները։