Դատարանն արդարացրել է «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի վրա հարձակում կազմակերպելու մեջ մեղադրվող շինարարական ընկերության ղեկավարին։ Մեղավոր է ճանաչվել նրա աշխատակիցը, ով, սակայն, պատժից ազատվել է։ Լրագրողներն ու իրավապաշտպանները պնդում են, որ նման որոշումն անհեթեթ է․ անհրաժեշտ է իրականացնել գործի բազմակողմանի քննություն։
Նարինե Ավետիսյանը պատմում է, որ 2017 թվականի սեպտեմբերին, երբ ինքը Վանաձարում նկարահանում էր, թե ինչպես են բանվորները հորդ անձրևի տակ ասֆալտ գցում, իր վրա են հարձակվել շինարարական կազմակերպության տնօրենն ու աշխատակիցները։ Վերջիններիս վրա քրեական գործ է հարուցվել լրագրողական գործունեությանը խոչընդոտելու հոդվածով։ 2018-ի փետրվարին դատախազությունը հայտնել է, որ ընկերության տնօրենի և վարորդի գործերը փոխանցվել են դատարան, իսկ մյուս հարձակված բանվորների մեղադրանքն առանձին կքննվի։
Առաջին դատական նիստն իրականացվել է 2018 թվականի մարտի 22-ին, դավաճիռը կայացվել է օգոստոսի 24-ին։ Դատական ակտի համաձայն, դատավորը շինընկերության տնօրեն Տիգրան Նազարյանի մեղադրանքների ապացույցները ոչ բավարար է համարել և արդարացնող դատավճիռ կայացրել։ Վարորդ Վրեժ Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել, բայց ազատվել է պատժից՝ հանցագործության վաղեմության պատճառով։
Նարինե Ավետիսյանի պաշտպանող կողմը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելով թե՛ արդարացման, թե՛ վաղեմության պատճառով պատժից ազատվելու որոշումները, հայտնում է Վանաձորի Հելսինկյան ասամբլեայի փաստաբան Հայկ Հակոբյանը։ «Դատարանը գործի ապացույցներն առանձին-առանձին է դիտարկել, մինչդեռ անհրաժեշտ էր իրականացնել նյութերի համալիր վերլուծություն», – բացատրում է իրավաբանը։
Հայաստանի քրեական օրենսդրության 75-րդ հոդվածի համաձայն, անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե անցել է 2 տարի՝ թեթև հանցագործությունից հետո, 5 տարի՝ միջին ծանրության հացագործությունից հետո, 10 տարի՝ ծանր հանցագործությունից հետո, 15 տարի՝ առանձնակի ծանրության հանցագործությունից հետո։ Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար նախատեսվում է տուգանք՝ 200-400 հազար դրամի չափով։