Home / Ազգային ժողով / Խոջալուն և Սումգայիթը՝ խաղաղության հասնելու միջոց. թուրք պատգամավոր

Խոջալուն և Սումգայիթը՝ խաղաղության հասնելու միջոց. թուրք պատգամավոր

Իմ զրուցակիցը թուրքակական պառլամենտում հայկական ծագում ունեցող երկու պատգամավորներից մեկն է՝ Կարո Փայլանը։ Նա 2015 թվականին Թուրքիայի ազգային գերագույն ժողովում ընտրվել է քրդամետ Ժողովրդավարական կուսակցության կողմից։ Դառնալով պատգամավոր՝ Փայլանը, ի թիվս այլ հարցերի, պարբերաբար բարձրացնում է Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման հարցերը։ Այս տարվա փետրվարին Կարո Փայլանը Խոջալուի ցեղասպանության կապակցությամբ սոցիալական ցանցերի իր գրառումներում, հարգանքի տուրքը մատուցելով զոհերի հիշատակին, գրել էր. «27 տարի ադրբեջանցի ժողովուրդը սպասում է արդարության»։

Մեծ դժվարությամբ մեզ հաջողվեց կապ հաստատել պատգամավորի հետ և զրուցել Խոջալուի և Սումգայթի դեպքերի, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության մասին։

Զրուցել է Գյունել Մովլուդը։

Տպագրվել է azlogos.eu կայքում։

Ի՞նչն է ազդել Խոջալուի մասին Ձեր գրառման վրա։

Ես ակտիվիստ եմ, իրավապաշտպան։ Մարդու իրավունքների յուրաքանչյուր ոտնահարում, անկախ ազգային պատկանելիությունից, իմ թեման է։ Ես ինքս, որպես փոքրամասնության ներկայացուցիչ, բախվել և բախվում եմ անարդարության։ Դա չի խանգարում ինձ տեսնել այլ ճշմարտություններ։ Այն, որ ինձ վրա ազդել է Խոջալուում և Սումգայթում տեղի ունեցածը, լոկ հնարավորություն է տվել գիտակցել ճնշվածների պատմությունները ողջ աշխարհում, քանի որ ինքս ենթարկվել եմ անարդարությունների՝ լինելով փոքրամասնության ներկայացուցիչ իմ բնակության երկրում։ Դրա համար էլ այդ գրառմամբ կիսվեցի։

Մարդիկ իրենց ինքնության պատճառով կարող են գերադասել չնկատել որոշ մեղքեր։ Ես իմ ինքնության շնորհիվ կարող եմ տեսնել իրավունքների ոտնահարումը։ Խոջալուում կոտորած է եղել, և 27 տարի շարունակ այն իր արժանի գնահատականը չի ստացել։ Դա էր իմ գրառման պատճառը։

Այս գրառման հետ  կապված Ձեր հայրենակիցներից դրակա՞ն, թե բացասական արձագանք ստացաք։   

Խոջալուն տաբու է։ Խոջալուում կյանքից զրկվեցին հասարակ քաղաքացիներ։ 27 տարի մենք չենք կարողանում խոսել Խոջալուի մասին, չենք կարողանում արդարություն գտնել Խոջալուի համար։ Այդ կոտորածը ինչպես հարկն է չի ուսումնասիրվել։

Բոլոր փաստերի ուսումնասիրությունը, արդարության հասնելը մեզ թույլ կտար  խաղաղեցնել Խոջալուում մահացածների հարազատների կորստի վիշտը։ Այս առումով, կարծում եմ, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել։ Բնականաբար Հայաստանի կողմից մի բան ենք լսում, Ադրբեջանի կողմից՝ մի ուրիշ։ Կարծես թե սա էլ է ծառայում թշնամանքի աճին։ Միևնույն ժամանակ, չպետք է մեղքը վերածել թշնամանքի միջոցի, մենք պետք է պայքարենք արդարության հասնելու համար։ Իհարկե ես և՛ դրական, և՛ բացասական ռեակցիաների հանդիպեցի, բայց դա նորմալ է, քանի որ Խոջալուն տաբու է։ Ինչպես և սումգայթյան դեպքերը տաբու են Ադրբեջանում։

Իսկ Դուք առաջ հանրայնորեն կիսվո՞ւմ էինք ադրբեջանցիների, հայ-ադրբեջանական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության մասին։

Ես այդ թեմաներով գրառումներ արել եմ։ Իմ վերջին գրառումը մեծ ուշադրություն է գրավել այն պատճառով, որ գրվել է Խոջալուի կոտորածի տարելիցի կապակցությամբ։ Ես արդարության կոչ եմ արել Խոջալուի և Սումգայթի հետ կապված։

Հիմնականում այսպես է. մեկն ասում է՝ «դու ես կոտորած արել», մյուսը՝ «ո՛չ, դու ես արել»։ Փորձ է արվում հավասարեցնել դրանք։ Յուրաքանչյուր ողբերգության պետք է ներսից նայել, սպանդը չպետք է օգտագործվի՝ մեկի ձայնը խլացնելու համար։

Խոջալուում և Սումգայթում կորսված կյանքերը չպետք է օգտագործվեն թշնամանքի մակարդակի բարձրացման համար։ Ընդհակառակը, բախվելով Սումգայթին և Խոջալուին, կարող ենք դառնալ ադրբեջանցի և հայ ժողովուրդների հաշտեման միջնորդներ։ Թո՛ղ խաղաղ ննջեն  կոտորածների ընթացքում սպանվածների հոգիները, կջանանք, որ նրանց ընտանիքներն արդարության հասնեն։ Այսպիսի հանցագործություններին բախվելով՝ մենք կարող ենք աշխարհում խաղաղության հասնել։ Մենք պետք է և՛ Խոջալուն, և՛ Սումգայթը, վերածենք խաղաղության հասնելու միջոցի։

Այս հարցը շատերի մոտ է առաջացել, ովքեր կարդացել են Ձեր գրառումը Խոջալուի և Սումգայթի մասին։ Այս երկու իրադարձություններին անդրադառնալով՝ Դուք օգտագործում եք «հարյուրավոր» արտահայտությունը։ Ի՞նչ աղբյուրների վրա եք հենվում՝ ասելով հարյուրավոր։ Ուզում եմ ընդգծել, որ ես էթիկապես ճիշտ չեմ համարում համեմատել զոհերի թիվը, և իմ հարցի իմաստը բնավ էլ այն չէ՝ պնդել, որ Սումգայթում զոհերի թիվը ավելի քիչ է եղել։

Պարզ է։ Խոսելով Թուրքիայում մեր ցեղասպնության մասին՝ ասում ենք՝ սպանվել է 1,5 միլիոն մարդ։ Իշխանություններն ասում են՝ սպանվել է 500 հազար։ Իբր թե 500 հազարը փոքր թիվ է։ Անգամ մի մարդու մահն է ողբերգություն։ Կան տարբեր պնդումներ։ Օրինակ, ադրբեջանական աղբյուրները հաղորդում են Խոջալուում 600 սպանվածների մասին, իսկ հայկականները՝ համառորեն պնդում են, թե 200-ն են։ 200 մարդու սպանությունը նույնպես գենոցիդ է։ Մի աղբյուրի տվյալներով Սումգայիթում սպանվել են հարյուրավորները, մեկ ուրիշ տվյալներով՝ 100 մարդ։

Մենք պետք է իրական արդարության հասնենք, պարզեք զոհերի իրական թիվը։ Պետք է ընդունենք ազգային հողի վրա կատարված մարդու սպանության ողբերգությունը։ Միայն այդ ժամանակ հնարավոր է ջրի երես դուրս գան սպանվածների իրական թվերը։

Հիմա իրական թվերի բացահայտման համար հետաքննություններ չեն տարվում, մարդիկ դեռ խաղաղության ճանապարհին չեն, և պետությունները շահարկում են այդ հանցագործությունները: Իսկ դա էլ ավելի է վիրավորում զոհվածների ընտանիքներին, մեծացնում նրանց վիշտը։

Բնականաբար ես գաղափար չունեմ իրական թվերի մասին։ Բայց, նայելով շատ աղբյուրներ, այդ իրադարձություններում տեսնում եմ ցեղասպանության դրսևորումներ, ահա, թե ինչն է կարևոր։ Կան զոհվածների ընտանիքներ, կան մարդիկ և իրական արդարության հասնելու համար երկու կողմերի ժողովուրդներն էլ պատասխանատու են։ Այս հարցում ճշմարտության հասնելու համար ժողովուրդները պետք է ազդեն իրենց ղեկավարների վրա։ Մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որ առերեսվենք այդ ցեղասպանությունների հետ և շարժվենք իրական արդարության ուղղությամբ։ Այդ ցեղասպանությունները պետք է դառնան խաղաղության և ոչ թե թշնամանքի միջոց։

Կուզեի լսել Ձեր կարծիքը ղարաբաղյան հակամարտության մասին՝ որպես քաղաքական գործիչ։ Ո՞րն է լուծումը։  

Եթե դա միայն լիներ հայ և ադրբեջանցի ժողովուրդների խնդիրը, վեճը վաղուց լուծված կլիներ։ Բայց դեռ այլ երկների՝ Թուրքիայի և Ռուսաստանի, ազդեցությունը կա։ Կամք ցուցաբերելու փոխարեն՝ Թուրքիան կանգնել է կողմերից մեկի հետևում և իր հասարակությանը միակողմանի կերպով է ներկայացնում այս կոնֆլիկտը։ Ռուսաստանը նույնպես մինչև օրս ոչինչ չի ձեռնարկել այդ հակամարտության լուծման համար, քանի որ կոնֆլիկտի շարունակականությունը պահպանում է իր ազդեցությունը երկու պետությունների վրա։

Կոնֆլիկտի լուծումը պետք է թողնել այնտեղ ապրող ժողովուրդներին, ոչ միայն պետությունները, այլ նաև ժողովուրդները պետք է խոսեն և արտահայտեն իրենց կամքը։ Չէ՞ որ ոչ վաղ անցյալում այդ ժողովուրդները՝ և՛ հայերը, և՛ ադրբեջանցիները,  կողք-կողքի, առանց խնդիրների ապրել են։ Եթե անգամ այս կոնֆլիկտից հետո նրանք՝ իրար լավ ճանաչող այդ ժողովուրդները, արդեն կորցրել են համատեղ կյանքի մասին հիշողությունը։ Կարծում եմ, որ այս հարցում այս ժողովուրդներին կարող է օգնել դեպի ժողովրդավարություն ձգտումը։

Ինչպես հայտնի է Հայաստանում իշխանափոխություն է եղել, նոր կառավարությունը որոշ պարզաբանումներ է տվել խնդրի լուծման ճանապարհների հետ կապված։ Հույս ունեմ, որ ադրբեջանական իշխանությունները նույնպես կամք կցուցաբերի այս հարցում, և այն կդառնա հայ և ադրբեջանցի ժողովուրդների հարցը։ Իսկ մյուս գերտերությունները, թշնամանքը խորացնելու փոխարեն, կօգնեն խնդիրը լուծել։ Որպես թուրքակական քաղաքական գործիչ՝ ես միշտ դա եմ հորդորում։ Ցավոք հիմա Թուրքիայի ազգայնական իշխանություններն օգտագործում են ղարաբաղյան խնդիրը՝ ազգայնականությունը, հայերի դեմ թշնամանքը  պահպանելու համար։ Ես, որպես դեմոկրատ, հայ և ադրբեջանցի ժողովուրդներին խաղաղ գոյակցության կոչ եմ անում։ Այսօր Հայաստանը և Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ են ծախսում զենքի վրա։ Երբ այդ միլիարդները կարող էին նպաստել ժողովուրդների բարեկեցությանը։ Այս խնդիրների լուծումը կարող է այն ժամանակ սկսվել, երբ այդ երկու պետությունները կսկսեն հոգ տանել ժողովրդի բարեկեցության համար։

Կարծո՞ւմ եք, որ Հայաստանի նոր կառավարությունը հետաքրքրված է ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ։

Այդպես եմ կարծում և հավատում եմ, որ այդ ուղղությամբ կարելի է ավելի վճռական  քայլեր ձեռնարկել։ Այսօր Կովկասում, Անատոլիայում, Մերձավոր Արևելքում հայտնի սահմաններ են անցկացված, որի ընթացքում որոշ անարդարություններ են կատարվել։  Մեր խնդիրն է հասնել նրան, որ այսուհետև ժողովուրդները խաղաղ ապրեն։ Սա է նաև մեր կուսակցության տեսլականը։ Քանի որ այս ժողովուրդներն ունեն համատեղ ապրելու փորձ։ Հետո մենք բևեռացվեցինք, դարձանք թշնամիներ, իրար դեմ ցեղասպանություններ արեցինք։ Բայց հիմա կարևոր է վերակենդանացնել  համատեղ կյանքի մասին մեր հիշողությունը։ Կարծում եմ՝ Փաշինյանի կառավարությունը դա ցանկանում է։ Փաշինյանը շատ է այս հարցի մասին խոսել և ազդակներ ուղարկել Ադրբեջանին՝ խնդրի հնարավոր լուծման մասին։ Հույս ունեմ՝ ադրբեջանական կողմից նույնպես կտեսնենք այդ ցանկությունը։

Ուզում եմ ընդգծել, որ Ադրբեջանից եկած քաղաքական գործիչները, լրագրողները Խոջալուի գենոցիդի օրը ելույթ են ունեցել թուրքական հեռուսատալիքներով։ Նրանց խոսքը լիքն էր ատելությամբ, նրանք ատելություն են սփռում։ Ատելությունը ատելություն է ծնում, բռնությունը՝ բռնություն։ Շատ անհագստացած եմ, որ նման մարդիկ են Ադրբեջանը ներկայացնում, խոսում Ադրբեջանի անունից, և նման պահվածքը ոչ մի լավ բանի չի բերի։ Խաղաղության հակված մարդիկ պետք է առաջին պլան գան, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, և որպես ներկայացուցիչ նրանց պետք է ուղարկեն։ Թուրքիայի ազգայնականներն ադրբեջանցի ազգայնականներին, ադրբեջանցի ժողովրդին, հայ-ադրբեջանական կոնֆլիկտն իրենց նպատակների համար են օգտագործում։

Տարիներ առաջ «Ակոս» թերթի խմբագիր Ռոբեր Կոփթաշը նույնպես արդարության հասնելու ցանկություն հայտնեց Խոջալուի հետ կապված։ Հետաքրքիր է, որ նման ցանկությունները հնչում են միայն Թուրքիայում ապրող հայերի կողմից, իսկ Հայաստանի մտավորականները և քաղաքական գործիչները դրա մասին լռում են։

Դա այդպես չէ։ Հայաստանը տեսնում է Թուրքիայի և Ադրբեջանի վերաբերմունքը այդ հարցի հետ կապված, և գուցե դրա համար էլ որոշակի վտանգի զգացողությունը նրա մոտ առաջացնում է ռեֆլեքսիային ռեակցիա։ Այնուամենայնիվ, հավատում եմ, որ Ադրբեջանի կողմից մեկնված խաղաղության ձեռքը Հայաստանում շատ ամուր կսղեմեն։ Այս երկու պետությունները պետք է քայլեր ձեռնարկեն Խոջալուի և Սումգայթի դեպքերի կապակցությամբ։

