Հայաստանի լրատվական դաշտի խնդիրն այն է, որ նախ՝ սպառողն իր համար չի ընտրում, թե իր համար նախընտրելի լրատվամիջոցը որն է, իսկ մյուս կողմից՝ լրատվամիջոցը չի կարևորում հասարակության կարծիքը, չի աշխատում հասարակության համար։ Այս մասին Epress.am-ի «Շաբաթվա ամփոփում» հաղորդման ընթացքում ասել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի համակարգող Գեղամ Վարդանյանը։ Նրա խոսքով՝ հայաստանյան մեդիա դաշտի հիմնական մասն առաջնորվդում է այդ սկզբունքով և հասարակության վերաբերմունից կախում չունի։
Ըստ Վարդանյանի՝ այսօր Հայաստանում կա լրատվամիջոցների լյուստրացիայի խնդիր, քանի որ սեփականատերերի մասին տեղեկատվության փակ լինելը լուրջ խնդիր է առաջացնում․ «Ըստ էության՝ հասարակությունը չգիտի՝ որ լրատվամիջոցն ումն է։ Խնդիրը շատ պարզ է։ Հայաստանում լրատվամիջոցները սովորաբար կամ ՓԲԸ-ներ են, կամ ԲԲԸ-ներ։ ՍՊԸ-ներ չեն։ Եթե լինեին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, հնարավոր կլիներ դիմել e-ռեգիստր և համապատասխան տեղեկատվություն ստանալ և հրապարակել։ Իսկ ՓԲԸ-ների դեպքում բաժնետերերի մասին տեղեկատվություն ստանալու համար օրենսդրությամբ պետք է տվյալ ընկերության բաժնետոմս ունենալ»։
Լրատվական դաշտի մեկ այլ խնդիրը, փորձագետի խոսքով, նա է, որ չկա ազատ գումար։
«Հայաստանում որքան տնտեսությունն է վատ վիճակում, փող չկա, ըստ էության, այդքան էլ լրատվական դաշտում փող չկա։ Եվ ազատ տնտեսութունը ազատ գովազդների դաշտ չի ստեղծում։ Արդյունքում՝ հնարավոր չէ ունենալ հասարակության վստահության վրա ազատ տնտեսությունից ծնվող լրատվամիջոց։ Դրա համար սև փողեր են գալիս, պատկանելության խնդիրն է գալիս», – ասել է Վարդանյանը։
Նա կարևորել է նաև ԶԼՄ-ների՝ իրենց գաղափարական ուղղվածության մասին հայտնելու հարցը։ Վարդանյանի խոսքով՝ ընթերցողը պետք է հասկանա՝ ինչ արժեքներ է դավանում այն մեդիան, որից ինքն օգտվում է՝ լիբերալ, ավանդական կամ, օրինակ, սոցիալիստական։
Հաղորդումն ամբողջությամբ՝ այստեղ