Home / Հայաստան / «Անդրկովկասում» կբացվի ռուսական և միաժամանակ օբյեկտիվ լրատվամիջոց

«Անդրկովկասում» կբացվի ռուսական և միաժամանակ օբյեկտիվ լրատվամիջոց

«Նոր ԶԼՄ-ն միշտ լավ է, ինչպիսին էլ որ լինի»,- Լատիպով։

«Պատերազմն այսօր միայն տարածքների համար չէ։ Պատերազմը մարդկանց ուղեղների համար է։ Լրագրողը զինվոր է, ով իր գրչով այնքան բան կարող է անել, որքան չի կարող ոչ մի հրթիռ-թնդանոթ», – կարծում է «Ռուսաստանի շրջաններ» մեդիա հոլդինգի գլխավոր խմբագրի տեղակալ Լատիպով Ռամիլ Մասգուստովիչը։

Հավանաբար, հենց այդ պատերազմն էլ առիթ դարձավ դեկտեմբերի 13-ին Երևանի Էլիտ Պլազա հյուրանոցում «Ռուսաստանի շրջաններ» մեդիա հոլդինգի առաջին մասնաճյուղի բացման համար։ Ամենամսյա պարբերականի ստեղծումը Լատիպովը համարում է «հայերի միջև» հաղորդակցության, «մեր և ձեր ուրախության ու վշտի մասին Հայաստանի և Ռուսաստանի բնակչության տեղեկացվածության» բարելավման փորձ։ Դրա հետ մեկտեղ, նա ցանկանում է համախմբվել կողմնակալ և ոչ մաքրակյաց ԶԼՄ-ների դեմ պայքարում։ ԶԼՄ-ների անվանումներ և կոնկրետ մարդկանց անուններ փոխխմբագիրը չի նշում։

մեդիա-հոլդինգի հիմնադիրների ցանկում են Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը

Միջոցառմանը ներկա էին մոտ տասը հոգի, որոնց մեծ մասը՝ կազմակերպիչներից։ Տեղում կարելի էր ստանալ Լատիպովի բանավոր խոսքի ոճով կազմված տեքստը։

Տեքստի թափը իսկապես գերող էր․ «Աշխարհը ցնցվում է ճգնաժամներից։ Դժբախտաբար, մեդիա տարածությունը դարձել է սեփականության և ազդեցության վերաբաշխման հզորագույն զենքերից մեկը։ ԶԼՄ-ները հասարակական ինստիտուտից, որը կոչված էր հնարավորինս ճշմարտացի տեղեկատվություն փոխանցել մեր մոլորակի միլիարդավոր բնակիչներին, վերածվել են զենքի՝ մի կույտ մարդկանց ձեռքում, որոնք հավակնում են ռազմական և տնտեսական բացարձակ գերակայության»։

Բայց ինչն ավելի հետաքրքրական է, «այս իրադրությունը հակասում է բոլոր երկրների և բոլոր մայրցամաքների մարդկանց մեծամասնության շահերին»։

Հետաքրքրվեցի՝ հասանելի՞ է արդյոք տեքստի հայերեն տարբերակը և ի՞նչ լեզվով են հաղորդակցվելու միջոցառման մասնակիցները։ Պարզվեց, մասնակիցը մեկն է՝ Լատիպովը։ Թարգմանչի մասին չգիտես ինչու չէին մտածել։ Ավելի ուշ բերեցին տեքստի հայերեն տարբերակը և ասացին, որ կողքս կարող են թարգմանիչ նստեցնել։

Լատիպովը խոսեց նաև Մեդիախաղաղարարության Միջազգային շարժման մասին՝ կոչ անելով Երևանում մեդիա-հոլդինգի մասնաճյուղ բացելու մեջ ստորջրյա քարեր և էքսպանսիա չփնտրել․ այսպիսի մասնաճյուղեր կբացվեն նաև «նախկին ԱՊՀ-ի» մյուս երկրներում։

«Ինֆորմացիան այսօրվա աշխարհում ամեն ինչ է։ Ում պատկանում է ինֆորմացիան, նրան պատկանում է աշխարհը։ Կարծում եմ՝ ժամանակն է դադարել թույլ տալ մեր մասնագիտությունը ասոցացնել հնագույն մասնագիտության՝ մարմնավաճառության հետ», – ասաց Լատիպովը։

— Կարո՞ղ է արդյոք այս նախաձեռնությունը հաջողություն ունենալ՝ հաշվի առնելով հետաքրքրությունը, որը ցուցաբերվել է այսօրվա միջոցառման նկատմամբ, – հարցրեցի ես։

Նախաձեռնությունը, պատասխանեցին, ցանկացած պարագայում հաջողություն կունենա․

— Քանի որ սա նախաձեռնություն է, որը կա ցանկացած նորմալ լրագրողի ուղեղում։ Ցանկացած նորմալ լրագրող ուզում է լինել լրագրող, ոչ թե անհրաժեշտ տեղեկատվությունը մարդկանց հասցնելու գործիք։

Ավելի ուշ, սակայն, անդրադառնալով լրագրության ոլորտում [առանց պարզաբանելու՝ հայկակա՞ն, թե՞ ռուսական] տեղի ունեցողի դեմ պայքարի անհրաժեշտությանը, գլխավոր խմբագրի տեղակալը կխոսի օբյեկտիվ տեղեկատվությունը այդ թվում նաև միջազգային հանրությանը հասցնելու մասին։

