Home / Հայաստան / «Ես հարյուր տոկոսով ռուս եմ և հարյուր տոկոսով հայ». ռեպորտաժ Լազարևյան ակումբից

«Ես հարյուր տոկոսով ռուս եմ և հարյուր տոկոսով հայ». ռեպորտաժ Լազարևյան ակումբից

Դեկտեմբերի 13-ին Մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Լազարևյան ակումբի» 3-րդ նիստը: Հավաքվել էին ռուսաստանցի և հայաստանցի քաղաքագետներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ։ Միջոցառումը վերնագրված էր «Հայաստանի և Ռուսաստանի ԶԼՄ-ները․ բաց խոսակցություն»։ Մինչև վերջ չմնացի։ Օրակարգի սահմաններում հասցրեցի լսել ընդամենը մեկ զեկույց, որի մասին՝ տեքստի վերջում։ Մինչ այդ ռուսերենով լիքը այլ բաներ հասցրեցի լսել ու կարդալ։

— Բա դու ստեղ ի՞նչ բանի ես։
Ինձ նկատեց տեղացի լրագրողներից մեկը, ով ծանոթ է Լոնդոնում և Թբիլիսիում ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպումներից։
— Հրավիրել են։
— Իմիջայլոց, ձեզ ինչի՞ համար չէին թողնում գնալ Վրաստան։ Տենց էլ չհասկացա։
— Ես էլ։ Գուցե հենց դրա համար են հրավիրել․․․ 

Մոտակայքում զրուցում էին տեղական ռուսալեզու թերթերից մեկի խմբագիրը, որում, ի դեպ, մեր կայքի մասին մի անգամ գրել էին «սորոսամերձ մեդիա-կանտոռկա», և ի թիվս այլ արարքների՝ սահմանադրական կարգը տապալելու համար դատվող Հայաստանի ու Ղարաբաղի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղարը։

ֆորպոստ, ցեղասպանություն, ԼԳԲՏ

Նստատեղերից մեկում իմ անունով ցուցանակն էր և թղթե պայուսակ․ պարունակությունը՝ «Լազարևյան ակումբի նիստերի նյութերը․ Հատոր 1-ին», ցեղասպանության մասին գիրք՝ Թաներ Աքչամի «Սպանելու հրամանների»՝ Թալեաթ փաշայի հեռագրերի ռուսերեն թարգմանությունը։

Պայուսակի մեջ էր նաև երրորդ նիստին ընդառաջ հրատարակված մի ամսագիր, որում, ի դեպ, հրապարակված էր ներկաներից մեկի՝ Վիտալի Տրետյակովի «Ռազմական գործընկերները նավթից թանկ են» վերտառությամբ տեքստը։ Մեջբերում Հայաստանի մասին․ «Սա մեր ֆորպոստն է Հարավային Կովկասում։ Ադրբեջանը մեզ հետաքրքրում է ավելի շատ ֆինանսական առումով․ այնտեղ նավթ կա, բայց Ռուսաստանի և որևէ այլ երկրի միջև ռազմական հակամարտության պարագայում վստահ եմ՝ մեր կողմից չեն լինի»։

Նույն ամսագրում նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանի հոդվածն է՝ վերատպված «Ռեգնումից»։ Կոչվում է «Հայաստանը և հայաստանցիները հուսալի պաշտպանության ներքո են, երբ Ռուսաստանի կողքին են»։ Հեղինակը գրում է, որ «սորոսական պնակալեզները, տոտալիտար կրոնական աղանդների ակտիվիստները, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները» երբեք չեն հասկանա «այլընտրանք չունեցող պատմական ընտրությունը, որի առաջ ոչ թե միայն իմ հեռավոր նախնիներն էին, այլև ամբողջ հայ ժողովուրդը»։ 

Եվս մեկ մեջբերում 4,5 էջանոց լավաշից, որում հոմոֆոբ Գեղամյանը, ով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում զրկվել է պատգամավորական աթոռից, գրում է Ազգային ժողովի նոր անդամներից մեկի՝ նախկին լրագրողի և քաղբանտարկյալի մասին․ «․․․Ինչն եմ ես գնահատում սեռական փոքրամասնության այս ներկայացուցչի մեջ՝ նրա անկեղծությունը, չէ որ նա չի էլ հերքում իր սիրային արկածների փաստը՝ սկսած դասալքության համար բանտ նստելուց մինչև մեր օրեր։ Երևի ԼԳԲՏ համայնքում գնահատվում է, որ փորձությունների ճիրանում անգամ, այսինքն՝ բոլորիս հայտնի վայրում, մեր հերոսը չի կորցրել ոգին՝ ուրախություն պատճառելով բանտակիցներին, զարդարելով նրանց առանց այն էլ բավական խիստ ճգնավորական մենությունը»։

Զատուլինը և Կարապետյանները

Ներկա էր նաև երևանցի Դմիտրի Պիսարենկոն, ով լավագույն թվերին թղթակցում էր НТВ-ին։ Երևան է վերադարձել «Россия сегодня»-ի հայկական մասնաճյուղը գլխավորելու։

Ակումբի նախագահ, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը պատմեց, որ միջոցառման համար ֆինանասավորում են ստացել Ռուսաստանի նախագահի աշխատակազմից։ Համագործակցության համար նա նաև շնորհակալություն հայտնեց «ավանդական ընկերներին»։ Նրանցից ոմանք հիշատակվում են ամսագրում՝ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյան («Տաշիր գրուպ») և «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլեր։

Զատուլինն իր ելույթում ասաց, որ Հայաստանը Կովկասի ռուսական Իսրայելն է՝ նշելով, որ մեջբերում է իր ընկեր Վազգեն Սարգսյանին (գնդակահարված 1999 թվականի հոկտեմբերի 27՝ խորհրդարանի դահլիճում)։

Զատուլինն այնուհետև խոսքը փոխանցեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին, ով վկայակոչելով «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ կոչ արեց հետագայում թարգմանություն ապահովել։ Դահլիճը սկսեց փսփսալ։ «Էս ինչ ա խոսում», – հայերենով ասաց կողքս նստած տղամարդը։

Անցնելով ռուսերենի, Կարապետյանը պատմեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները Թավշյա հեղափոխությունից հետո որակական նոր մակարդակ են ստացել, «ի հայտ են եկել համագործակցության խորացման նոր հնարավորություններ», Փաշինյանն ու Պուտինը բարձր մակարդակի 6 հանդիպում են ունեցել, կա պայմանավորվածություն ՌԴ նախագահի Հայաստան այցի շուրջ, «ինչին անհամբեր սպասում ենք»։

Մամուլի քարտուղարը պատմեց նաև տնտեսական ազատության և համացանցի ազատության ասպարեզներում Հայաստանի վարկանիշի բարձրացման մասին։ Վերադառնալով նիստի օրակարգին՝ նա հիշեցրեց, որ նախկին իշխանությունները հեղափոխությունից հետո գրեթե ամբողջությամբ պահպանել են վերահսկողությունը մեդիա-ռեսուրսների նկատմամբ և նոր թափ են տվել ֆեյք լուրերի արտադրությանը։ «Վստահ եմ, որ այս միջոցառումը կնպաստի ԶԼՄ-ներում իրավիճակի փոփոխությանը», – եզրափակեց Կարապետյանը։

հայերը, վրացիները, ադրբեջանցիները, թաթարները, մասնավորապես՝ Ղրիմի

Վիտալի Տրետյակովը գանգատվեց Ռուսաստանում ազգային շահերի պաշտոնական մեկնաբանության բացակայությունից և ասաց, որ Պուտինը 90-ականների վերջում հավաքել է փլվող երկիրը․ «Ես կարող եմ ձևակերպել ԱՄՆ շահերի պաշտոնական մեկնաբանությունը, կարող եմ ձևակերպել Ռուսաստանի ազգային շահերի իմ մեկնաբանությունը, բայց պաշտոնականը՝ չեմ կարող»։

Նա գոհ չէր նաև տարբեր հարցերի շուրջ ռուսաստանցի լրագրողների շրջանում միասնական կարծիքի բացակայությունից․ «Նույն խմբագրության լրագրողները տարբեր կերպ են մտածում Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին։ Ի՞նչ է առաջարկում իշխանությունը՝ բոլորի հետ ընկերություն անելուց բացի»։

Այնուհետև նա ասաց, որ Հայաստանը՝ ի տարբերություն Ռուսաստանի, մոնոէթնիկ երկիր է, ռուսական խմբագրություններում աշխատում են «հայեր, վրացիներ, ադրբեջանցիներ, թաթարներ, մասնավորապես՝ Ղրիմի․․․»։ Կա ազգային փոքրամասնությունների լեզուներով լույ տեսնող մամուլ։ Չեմ պատկերացնում անգամ՝ ինչ են այնտեղ գրում»։

Տրետյակովը խոսեց նաև 2008 թվականին՝ ռուս-վրացական հնգօրյա պատերազմի ժամանակ վրացական համայնքի ներսում տարաձայնությունների մասին․ «Պետք է ընտրեին՝ Ռուսաստանի կողմից են, թե Վրաստանի․․․ Ես՝ «Վրաստանին պետք է ներել, այնքան լավ ժողովուրդ են․․․» ասողների կողմից չեմ։ Նույն իրավիճակը ռուս-ուկրաինական հակամարտության պարագայում էր»։ Ուկրաինայի նկատմամբ լոյալ լրագրողները, ըստ նրա, Օդեսայից ու Լվովից գաղթածներն էին։ Տրետյակովը պարզաբանեց․ «Մե՛ր՝ սովետակա՛ն Օդեսայից ու Լվովից»։

Նա ասաց նաև, որ չգիտի՝ կարևոր հարցերի քննարկման ժամանակ ինչ ազգանունով լրագրողների եթեր թողնել՝ վրացակա՞ն, թե՞ ռուսական: Դահլիճից լսվեց Միհրանյանի ձայնը․

— Հայկական։
— Հայաստանի ու Ռուսաստանի լավագույն քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանով անհնար է փակել բոլոր ծակերը։

Խոսքը Միհրանյանին փոխանցելուց առաջ Տրետյակովը հասցրեց ասել, որ եթե սեղանը, որի շուրջ նստած են, գցած լիներ, ինքը անպայման կխմեր արվեստագետների, լրագրողների ու նկարիչների՝ երկակի լոյալության հետ խնդիրներ չունենալու կենացը։

Լավագույն քաղաքագետն իր ելույթում ասաց, որ նման խնդիր չունի և որ 2012 թվականին Նովո-Օգարյեվոյում, երբ Պուտինի և գործընկերների հետ քննարկվում էր, ով է հայրենասեր և ով՝ ոչ, ինքը՝ Միհրանյանը, վերաձևակերպեց հայկական ծագմամբ մի ֆրանսիացու․ «Ես հարյուր տոկոսով ռուս եմ և հարյուր տոկոսով հայ»։ 

Իսկ 2014 թվականին Ուկրաինայում Պուտինի և ռուսական բանակի գործողությունների ֆոնին լավագույն քաղաքագետ Միհրանյանը գրում էր, որ մինչև 1939 թվականը հողեր հավաքող Հիտլերը ամենաբարձր կարգի քաղաքական գործիչ էր։

«Հայաստանի և Ռուսաստանի ԶԼՄ-ները․ բաց խոսակցություն» նիստի շրջանակներում Միհրանյանը հիշեց ամերիկյան սենատորի գիրքը, որում նա գրել է ԽՍՀՄ ԱԳՆ ղեկավար Էդուարդ Շևարնաձեի հետ հանդիպման մասին․ «Հանդիպման ժամանակ նրա կինը՝ Նանուլին, ասաց, որ Վրաստանը պետք է ազատ լինի։ Պեկերին զարմացրեցին ԱԳՆ ղեկավարի ներընտանեկան տարաձայնությունները։ Այդպիսի երկիրը երկար չի ձգի։ Դա նախարարի սխալ ընտրություն էր։ Գորբաչովն ինքը՝ սխալ ընտրություն էր, բայց դա այլ թեմա է․․․»։

ասվածի մեջ հակառուսականություն մի՛ փնտրեք

Մինչև գնալս հասցրեցի լսել նաև Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին։ Իր խոսքում նա անդրադարձավ հայ-ռուսական հարաբերությունների շուրջ փորձագիտական և մեդիա ոլորտներում առկա որոշ կարծրատիպերին և ապոկալիպտիկ տրամադրություններին․ օրինակ, որ Ռուսաստանը թույլ է ներկայացված հայաստանյան տեղեկատվական դաշտում և որ այդ տարածքը աստիճանաբար զավթվում է «այլ ՀԿ-ների և ԶԼՄ-ների» կողմից։

Հակոբյանի թեզերը․ 

— Հայաստանի տեղեկատվական դաշտում օտարերկրյա հեռարձակողների (ԱՄՆ, Եվրոպա, Չինաստան) ներկայացվածությունը էականորեն զիջում է ռուսականներին։ Հեռարձակվում են ռուսական «РТР»-ը, Առաջին ալիքը, «Культура»-ն և «Мир»-ը։ 4 հեռարձակողներից մեկը ազգային թվային մուլտիպլեքսում հանրապետական ծածկույթ ունի, այսինքն՝ ներառված է նվազագույն սոցփաթեթում։ Նույն մուլտիպլեքսում ընդամենը մեկ օտարերկրյա հեռարձակող կա՝ CNN-ը, ընդ որում՝ միայն քաղաքային ծածկույթով։ Այդ հեռարձակողի լսարանը, մեր տվյալներով, ձգտում է զրոյի։

— Նույնը՝ ռադիոյի պարագայում․ ռուսական ռադիոկայանները և տեղականները՝ 70-80 տոկոսով ռուսական բովանդակությամբ։ 1 օտարերկրյա հեռարձակող՝ Radio France, որի լսարանը կրկին ձգտում է զրոյի։

— Կաբելային ցանցում 155-ից ավել ռուսական հեռարձակողներ կան։

— Երբեմն հարցեր են շոշափվում, որոնք կարող են հետաքրքիր լինել բացառապես ռուսական լսարանի համար։ Դա չպետք է հեռարձակվի մեր տարածքում․ հաճախ կարող է վանող լինել։ Հատկապես, երբ սեփական գրպանից վճարում ես ազգային մուլտիպլեքսի համար, բայց միացնում ես ռուսական պետական ալիք ու քո մասին ոչ այնքան հաճելի բաներ ես լսում։ Բայց մենք՝ որպես դաշնակիցներ, դրան ըմբռնումով ենք մոտենում, հաճախ աչք ենք փակում, նույնիսկ երբ այդ հեռարձակողները մամուլի հետ կապված հայկական օրենսդրությունն են խախտում։

— Իրավահավասար, հայելային, փոխշահավետ հարաբերություններ չկան։ Հայաստանում հավատարմագրման բացարձակ ազատ համակարգ է գործում, կաբելային օպերատորը 10-12 օրվա ընթացքում կարող է հեռարձակման թույլտվություն ստանալ։ Նույն Ռուսաստանում Հայաստանի հանրային հեռուստատեսությանը՝ ազգային հեռարձակողին, Ռոսկոմնադզորից թույլտվություն ստանալու համար 7 ամիս պահանջվեց։

— Մեր ազգային հեռարձակողը օպերատոր է փնտրում, որով կկարողանա իր ստեղծած կոնտենտը ներկայացնել․․․ Ռուսական խոշորագույն օպերատորներից մեկը հեռարձակման դիմաց տարին կեսմիլիոն դոլար է պահանջում։

— Ռուսաստանի հետ աշխատելու հարթակներ չկան։ Եվրոպայի հետ մենք աշխատում ենք առավոտից իրիկուն։ Մենք անդամակցում ենք տարբեր կազմակերպությունների, հարթակների․․․ Իմ նշանակումից առաջ Ռուսաստանի հետ կապ առհասարակ չկար։ Ընկերներիս միջոցով կարողացա հանդիպում կազմակերպել Ռոսկոմնադզորի նախագահ Ալեքսանդր Ժարովի և նրա առաջին տեղակալ Վադիմ Սուբոտինի հետ․․․ Առաջարկեցի համաձայնագիր ստորագրել՝ որոշ հարցեր կարգավորելու համար։ Ռուս գործընկերները համաձայնեցին։ Նրանց ուղարկեցի մեմորանդումի նախագիծը։ Անցավ 7 ամիս։ Մի քանի անգամ հիշեցրեցի։ Ոչ մի արձագանք։

— Ռուսական առաջին ալիքն արդեն 7 տարի չի վճարում Հայաստանում հեռարձակվելու համար, թեև տարեկան 40 հազար դոլարը իրենց համար կոպեկներ են։

— Մենք ընկերներ ենք, հավերժ միասին կլինենք։ Եկեք ընդունենք սա իբրև բանաձև և նորմալ իրավահավասար հարաբերություններ սկսենք։ Մենք մեր կողմից դրա համար անում ենք ամեն բան։ Այստեղ հակառուսականություն մի՛ փնտրեք։ Մենք նման մտադրություն չունենք։ Մենք իսկապես տրամադրված ենք կառուցողական աշխատանքի, այլ ոչ ընկերության և համագործակցության մասին հմայիլների և մանտրաների։

Յուրի Մ․