Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրանում է «Հազարիների սև օր» անունը ստացած հազարի ժողովրդի ցեղասպանության 127-ամյակը։
Վկայությունների համաձայն, Աբդուր Ռահման Խանի (1880–1901) կառավարման օրոք Աֆղանստանի տարածքում հազարավոր հազարիներ են սպանվել ու գերեվարվել։ Ժամանակակից հազարի գրող Սեյիդ Ասքար Մուսավին պնդում է, որ այդ տարիներին Հազարաջաթի (Աֆղանստանի հազարիներով բնակեցված շրջանը) բնակչության կեսը սպանվել կամ տարհանվել է դեպի Բրիտանական Հնդկաստանում գտնվող Բելուջիստան և Իրանի Խորասան նահանգ։ Հազարիների նկատմամբ այսպիսի հետապնդումների արդյունքում, փուշթուներն ու այլ ժողովուրդներ գրավել են Հազարաջաթի բնակելի տարածքների ահռելի մասը։ Փուշթուները մինչ օրս շարունակում են ղեկավարել այդ տարածաշրջանն ու ճնշումներ գործադրել հազարի ժողովրդի նկատմամբ։
1893 թվականի ողբերգական դեպքերից ավելի քան մեկ դար անց հազարիներն Աֆղանստանում շարունակում են ապրել անապահովության զգացողությամբ․ համակարգային ռասիզմի պատճառով հազարի ժողովուրդը շարունակական վերաբնակեցումների և անգամ կոտորածների է ենթարկվում։
Ըստ 2001 թվականին կնքված Բոնի համաձայնագրի, Աֆղանստանի կառավարությունը պետք է կազմվեր ուժի բաշխման սկզբունքով․ յուրաքանչյուր ազգային փոքրամասնություն պետք է ունենար իր ներկայացուցիչը կառավարության կազմում։ Այս սկզբունքը, սակայն, այդպես էլ չգործեց Աֆղանստանի բնակչության շուրջ 27 տոկոսը կազմող (մեծությամբ երրորդ էթնիկ խումբը) հազարի ժողովրդի համար։ Կառավարությունում հազարի ժողովրդին ներկայացնող միակ պաշտոնյան երկրորդ փոխնախագահն է, ով՝ Աֆղանստանի օրենսդրության համաձայն, գործադիր իշխանություն չունի․ պաշտոնը զուտ սիմվոլիկ բնույթ է կրում։
Նույնիսկ մեծամասամբ հազարիներով բնակեցված Բամիան քաղաքի ղեկավարությունը մեծամասամբ նշանակվում է իշխանությունների կողմից։ Տեղական ինքնակառավարման ընտրությունները անց են կացվում ոչ թափանցիկ ձևով։ Տարիներ շարունակ այդ ընտրություններում հաղթում է իշխող ուժի առաջադրած թեկնածուն։
Հազարիները պարսկախոս էթնիկ խումբ են։ Խոսում են պարսկերենի բարբառով, որը փոխհասկանալի է Աֆղանստանի երկու պաշտոնական լեզուներից մեկի՝ դարիի կրողների համար։
Հազարի ժողովրվրդի մեծ համայնք կա նաև Պակիստանի Քուետա և Իրանի Մաշադ քաղաքներում։
Ցեղասպանության 127-ամյակի և հազարիների նկատմամբ շարունակական ճնշումների մասին ֆեյսբուքի օգտատերեը գրում են #HazaraGenocide, #HazaraLivesMatter, #HazarasAreNotSafeinAfghanistan, #HazaraWorld, #HazaraWorldEnglish հեշթեգերով։