Մի խումբ մտավորականներ ու ակտիվիստներ չորեքշաբթի՝ ապրիլի 8֊ին, «Առերեսվիր 1915֊ին» խորագրով հանդիպում են կազմակերպել Ստամբուլում՝ քննարկելու Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերը, գրում է թուրքական Today's Zaman կայքը։
Ստամբուլի Բիլգի համալսարանի պրոֆեսոր, հայերեն ու թուրքերեն լեզուներով լույս տեսնող «Ակօս» թերթի սյունակագիր Օհաննես Քիլիչդաղլին խոսել է այն մասին, թե ինչպես բռնագաղթված ու հալածանքներից փրկված հայերն ի վիճակի չեղան վերադառնալ իրենց նախկին հայրենիք։
«1918֊1920թթ․ միջև ընկած ժամանակահատվածը, երբ Թուրքիայի Հանրապետությունը դեռ գոյություն չուներ, իրականում, այն ժամանակն էր, որի ընթացքում ցեղասպանությունը բացահայտորեն քննարկվում էր։ Քեմալական ռեժիմից ու կառավարության՝ կայունություն ձեռք բերելուց հետո եկավ «օդը մաքրելու» ժամանակաշրջանը։ Ստեղծվեցին պայմաններ՝ կանխելու բռնագաղթված հայերի վերադարձն իրենց նախկին գույքին ու ունեցվածքին»,֊ ասել է Քիլիչդաղլին։
Նրա խոսքով՝ դրան հետևեց «լռության շրջանը», որի ընթացքում ստեղծվեց ընկալում, թե ոչինչ ընդհանրապես տեղի չի ունեցել․ «Ավելին, ձևավորվեց ընկալում, ըստ որի, Թուրքիայում հայեր ի սկզբանե չէին եղել»։
Հանդիպմանը Քիլիչդաղլին ներկայացրել է նաև Ստամբուլի Շեհիր համալսարանի պրոֆեսոր Ֆերհաթ Քենթելի անցկացրած հարցման տվյալները, որի մասնակիցներին ուղղել են «Ի՞նչ եք կարծում, հայերը Թուրքիա ե՞րբ են եկել» հարցը։ Հարցման մասնակիցների մեկ երրորդը, Քիլիչդաղլիի խոսքով, պատասխանել է՝ «Խորհրդային Միության փլուզումից հետո», մեկ երրորդն էլ խոստովանել է, որ «պարզապես գաղափար չունի»։
«Հետևաբար, Թուրքիայի հասարակության երկու երրորդը կարծում է, թե հայերը՝ Թուրքիայի պատմության մեջ գրված առաջին ժողովուրդը, այս երկիր եկել են միայն 1990֊ականների սկզբին»,֊ եզրափակել է նա։