վաշինգտոն
Միացյալ Նահանգները մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանին վերջին զարգացումներով, այդ թվում՝ ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինվորների ձերբակալությամբ: ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունում կոչ է արվում երկու կողմերին շտապ և խաղաղ կերպով հանգուցալուծել այդ միջադեպը:
«Մենք նաև շարունակում ենք Ադրբեջանին կոչ անել անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և մյուս պահվող անձանց, և մենք հիշեցնում ենք Ադրբեջանին միջազգային հումանիտար իրավունքով իր պարտավորությունները՝ բոլոր ձերբակալվածների նկատմամբ ցուցաբերել մարդասիրական վերաբերմունք», – ասված է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:
Միացյալ Նահանգները «սադրիչ և անհարկի» է համարում որևէ տեղաշարժերը Հայաստանի և Ադրբեջանի միջև չսահմանագծված շրջաններում․
— Մենք մերժում ենք ուժի գործադրումը սահմանագծման նպատակով և կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքերն ու դադարեցնել չսահմանագծված սահմանին ռազմական ամրակայման աշխատանքներն ու ականապատումը:
Մասնավորապես կոչ ենք անում Ադրբեջանին վերատեղակայել իր ուժերը մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքերում: Նաև կոչ ենք անում Հայաստանին վերատեղակայել իր ուժերը մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքերում և ողջունում ենք նման մտադրության մասին հայտարարությունները։
Այդ գործողությունները կնվազեցնեն լարվածությունը և հրատապ սահմանագծման խաղաղ բանակցային գործընթացի հնարավորություն կստեղծեն։ Միացյալ Նահանգները պատրաստ են աջակցել այդ ջանքերին:
Միացյալ Նահանգները կողմերին կոչ են անում նաև հնարավորինս շուտ վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո առարկայական բանակցություններին՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև քաղաքական կարգավորմանը։
մոսկվա
Սահմանային էսկալացիային անդրադարձել է նաև Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մայիսի 27-ի ասուլիսում։
– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները բացառապես զբաղվում են ԼՂ կարգավորմամբ: Այդպես է ամրագրված նաեւ ԵԱՀԿ մանդատում: Մայիսի 13-ի հայտարաւոթյան մեջ համանախագահների եռյակն ընդգծեց ԼՂ հակամարտության համապարփակ եւ կայուն կարգավորման անհրաժեշտությունը: Այդ կապակցությամբ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ էր արվել «առաջին իսկ հնարավորության դեպքում վերականգնել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո»: Նշվել են հարցեր, որոնց լուծումը լրացուցիչ ջանքեր է պահանջում: Դրանց թվում են.
— Բոլոր ռազմագերիների եւ մյուս պահվող անձանց անհապաղ վերադարձ՝ միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին համապատասխան,
—Հակամարտության բոլոր շրջաններում ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տվյալների փոխանակում,
— ԼՂ մուտք գործելու բոլոր սահմանափակումների վերացում, այդ թվում միջազգային մարդասիրական կազմակերպությունների համար,
— Կրոնական եւ մշակութային ժառանգության պաշտպանություն եւ պահպանում,
— Անմիջական շփումների խրախուսում եւ համագործակցություն հակամարտության գոտու համայնքների միջեւ,
— Մարդկանց միջեւ վստահության ամրապնդում:
Կցանկանայի ընդգծել, որ համանախագահների ձեւաչափը լայն միջազգային աջակցություն է վայելում: Հենց դրա միջոցով պետք է ընթանա ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորումը: Ինչպես հայտնի է, Երեւանի եւ Բաքվի միջեւ տարաձայնությունները դեռեւս էական են, հատկապես ԼՂ կարգավիճակի առումով: Անցյալ տարվա սեպտեմբեր-նոյեմբերի իրադարձություններից հետո երկու երկրները հայտնվել են լիարժեք երխոսության եւ փոխադարձ վստահության վերականգնման ճանապարհի սկզբում:
ՌԴ-ն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բարելավման, Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման եւ այն բարգավաճման գոտու վերածելու ուղղությամբ: Ռուսաստանյան խաղաղապահները երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը ԼՂ-ում:
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությանն առընթեր եռակողմ աշխատանքային խումբը զբաղվում է տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակմամբ: Ռուսական կողմը սերտորեն ներգրավված է հայ-ադրբեջանական սահմանի միջադեպի կարգավորմանը եւ նպաստում է լարվածության թուլացմանը: Մենք մշտապես կապ ենք պահում Երեւանի եւ Բաքվի հետ բարձր մակարդակներում: Օպերատիվ կապ է ստեղծվել զինվորականության եւ սահմանապահ ծառայությունների, ինչպես նաեւ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ:
Սահմանի միջադեպը ուղղակի առնչություն չունի ԼՂ խնդրի հետ: Հիմնական պատճառը դեռեւս խորհրդային ժամանակներից ժառանգված հայ-ադրբեջանական սահմանի միջազգային իրավական ձեւակերպումն է:
Ելնում ենք նրանից, որ նման իրավիճակները պետք է բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծվեն:
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանանշման եւ դրան հետեւող սահմանազատման մեջ ենք տեսնում երկարաժամկետ լուծումը:
Ռուսաստանը լիովին պատրաստ է աջակցելու այդ հարցերում:
Հիշեցնենք՝ ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երկու օր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։ Այսօր առավոտյան էլ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանցիները ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի են գերեվարել։
Հայաստանի վարչապետի աշտոնակատար Նիկոլ Փաշինյանն նախօրեին Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ առաջարկով հանդես եկավ՝ երկուստեք հետ քաշել զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գծից և այնտեղ տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող երկրների դիտորդների:
Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ: