Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չի արձագանքում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններին, գրում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը:
Երեկ «Ազատությունը» կապ է հաստատել ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի հետ՝ հարցնելով, թե ի՞նչ են մտածում կազմակերպության անդամ Հայաստանի ու կազմակերպության մաս չկազմող Ադրբեջանի միջև շարունակվող զինված ընդհարումների վերաբերյալ, որոնց արդյունքում հայկական կողմում կան կորուստներ:
Զայնետդինովն ուղղակի ասել է, որ զինված ընդհարումների մասին ինքը առաջին անգամ է տեղեկանում, ու հետևաբար որևէ կարծիք հայտնել չի կարող, ինչպես նաև չի կարող փոխանցել, թե այդ կապակցությամբ ինչ են մտածում ՀԱՊԿ-ում:
Հիշեցնենք, Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ հիմնադիր անդամներից մեկը և 1992 թվականի մայիսի 15-ից Ռուսաստանի ու կազմակերպության այլ անդամ պետությունների հետ ռազմական դաշինքի մեջ է:
ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածում նշված է.
«Եթե կազմակերպության անդամ-պետություններից մեկը ենթարկվում է ագրեսիայի (զինված հարձակման, որը սպառնում է [նշված անդամ-պետության] անվտանգությանը կայունությանը, տարածքային ամբողջականության և ինքնիշխանությանը), ապա անդամ-պետությունների կողմից այդ ագրեսիան կդիտարկվի ագրեսիա ընդդեմ պայմանագրի բոլոր անդամ-պետությունների: Անդամ-պետություններից որևէ մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում (զինված հարձակման, որը սպառնում է [նշված անդամ-պետության] անվտանգությանը կայունությանը, տարածքային ամբողջականության ու ինքնիշխանությանը), մյուս բոլոր անդամ-պետությունները՝ այդ անդամ-պետության խնդրանքով, անհապաղ կերպով նրան են տրամադրում անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ռազմական»: