Home / Բանակ / Մայրական տիեզերական սեր․ Աննա Հակոբյանը մարտական պատրաստություն կանցնի

Մայրական տիեզերական սեր․ Աննա Հակոբյանը մարտական պատրաստություն կանցնի

«Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, նախկին լրագրող, Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ղարաբաղի նորընտիր նախագահի տիկին Կրիստինե Հարությունյանի ուղեկցությամբ մայիսի 22-ին Ստեփանակերտում հանդիպել է հասարակական, քաղաքական և մշակութային գործունեություն իրականացնող կանանց հետ։

Ներկայացնելով «Կանայք հանուն խաղաղության» արշավի զարգացումներն ու ապագա ծրագրերը՝ Հակոբյանը նշել է, որ դրա նպատակն է միավորել բոլոր կանանց, որպեսզի նրանք պահանջեն քաղաքական որոշում կայնողներից, որոնք հիմնականում տղամարդիկ են, տարբեր երկրների միջև գոյություն ունեցող հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով:

«Մենք որպես կին, մայր, քույր բոլոր իրավունքներն ունենք մեր ամուսիններից պահանջելու խնայել մեր որդիների, եղբայրների, ամուսինների կյանքերը և ուժի մրցավազքը մարտի դաշտից տեղափոխել մտքի, ուղեղի դաշտ: Անհնարին ոչինչ չկա, և ընդամենը քաղաքական կամք է հարկավոր պատերազմներից հրաժարվելու և բոլոր հակամարտությունները բանակցությունների ճանապարհով լուծելու համար: Բանակցությունների սեղանն ավելի պակաս պայքարի դաշտ չէ, ընդ որում այնտեղ բոլորը կարող են լինել հաղթող, ուղղակի ի տարբերություն պատերազմի, այդ ընթացքում կօգտագործվի մարդկային միտքը և ոչ թե տարբեր մարդկանց, հազարավոր մարդկանց կյանքերը: Բանակցություններում յուրաքանչյուրը կարող է տանել իր հաղթանակը», – ասել է Աննա Հակոբյանը՝ նշելով, որ շատերը փորձում են արշավը մեկնաբանել որպես թուլության դրսեւորում, որը թյուր տեսակետ է, ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

«Համոզված եմ և վստահ, որ Արցախի նկատմամբ ռազմական ոտնձգության պարագայում ոչ միայն մեր բանակը այլև մեր ողջ հանրությունն է կանգնելու նրա պաշտպանության դիրքերում` զինվորական թե քաղաքացիական, տղամարդ թե կին: Ինչպես ես, այնպես էլ բազմաթիվ կանայք, համոզված եմ, պատրաստ են զենք վերցնել  իրենց հայրենիքը և երեխաներին պաշտպանելու: Բայց դա  ոչ թե հանուն պատերազմի, այլ ապացուցելու համար, որ խաղաղությունն այլընտրանք չունի:

Այս համատեքստում կարծում եմ, որ մենք մեր ժամանակի մի շատ կարևոր մասը կծախսենք «Կանայք հանուն խաղաղության» արշավի վրա, և որպես վերը նշված խոսքերի ապացույց պատրաստվում ենք նաեւ մարտական պատրաստության դասընթացներ անցնել: Մենք որպես կին և մայր պետք է ջանք չխնայենք մեր երկրներին և տարածաշրջանին տևական խաղաղություն բերելու համար: Հենց դրան է նվիրված «Կանայք հանուն խաղաղության» արշավը», – ասել է Աննա Հակոբյանը։

Միևնույն ժամանակ նա ասել է, որ արշավը չի ճանաչում ազգություն, կրոն, մաշկի գույն և որ բոլորը կարող ենք միանալ խաղաղության այս կոչին․ «Մենք հավատում ենք, որ Մայրական տիեզերական սիրո առաջ անզոր են աշխարհի բոլոր զենքերը»։

Ըստ առաջին տիկնոջ գրասենյակի՝ հանդիպման այլ մասնակիցները ողջունում են նախաձեռնությունը և պատրաստ են աջակցել։