Այսօր Կարաչիի միջազգային օդանավակայանի շրջանին մոտ վթարի է ենթարկվել «Պակիստանի միջազգային ավիագծեր» ընկերության ինքնաթիռը: Նշվում է, որ ինքնաթիռը վայրէջքի էր պատրաստվում։
Պակիստանի պետական հեռուստաալիքներով կադրեր են ցույց տվել, որոնց համաձայն ինքնաթիռն ընկել է քաղաքի բնակելի գոտում։ Ընկերության ներկայացուցիչը փոխանցել է, որ A320 Airbus տեսակի օդանավում վթարի պահին 99 ուղևոր և անձնակազմի 8 անդամ է եղել:
Դեպքի վայր են ժամանել Պակիստանի բանակային ստորաբաժանումները, արտակարգ իրավիճակների ծառայության խմբերն ու տեղական պաշտոնյաները:
Աղետի հնարավոր պատճառի և զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չկան:
«Ինքնաթիռը Կարաչիում է ընկել։ Փորձում ենք ճշտել ուղևորնրի հստակ թիվը։ Նախնական տվյալներով օդանավում 99 ուղավոր և անձնակազմի 8 աշխատող է եղել», – պատմել է Քաղավիացիայի ներկայացուցիչ Աբդուլ Սաթար Կոհարը։ Նրա փոխանցմամբ, ինքնաթիռը Կարաչի գալիս էր Լահորից։
Ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է վայրէջքից մեկ րոպե առաջ։