Home / Կանանց իրավունքներ / Աննա Հակոբյանն անդրադարձել է ողբերգական դեպքի հետ կապված արձագանքներին

Աննա Հակոբյանն անդրադարձել է ողբերգական դեպքի հետ կապված արձագանքներին

․․․Ես ուղղակի ուզում եմ, որ մենք որպես հասարակություն մտածենք այս հարցերի շուրջ՝ առանց վճիռների, առանց եզրակացությունների։ Ուզում եմ նաև փորձենք պատկերացնել այն տառապանքը, որ 40 տարեկան հայրը, որն ակնհայտորեն եղել է երեխաներին սիրող, որը չի գտնվել թմրանյութերի կամ խմիչքի ազդեցության տակ, մոտեցել է անկողնում մուշ-մուշ քնած, արջուկը գրկած իր 8-ամյա տղային, գրկել է, հանել տաք անկողնուց, մոտեցրել է պատուհանին և նետել ցած։ Պատկերացնենք դրանից հետո այն վայրկյանները, որ ինքը քայլել է դեպի ննջարան, գրկել իր 5-ամյա աղջկան․․․ Պատկերացնենք՝ ինչի՞ միջով է անցել, այն դժոխքը, որի միջով այդ անձն անցել է, որովհետև չի՛ գտել իր կյանքում որևէ այլ լուծում։

ՀՀ վարչապետի կինն՝ Աննա Հակոբյանը, Ֆեյսբուք սոցցանցի ուղիղ եթերում անդրադարձել է Երևանում տեղի ունեցած՝ 40-ամյա և նրա մանկահասակ երեխաների ողբերգական դեպքին՝ խոսելով կատարվածի շուրջ հանրային ընկալման, հնչող կարծիքների, գնահատականների և «դատավճիռների» մասին։

– Առաջին հարցը, որն առաջանում էր յուրաքանչյուր քաղաքացու մոտ այն էր, թե ի՞նչը կարող էր նման քայլի պատճառ լինել։ Եվ բնականաբար, լրագրողները պետք է սպասարկեին հանրության այս հետաքրքրությունը և փորձեին տարբեր պատասխաններ գտնել, որոնք կօգնեին վարկածներ առաջ քաշել։ Վարկածները, հաշվի առնելով, թե ի՞նչ հարցեր էին ուղղվում լրագրողների կողմից, առաջին հերթին, հարևաններին՝ բացահայտելու համար վարկածի ուղղությունը, մի քանիսն էին։

Օրինակ, որ այդ տղամարդը գտնվել է անհավասարակշիռ հոգեկան վիճակում, նախկինում էլ ունեցել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Երկրորդը՝ նման քայլի դիմել է ինչ-որ ազդեցության տակ․ թմրանյութի կամ ալկոհոլի։ Երրորդ վարկածը՝ կնոջ հետ ունեցել է սրված հարաբերություններ, բաժանություն է եղել, խնդիր է եղել երեխաներին իրար մեջ կիսելու․․․ Եվ չորրորդ պատճառը հավանական կարող էր համարվել, որ ինչ-որ փաստ լսելու աֆեկտի տակ է նման քայլի դիմել։

Հակոբյանը լսել է հարևանների հետ հարցազրույցները՝ առանձնացնելով այն պատասխանները, որոնք հերքում էին վերը նշված վարկածները․

– Միջին տարիքի մի կին՝ հարևան, նկարագրում էր, որ տղամարդը հոգատար պապա էր եղել, մի քանի օր առաջ տեսել են երեխաների հետ բակում՝ մարզանք անելիս, սամոկատ քշելիս։ Ըստ այս կնոջ՝ վերջին շրջանում ինքնամփոփ էր եղել, բայց տարօրինակ և արտառոց ոչինչ այս կինը նրա մոտ չի նկատել։

Մեկ ուրիշն ասում է, որ աֆիցեռ [սպա] է եղել, գերազանց տղա էր եղել, գեր գերազանց նույնիսկ, նառկոման չի եղել, արբեցող չի եղել, նորմալ վարքագիծ էր ունեցել․․․

․․․Բոլոր հարևանները հերքում էին կամ առնվազն չէին հաստատում այն փաստը, որ ամուսիններն ամուսնալուծված են եղել։ Մեծ մասն ասում էր՝ ոչ, նման բան չկա։ Մեկն ասում էր՝ գուցե ինչ-որ բաներ են լսել, որ ամեն ընտանիքում էլ կարող է պատահել, և դա՛ են վերագրել բաժանությանն, ինչն այդպես չէ․․․

Եվ միայն մեկ հոգի իր խոսքում ասեց՝ վերջերս հաշտվել էր կնոջ հետ։

Եվ մեկ կին էլ ասեց, որ կինը հաճախ գնում-գալիս էր վերջին շրջանում։

Նշանակում է, որ միասին, երևի, չէին ապրում, ինչ-որ ժամանակ, համենայնդեպս։

Կնոջ մասին պակաս խոսակցություն գնաց լրատվամիջոցներում։ Լրատվամիջոցներից մեկն ուղղակի գրել էր, որ հարևանները չեն հիշում ընտանիքի մորը, անգամ անունը չգիտեն, ասում են՝ մեկ-երկու անգամ տեսել են, բայց չեն շփվել, այդ կինը չէր սիրում տանից դուրս գալ։

Մեկ ուրիշ տիկին, որը հավաստիասցնում էր, որ իրենք նորմալ հարաբերություններ են ունեցել, միայն մի փոքր, որպես միակ հավանական անախորժ դրվագ այդ ընտանիքի կյանքում, էդ տոնով, համենայնդեպս, նշեց՝ կարող է կինը մի քիչ սիրուն էր, ինքն էլ՝ խանդոտ։

Սա կնոջ միակ բնութագրիչն էր․․․

Ի տարբերություն հարևանների, համացանցում, մասնավորապես, ֆեյսբուքյան տիրույթում շատ ավելի լուրջ դիրքորոշումներ և վերջնագրերով արտահայտություններ եղան։ Դրանք նույնպես ուսումնասիրել եմ, և այստեղ, ըստ էության, ոչ թե վարկածներ էին առաջ քաշվում, այլ գերակշռում էր մեկ վարկած։ Կարող ենք ասել, որ ֆեյսբուքյան դատաքննություն տեղի ունեցավ և օրվա ավարտին դատավճիռ արձակվեց, որ կատարվածի մեղավորը կինն է։

https://www.facebook.com/wifeofarmenianPM/videos/874688422936734/

Այս վարկածը վերջնական էր, անբեկանելի և արտահայտվում էր կնոջ մասին վիրավորական արտահայտություններով, որոնցից ստիպված եմ մի քանիսը, որոնք պատշաճության սահմաններում են, մեջբերել։

Ինչ-որ մեկն, օրինակ, նյութերից մեկի տակ ծավալված քննարկման մեջ հարց է տալիս, թե այսքանից հետո ինչպե՞ս կարող է մայրն ապրել՝ առանց երեխաների։ Մեկ ուրիշն ասում է՝ ոնց որ մինչև էդ էլ մայրը երեխաներին պահողը չի եղել։ Մյուսն ասում է՝ լսել եմ, որ կինն է մեղավոր, ամուսինը շնորհքով է եղել։ Երրորդը գրել է՝ նա էդ քայլով պատժել է նախկին կնոջը, որ թույլ չէր տալիս երեխաներին տեսնել և փոխանցել իր հայրական ջերմ սերն ու զգացմունքները։ Չորրորդը գրել է՝ կնոջ սատանա քայլերն են պատճառը եղել։ Վիրավորական բառեր, հայհոյախառը բառեր․․․ Օրինակ, որ կինը ման է եկել, երևի, պատճառը դա է։ Մյուսը գրել էր․ ո՞ւր է փողոցայինը․․․

Համացանցում գերակշիռ գոյություն ունեցող կարծիքը և վարկածն, ինչպես տեսաք, խոսում է այն մասին, որ կատարվածի մեղավորը կինն է։ Քանի որ վարկածներ են առաջ քաշվել և արդեն բոլորը շրջանառվում էին, ես ուզում եմ միասին ևս մեկ վարկած առաջ քաշենք, քննարկման ուղղությունները գոնե տանել այդ ուղղությամբ, վճիռներ կայացնելու փոխարեն։

Սրա համար շատ կարևոր է Երևանի պատմության թանգարանի տնօրենի բնութագրումը, որտեղ 40-ամյա այդ քայլին դիմած տղամարդն անցյալ տարի ապրիլից-հուլիս ընկած ժամանակահատվածում փորձաշրջան է անցել։ Մեջբերում եմ տնօրենի խոսքը․«Լավ տպավորություն թողեց, փորձաշրջանն ավարտելուց հետո պայմանագիրը լուծարվեց, փորձում էր նոր ծրագրեր, գաղափարներ անել, ինչը ներկայացնում էր՝ կիսատ էր, ավարտին չէր հասցնում, այնպիսի առաջարկներ էր անում, որ մենք դրանք վաղուց իրագործել էինք»։

Ուզում եմ ինքներս մեզ հարց տանք․ կարո՞ղ ենք առաջ քաշել այն վարկածը, որ տղամարդն, օրինակ, գտնվել է տարիքային բարդ փուլի մեջ, մեկուկես տարի առաջ անցել է թոշակի և փորձել, օրինակ, վերգտնել իրեն, նոր աշխատանք գտնել և ձախողել է։ Իր մոտ զարգացել է թերարժեքության բարդույթ, ինքնագնահատականի անկում։ Եվ մենք գիտենք, որ ունեցել է գեղեցիկ կին և խանդել է։ Եվ ունենք ինֆորմացիա, որ կինը շատ չի շփվել, և թեև, հարևանուհու կարծիքով, դա եղել է կնոջ որոշումը, բայց, գուցե, դա եղել է ամուսնու խանդն է՛լ ավելի չգրգռելու համար․․․ հարկադրված որոշում է եղել կնոջ կողմից։ Գուցե, նաև, զարգացնելով, կարող ենք ասել, որ կինն, ի վերջո, ճնշումների չէր դիմացել և որոշել էր բաժանվել։ Բայց քանի որ ունենք նաև տեղեկատվություն, որ նրանք հաշտվել են, և կինը վերադարձել էր, կարո՞ղ ենք ենթադրել, որ այդ կինն, այնուամենայնիվ, ցանկացել էր փրկել իրենց ընտանիքը կործանումից, դրա համար էր վերադարձել՝ հույս ունենալով, որ ամուսինը կհաղթահարի իր խնդիրները։

Կարծում եմ, որ եթե իրավունք ունենք քննարկել, որ կնոջ վարքն է եղել նման քայլ անելու պատճառը, իրավունք ունենք նաև քննարկել, որ կարող է ամուսնու խնդիրներն են հանգեցրել նման ողբերգական իրավիճակի։

․․․Կարող ենք ենթադրել, որ տղամարդը բոլորից թաքցրել է իր խնդիրները։ Իսկ հնարավո՞ր է, որ թաքցրել է, որովհետև 40-ամյա հայ տղամարդու համար խոստովանելը, որ ունի խնդիրներ իր ներսում, իր գլխում, ունի խնդիրներ կնոջ հետ և ընտանիքում, ուղղակի ամոթալի է․․․

Փորձենք պատկերացնել մի իրավիճակ, երբ նա չի թաքցնում և խոստովանում է ընկերոջը, եղբորը, հարևանին կամ կնոջը, որ ունի խնդիրներ։ Ես սխալված կլինե՞մ արդյոք, եթե ասեմ, որ առնվազն անլուրջ արձագանքի կարժանանար, եթե չասեմ, որ ինքնագնահատականը շատ ավելի նսեմացնող բառակապակցություններ, օրինակ, «բա դու ի՞նչ տղամարդ ես, որ չես կարողանում քո տան հարցը լուծես»․․․։ Մեջբերելու կարիք չունեմ, մենք բոլորս շատ լավ գիտենք, թե ինչպես կարող են հնչել այդ արտահայտությունները։

Կամ եկեք մի պահ պատկերացնենք, որ այդ տղամարդը խոստովանած լիներ, որ ունի խնդիրներ և իրեն որևէ կարեկից մեկը խորհուրդ տար դիմել որևէ մասնագետի, հոգեբանի․․․ Եվ նույն այդ հարևանները, որ երեկ հարցազրույց էին տալիս, իմանային, որ այդ տղամարդը հաճախում է հոգեբանի կամ այլ մասնագետի, որպեսզի իր խնդիրները լուծի։

Ես կարող եմ կասկածել, առնվազն բարձրաձայնել իմ կասկածը, որ ծաղրի առարկա կդառնար պարզապես և այնպիսի մթնոլորտ կստեղծվեր, որ նրան պարզապես կոչնչացնեին։

Աննա Հակոբյանը, դիմելով հասարակությանը, խնդրեց փորձել մտնել այդ մարդկանց դրության մեջ, կնոջ դրության մեջ, որը մինչև կյանքի վերջ իրեն այս նույն հարցերն է տալու։

– Եվ ինքներս մեզ հարց տանք, արդյոք մենք ունե՞նք պատասխանատվության բաժին։ Արդյոք ունե՞նք մեղավորություն։ Ներողություն եմ խնդրում, բայց պետք է ավելի կոպիտ լինեմ, և ասեմ՝ արդյոք մենք չե՞նք սպանել այս տղամարդուն և իր մանկահասակ երեխաներին։

Հասարակությունը, որտեղ բոլոր չափանիշներով նորմալ ընտանիքի նորմալ հայրը կարող է սպանել իր երեխաներին և ինքնասպան լինել, ինքն իրեն հարցեր տալու պատճառներ ունի, – մասնավորապես, ասել է առաջին տիկինը «Ինչո՞ւ են կանայք միշտ մեղավոր» վերնագիրը կրող տեսաուղերձում։