Կառավարությունը վերջին օրերին ինտենսիվորեն քննարկում էր ապրլի 24-ի միջոցառումների կազմակերպչական հարցերը, ասում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Կորոնավիրուսից բխող սահմանափակումները հաշվի առնելով՝ գործադիրն ի վերջո մշակել և հանրությանն է ներկայացրել ցեղասպանության 105-ամյակին նվիրված միջոցառումների նոր ցանկը։ Միջոցառումները, Աղաջանյանի խոսքերով, սկսվելու են ապրիլի 23-ի երեկոյան 21։00-ից։
«Կլինեն եկեղեցական զանգերի ղողանջներ, որոնց ներքո պետք է մարեն Երևանի և մարզկենտրոնների փողոցների լույսերը։ Մենք կոչ ենք անելու մեր քաղաքացիներին մարել նաև իրենց բնակարանների լույսերը և սևեռել հայացքները դեպի հուշահամալիր կամ դիտել Հանրայինի ուղիղ եթերը և բջջային հեռախոսների լույսերի վառումով պատուհաններից խորհրդանշել միասնական ներկայությունն անմար կրակի շուրջ», – այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը։
Նրա խոսքերով, «լուսավառ ոգեկոչման» այդ րոպեն կունենա իր խորհրդանշական արձագանքը Ծիծեռնակաբերդից և տեղի կունենա «Լիանա Ալեքսանյանի և Կամո Սեյրանյանի «Արի իմ սոխակ» երգի կատարման ներքո»։
Ապրիլի 23-ի համար նախատեսված միջոցառումները այդքանով կավարտվեն։
Ապրիլի 24-ին առավոտյան 08։00-ից սկսած քաղաքացիներին հնարավորություն կձեռվի «հաղորդակցություն ուղարկել 1915 կարճ համարին (Հայաստանից) և 0037433191500 հեռախոսահամարին (արտասահմանից)՝ իրենց անվամբ հաստատելու հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին»։ SMS ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին։
Ժամը 10։00-ից կմեկնարկեն Հայաստանի վարչապետի, նախագահի, Ազգային ժողովի նախագահի և Կաթողիկոսի այցերը Ծիծեռնակաբերդ։ Ըստ Աղաջանյանի, պաշտոնյաների և կաթողիկոսի խոնարհումի արարողությունները կուղեկցվեն հանրահայտ դաշնակահար, վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կենդանի կատարմամբ։
Պետպաշտոնյաներից, նրանց ուղեկցող անձնակազմից և դաշնակահար Հայկ Մելիքյանից բացի՝ անվտանգային և առողջապահական նպատակներից ելնելով մնացած քաղաքացիների մուտքը հուշահամալիր կարգելվի։ Աղաջանյանի փոխանցմամբ, դեպի համալիր մուտքերն այսօրվանից փաստացի փակ կլինեն։
Այնուհետև գեղարվեստական ծրագրով ժամը 22։00-ին կմեկնարկի հարգանքի տուրքը։ Ծրագիրը կընդգրկի պետական կոլեկտիվների և անհատ կատարողների դասական և ժողովրդական ժանրի ստեղծագործություններ և կտևի մինչև լուսաբաց։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հավելմամբ՝ կառավարությունը «ջանք չի խնայել մեր յուրաքանչյուր քաղաքացու խորհրդանշական ներկայությունը Ծիծեռնակաբերդում ապահովելու համար՝ սկսած ծաղիկների խոնարհումից և վերջացրած մեկ երեկոյի ժամանակ միասնական լույս վառելով»։
ԿԳՄՍ նախարարը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ տարբեր քաղաքների լույսերը կմարեն ամսի 23-ին՝ ժամը 21։00-ին, և առաջարկեց, որ մեզնից «յուրաքանչյուրն իր տանը, նաև՝ անվտանգությունից ելնելով, որևէ լույս վառի» այդ ընթացքում, որը նաև «կխորհրդանշի մեր միասնական լույսի վառումը Ծիծեռնակաբերդում»։
Նախարար Հարությունյանը հիշեցրեց նաև եկեղեցական զանգերի ղողանջների մասին։ Նրա խոսքերով, լույսերը մարելուն զուգահեռ ամբողջ Հայաստանով ղողանջելու որոշումը Հայ Առաքելական եկեղեցու հետ քննարկումների արդյունքում է կայացվել՝ միասնական համաձայնությամբ։