Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կասեցրել է գրող, հրապարակախոս Ռասիմ Գարաջիի և լրագրող Թուրալ Ասադլիի բողոքների քննությունը, քանի որ Ադրբեջանի իշխանությունները վերականգնել են նրանց իրավունքներն ու 5 հազարական եվրո փոխհատուցում խոստացել։
Ռասիմ Գարաջիի և Meydan TV-ի հետ համագործակցող մի քանի անձանց՝ Ադրբեջանի սահմանները լքելու արգելքը սահմանվել էր 2015 թվականին՝ ապօրինի զեռներեցության մեղադրանքով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Լրագրողներն այդ գործում ներգրավված էին վկաների կարգավիճակով։ 2019 թվականի մայիսին երկրի սահմանները լքելու արգելքը չեղարկվել է Meydan TV-ի որոշ թղթակիցների համար։ Ավելի ուշ սահմանափակումները կասեցվել են ևս չորս լրագրողների, այդ թվում՝ Թուրալ Ասադլիի համար։
Meydan TV-ն հիմնել է էմիգրացիայի մեջ գտնվող ադրբեջանցի բլոգեր Էմին Միլլին, 2013 թվականին։ Հեռարձակվում էր Բեռլինից, բարձրաձայնվում էին կոռուպցիայի, սոցիալական անարդարության և իրավապաշտպանական խնդիրների մասին։ Խմբագրության Բաքվի գրասենյակը փակվել է 2014 թվականի դեկտեմբերին՝ աշխատակիցների անվտանգության նկատառումներից ելնելով։
Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 13-ին ՄԻԵԴ-ը հանրայնացրել էր Ադրբեջանի 11 քաղաքացիների գործերի քննության արդյունքները։ Վերջիններս պնդում էին, որ իրենց նկատմամբ սահմանված՝ երկրի սահմանները լքելու արգելքն անօրինական է․ հայցվոր կողմի 11 ներկայացուցիչները քրեական գործում ներգրավված էին բացառապես վկայի կարգավիճակով։ ՄԻԵԴ-ի վճռի համաձայն, Ադրբեջանի հանրապետությունը խախտել էր քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը։