Home / Մեդիա / Մոլդովայում արգելել են ռուսաստանյան լրատվական հաղորդումներ հեռարձակել

Մոլդովայում արգելել են ռուսաստանյան լրատվական հաղորդումներ հեռարձակել

Մոլդովայի իշխանություններն արգելել են երկրում ռուսաստանյան լրատվական հաղորդումների հեռարձակումը։ Համապատասխան օրենքը ստորագրել է խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն։ Վերջինս դա արել է երկրի ռուսաստանամետ նախագահ Իգոր Դոդոնի փոխարեն, ում հունվարի սկսզբին ժամանակավորապես հեռացրել են պաշտոնից։ Դոդոնը նախկինում երկու անգամ մերժել էր օտարերկրյա պրոպագանդայի դեմ պայքարի մասին օրենքը, թեև, ըստ Սահմանադրության, պարտավոր էր այն հաստատել։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, նոր օրենքն արգելում է Մոլդովայում հեռարձակել տեղեկատվական-վերլուծական, ռազմական կամ քաղաքական հաղորդումներ, եթե դրանք արտադրվել են Անդրսահմանային հեռուստատեսության մասին եվրոպական կոնվենցիան չընդունած երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում։ Արգելքի խախտումը նախատեսում է տուգանք 2֊4 հազար եվրոյի չափով և հեռարձակողների լիցենզիայի գործողության կասեցում։

ՌԴ Դաշնային Խորհուրդը պաշտոնական Քիշնևի դիրքորոշումն անվանել է «ապակառուցողական ու սխալ»։

Օտարերկրյա պրոպագանդայի դեմ պայքարի մասին օրինագիծն առաջին անգամ Մոլդովայի խորհրդարանի կողմից ընդունվել էր նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին։ Փաստաթուղթը մշակել է իշխող Ժողովրդավարական կուսակցությունը։ Երկրի նախագահը, սակայն, մերժել էր օրինագիծը։ Այնուամենայնիվ, դեկտեմբերի վերջին խորհրդարանը կրկին քվեարկել էր դրա ընդունման օգտին։ Հունվարի 4֊ին Դոդոնը դիմել էր Սահմանադրական դատարան՝ խնդրելով ստուգել ընդունված փոփոխությունների օրինականությունը։

Սահմանադրական դատարանը նախագահի լիազորությունները ժամանակավորապես կասեցրել է հունվարի 2֊ին, այն բանից հետո, երբ Դոդոնը երկրորդ անգամ մերժեց կառավարության 7 անդամների՝ վարչապետի առաջարկած թեկնածությունները։ Ըստ օրենքի՝ նախագահը նման կերպ կարող է վարվել միայն մեկ անգամ։