Իսկ մասնաճյուղի բացման նկատմամբ հետաքրքրության ցածր մակարդակը կբացատրի իրազեկման համար հատկացված ժամանակի սակավությամբ, թեև մեր խմբագրությունը միջոցառման առաջին հրավերը ստացել էր մի քանի օր առաջ, երկրորդը՝ նախօրեին, գումարած՝ հեռախոսազանգը՝ մասնակցությունը հաստատելու համար։

Այնուամենայնիվ, գլխավոր խմբագրի տեղակալը վստահ է՝ նախաձեռնությունը ռեզոնանսային արձագանք կունենա։

Միջոցառումը տևեց մոտ 40 րոպե։ Համենայն դեպս՝ ինձ համար։ Սկզբում մտածում էի՝ ուղղակի ելույթի սղագրությունը հրապարակել։

«Անդրկովկասի շրջանի պաշտոնական ներկայացուցչի հավաստագիրը տրվել է Նվեր Սուրենի Թորոսյանին։

Այսօր մենք հայտարարում ենք այս նախաձեռնության մասին։ Համոզված ենք՝ այն կաշխատի», – վստահ է Լատիպովը։ Կեսվայրկյանանոց դադարը խոսում էր ծափահարությունների անհրաժեշտության մասին, ինչն էլ ապահովվեց տեղում կազմակերպչական հարցերով զբաղվող մի քանի աղջիկների կողմից։ Թորոսյանը ոտքի ելավ։

2009 թվականի նոյեմբերի 24-ից Թորոսյանը զբաղեցնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ինստիտուտի Հայկական ազգային ներկայացուցչության տնօրենի պաշտոնը։

«Նա, – շարունակեց Լատիպովը, – կներկայացնի ամսագիրը։ Այն կթողարկվի հայերեն և ռուսերեն լեզուներով։ Կլուսաբանվեն տնտեսական և սոցիալական հիմնական խնդիրը։ Կա հետաքննությունների բաժին․․․ լրագրողական։ Այսինքն, ամսագիրը համապատասխանում է ժամանակակից բոլոր պահանջներին։

Լրագրողական համայնքը պետք է համախմբվի՝ հակազդելու այսօրվա աշխարհի վտանգներին։ Այսօր աշխարհաքաղաքական պայքարը, որն անընդհատ վերածվում է հսկայական մարդկային զոհերի բերող թեժ հակամարտությունների, տարվում է համաշխարհային գերակայության հավակնություն ունեցող մարդկանց կողմից։ Ահա։ Այն, որ լրագրողական համայնքը վերածվում է զենքի՝ անպարկեշտ քաղաքական գործիչների և տնտեսագետների կեղտոտ ձեռքերում, իմ կարծիքով, անթույլատրելի է։ Եվ դա վատ է։

Այսօր, ինչպես շատերն են պնդում, տեղեկատվական պատերազմ է։ Ցանկացած պատերազմում կա երկու կողմ․ ագրեսոր կողմը և ագրեսորին կանգնեցնել փորձող կողմը»։ Այստեղ, բնականաբար, ենթադրվում է, որ ռուսականը՝ ի դեմս Լատիպովի, ներկայացնում է «լուսավոր կողմը», որը մտահոգված է «ֆեյքնյուզի» (արտաբերել ստացվեց միայն երրորդ փորձից) նման արատավոր երևույթներով տարված ԶԼՄ-ների կողմնակալությամբ և անմաքրակյացությամբ։

Հակազդող կողմի առաքելությունն իր վրա վերցնելով՝ Ռամիլ Լատիպովը կոչ արեց բոլոր առաջադեմ լրագրողներին, որոնք հավատում և հարգում են իրենց նախորդների ավանդույթները (ակնհայտ է, որ, ըստ նրա, հայաստանցի և ռուսաստանցի լրագրողների համար դրանք նույն մարդիկ են), միանալ իրենց։

Եթե Լատիպովը պետպաշտոնյա լիներ, կարելի կլիներ ենթադրել, որ խոսքը գրաքննության մասին է, որով ռուս գործիչը սիրալիր կերպով ուզում է կիսվել աշխարհի հետ։ Կոչը բառացիորեն այսպես էր հնչում․ «Այսօր պաշտոնական կարգավիճակ չունեցող լրագրությունը շատ է տարածված․ համացանքը շատերին է թույլ տալիս լրագրությամբ զբաղվել։ Կոչ ենք անում միանալ մեզ բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր կարծիքը, որ ժամանակն է վերջ դնել լրագրողների նկատմամբ այս ամենաթողությանը»։

Լրագրողների միջազգային ֆեդերացիան, որի ներկայացուցիչների հետ փոխխմբագիրը հասցրել է ամեն ինչի շուրջ պայմանավորվել, կաջակցի Շարժմանը։

Ճշտող հարցին՝ ինչ «ամենաթողության» դեմ է մտադիր պայքարել Լատիպովը, նա պատասխանեց․ «Օբյեկտիվ տեղեկատվություն հասցնել մեր երկրների քաղաքացիներին և միջազգային հանրությանը»։

Ընդ որում գլխավոր խմբագրի տեղակալ Լատիպովը ընդունում է․ «Օբյեկտիվ տեղեկատվության տակ կարելի է ներկայացնել ինչ ասես՝ կախված վճարողի շահերից»։

Հնարավոր էլ չի առարկել։

Ալլա Մանվելյան

Միաժամանակ Երևանում մեկ այլ ռուսական նախաձեռնության՝ Լազարևյան ակումբի նիստն էր։ Մանրամասները՝ այստեղ։