Ադրբեջանը միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին, կոչ է անում ճնշումներ գործադրել պաշտոնական Երևանի վրա և թույլ չտալ, որ Հայաստանը «հերթական ռազմական սադրանքներին դիմի», ասվում է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
ԱԳՆ-ն ընդգծում է, որ Հայաստանը՝ 2020 թվականի հուլիսի 12-16 տեղի ունեցած սադրանքի ձախողումից հետո, մտադիր է ագրեսիայի նոր գործողություններ սկսել՝ սպառնալով Ադրբեջանի հանրապետության սուվերեն տարածքներին։
«Հայաստանը ձախողելով վերջին «փորձնական» հարձակումը, պատրաստվում է ագրեսիայի հաջորդ ակտին։ Հայկական կողմը մեծ քանակության նոր զենքեր ու զինամթերք է գնել, ուժերը կենտրոնացնում է շփման գծի մոտակայքում։ Ադրբեջանի կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքների և խոշոր բնակավայրերին ռազմական հարված հասցնելու սպառնալիքներն ուղեկցվում են Հայաստանի կողմից ռազմական հետախուզման ուժգնացմամբ և սաբոտաժով։ Սրան զուգահեռ, Հայաստանը հայտարարել է մի քանի տասնյակ հազարավոր թվաքանակով քաղաքացիներից աշխարհազոր ստեղծելու մասին, որն ավելի ուշ կկիրառվի Արբեջանի դեմ ռազմական գործողություններում», – ասվում է հայտարարության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը նոր ռազմական մարտավարություն է սկսել «նոր պատերազմ հանուն նոր տարածքների» սկզբունքով։
«Հայաստանի այժմյան իշխանությունները ոչ բազմանշանակ ապացուցում են, որ երկիրը տարածքների բռնակցման քաղաքականություն է տանում, և չարաշահում են բանակցային գործընթացները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր սահմանին լարվածության մասին․ ՊՆ-ն հայտնում էր զոհված զինծառայողի մասին։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս է եկել բանակցային գործընթացից և պատերազմի է պատրաստվում։