Բնականաբար պարտադիր չէ, որ այդ քայլերը համընկնեն։ Մտավորականները, ընդդիմադիրները, երկու կողմերի քաղաքական գործիչները պետք է իրենց իշխանությունների հետ այս հարցում պայքար սկսեն։ Եվ ես՝ որպես թուրքական խորհրդարանի անդամ, այդ ուղղությամբ  անհրաժեշտ պայքար կանցկացնեմ։ Հանուն Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության։ Մեզանից յուրաքանչյուրս պետք է մարդու իրավուքնների դաշտ տեղափոխի այն ամենը, ինչը ոչ վաղ անցյալում Խոջալուում և Սումգայթում եղած կոտարածը դարձրել են  թշնամանքի միջոց։ Ես Խոջալուի հետ կապված ամեն ինչ կանեմ։ Համոզված եմ, որ Ադրբեջանի մտավորականությունը նույնպես կջանա նույնը անել Սումգայթի հետ կապված։

Կարծում եմ, որ և՛ ադրբեջանցի, և՛ հայ ժողովուրդների համար շատ կարևոր է խիղճ ունենալը։ Բայց հիմա այդ խիղճը ազգայնականության շղարշի տակ է։ Ազգայնականները չեն ուզում, որ խիղճը արթնանա։ Ազգայնական դառնալը հեշտ է, դժվար է լինել ժողովրդավար և ցանկանալ խաղաղություն, դա երկար ճանապարհ է։

Խաղաղություն ցանկանալու համար խիզախություն է պետք, և ես պատրաստ եմ այդ խիզախությունը ունենալ։ Հույս ունեմ, որ ադրբեջանցի դեմոկրատները նույնպես պատրաստ են այդ քաջությանը։

Վերջապես մի հարց էլ Ձեր մասին։ Դուք ծնվել եք Թուրքիայում, և, լինելով փոքրամասնության ներկայացուցիչ, երկար ճանապարհ եք անցնել մինչև պատգամավոր դառնալը։ Ի՞նչ դժվարությունների և խտրականության եք բախվել այդ ճանապարհին։

Դեռ փոքրուց միշտ ստիպված եմ եղել ինձ թաքնվել։ Թուրքիայում դժվար է հայ լինել, հայերը տաբու են, հայ լինելը հաճախ հայհոյանք է։ Ստիպված եմ եղել անգամ անունս փոխել, որովհետև մայրս ասում էր, որ եթե իմանան, որ դու հայ ես, քեզ վատ կվերաբերվեն։ Հետո Հրանտ Դինքը հայտնվեց և պատմեց հայի պատմությունը։ Բացատրեց, որ հայերը հինավուրց ժողովուրդ են այս երկրի վրա և ցույց տվեց այս հարցի խաղաղ կարգավորման կարևորությունը։ Հետո, ինչպես գիտեք, Հրանտ Դինքը սպանվեց։

Շատ դժվարություններ եմ ստիպված եղել տանել միչև հիմա։ Բայց սա իմ հայրենիքն է։

Թուրքակական խորհրդարանի բոլոր պատգամավորները նույնպես գիտեն, որ այս երկրում շատ հայեր են եղել, հիմա քիչ են մնացել, Ադրբեջանում էլ են հայեր եղել, հիմա՝ չկան, Հայաստանում էլ են եղել  ադրբեջանցիներ, հիմա՝ նրանք էլ չկան։

Մեր պարտքն է, ապահովել արդարություն, մթնոլորտ ստեղծել այս երեք երկրներում ապրող, բայց ստիպված արտագաղթող մարդկանց համար, որ նրանք նորից կարողանան միասին ապրել, չկռվեն և չվնասեն իրար։ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ազգայնականները չեն ուզում դա, խոչընդոտներ են ստեղծում։ Մեր առաքելությունն է՝ դրանց դեմ պայքարել։