Դեկտեմբերի 22֊ին Երևանում վայրէջք կատարած Կիև֊Թբիլիսի օդանավում եղել է Ադրբեջանի 25 քաղաքացի։ Ուղևորներից մեկի խոսքով՝ իրենք դեմ էին Հայաստանում վայրէջք կատարելուն։ Երևանում պնդում են, որ ուղևորները օդանավակայանում իրենց գտնվելուց գոհ են մնացել։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ սնունդ տրամադրվել է միայն նրանց, ովքեր իջել են օդանավից։
Ադրբեջանցի երիտասարդների համաուկրաինական կազմակերպության անդամ Սաֆարլի Բաբաևը «Ուկրաինական ավիաուղիների» ինքնաթիռի անձնակազմի որոշմանը դեմ հանդես եկածների թվում էր։ Aze.az կայքի փոխանցմամբ՝ Diaspora Tv֊ի հետ զրույցում Բաբաևը նշել է, որ ինքնաթիռում գտնվող ադրբեջանցիները բողոքել են, երբ օդաչուն հայտարարել է՝ պատրաստվում է ինքնաթիռն իջեցնել Երևանում։
«Մենք ասացինք, որ Հայաստանը թշնամական երկիր է, ու մենք ոչ մի դեպքում չենք կարող վայրէջք կատարել այնտեղ։ Առաջարկեցինք թռչել Գյանջա, բայց օդաչուն վայրէջք կատարեց Երևանում»,֊ ասել է նա։
Երիտասարդի խոսքով՝ ուկրաինացի օդաչուն ադրբեջանցիներին հորդորել է դուրս գալ ինքնաթիռից՝ ասելով, որ նրանց անվտանգությունն ապահովված է միջազգային կոնվենցիաներով։ «Մենք, սակայն, շարունակում էինք մնալ օդանավում։ Այնուհետև ինքնաթիռ բարձրացան օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցներն ու բոլորիս ստիպեցին դուրս գնալ։ Առաջարկեցին հանձնել մեր անձնագրերը, կնիք դնել՝ խոստանալով մեզ Թբիլիսի ուղարկել ավտոբուսով»,֊ պատմել է Բաբաևը։
Ադրբեջանցիները, սակայն, զանգահարել են Կիևի իրենց կազմակերպություն, որն էլ կապ է հաստատել Ադրբեջանի դեսպանության հետ։ Մի քանի րոպե անց Բաբաևին հետ են զանգել ու հայտնել, որ ոչ մի դեպքում չեն կարող հանձնել իրենց անձնագրերը։
«Մենք հրաժարվեցինք հանձնել անձնագրերն, ու արդեն մի քանի ժամ անց մեզ ինքնաթիռով ուղարկեցին Թբիլիսի»,֊ ասել է նա։
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում Regnum գործակալությանը հայտնել են, որ դեկտեմբերի 21-ին և 22-ին «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ընկերության Կիև-Թբիլիսի֊Կիև չվերթները խիտ մառախուղի պատճառով իրականացվել են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով։
Առաջին դեպքում ուղևորների թվում եղել է 24 ադրբեջանցի, երկրորդ դեպքում՝ 13։ «Անվտանգության ծառայության աշխատակիցները ՈՒՄԱ ընկերության բոլոր ուղևորներին համապատասխան ծառայություններ են մատուցել։ Երկրորդ դեպքում չորս ուղևոր հրաժարվել է դուրս գալ օդանավից և, անձնակազմի թույլտվությամբ, նրանք մնացել են ինքնաթիռում։ Իրենց վարքը նրանք բացատրել են նրանով, որ հանդիսանում են իրավապահ մարմինների աշխատակիցներ ու կարող են խնդիրներ ունենալ Բաքու վերադառնալուց հետո։ Մինուսային ջերմաստիճանի հետ կապված՝ մենք կազմակերպել ենք ինքնաթիռի սրահի ջեռուցում։ Օդանավից իջած ուղևորներին տրամադրվել է սնունդ, արժույթի փոխանակման հնարավորություն, և այլ ծառայություններ։ Որևէ մեկը նրանց անձնագրերը չի խլել, կնիքներ չի դրել, ու անգամ նման պահանջներ ուղևորներին չեն ներկայացվել, քանի որ նրանք պետական սահման չէին հատել։ Բոլոր ուղևորները շնորհակալություն են հայտնել ջերմ հյուրընկալության համար ու լավ տրամադրությամբ լքել են Երևանը»,֊ հայտնել են վարչությունում։
Panarmenian.net կայքը հիշեցնում է, որ այս պատահարը միակ դեպքը չէ, երբ ադրբեջանցիներին փոխադրող օդանավը վայրէջք է կատարում Հայաստանում և հակառակը: Ամեն անգամ, սակայն, նման դեպքերն ավարտվել են առանց միջադեպերի: 2014-ի ամռանը Դուբայից Մոսկվա ուղևորվող «Աէրոֆլոտի» ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում սանձազերծ ուղևորի պատճառով, որն Ադրբեջանի քաղաքացի էր: «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցները ձեռնաշղթաներ հագցրեցին նրան, իսկ բժիշկները ստիպված էին հանգստացնող ներարկում անել, որից հետո ինքնաթիռը շարունակեց թռիչքը, որտեղ անկարգ ուղևորին հանձնեցին իրավապահներին: Իսկ 2013-ին Կիևի օդանավակայանի աշխատակիցները սխալմամբ Բաքու էին ուղարկել ՀՀ քաղաքացու, որին մի քանի օր անց վերադարձրեցին Ուկրաինա: