Home / Տեսանյութեր / 3000 սպանված մարդիկ բավարար չեն․ Արսենյանը դեմ է Իրաքի դեպքերը «ցեղասպանություն» որակել

3000 սպանված մարդիկ բավարար չեն․ Արսենյանը դեմ է Իրաքի դեպքերը «ցեղասպանություն» որակել

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձաժողովը կրկին հետաձգել է «Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագծի ընդունումը։ Օրինագիծը պետք է վերամշակվի և մի քանի շաբաթից նորից քննարկվի նույն հանձնաժողովում։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին։

Նրա խոսքով՝ քննարկմանը ներկա պատգամավորներից մի քանիսը առաջարկներ ու վերապահումներ ունեին, սակայն նրանցից մեկը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը (լուսանկարում) ազգային խտրականություն պարունակող արտահայտություն է արել․ «Ասենք, 3000 եզդի էլ սպանվել է՝ ի՞նչ անենք»։ Ըստ Մուրազիի՝ այլ պատգամավորներն առաջարկել են օրինագծում փոփոխություններ մտցնել, սակայն չեն վիրավորել եզդի ժողովրդին։

«Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ֊ի կայքի հրապարակած տեսանյութում Գուրգեն Արսենյանն օրինագծին դեմ լինելը բացատրում է՝ ասելով, թե ցանկացած ազգի 3000 հոգու սպանելը ցեղասպանություն չէ, ոճիրը «ցեղասպանություն» անվանվելու համար ավելի շատ մարդ պետք է սպանվի։

«Այդ քանակը ցեղասպանության ֆորմատի մեջ չի տեղավորվում։ Եթե մեկ միլիոն եզդի ա ընկել այդ անհաջողությունների մեջ, սենց ձևակերպեմ, երկրում տեղի ունեցող փոփոխությունների հետևանքով… Եվ այդ ընթացքում 20-25 հազարն է դրա հետևանքները․․․ նմանատիպ հետևանքներ ուկրաինական֊ռուսական կոնֆլիկտի արդյունքում կա Դոնեցկում։ Քանակը ուժ ա ստեղ․․․»,֊ մասնավորապես, ասել է Գուգրեն Արսենյանը։

Պատգամավորի մյուս փաստարկն էլ այն է եղել, թե «Իսլամական պետության» դեմ հայտարարություն անելու դեպքում Հայաստանը իր վրա կգրավի այդ կազմակերպության ուշադրությունը։

Քննարկման ընթացքում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը և հանձնաժողովի ՀՀԿ֊ական նախագահ Արտակ Զաքարյանն առաջարկել են փոխել «ցեղասպանություն» ձևակերպումը՝ նշելով, որ Իրաքում ոճրագործությունն իրականացրած «Իսլամական պետությունը» կազմակերպություն է, ոչ թե պետություն, ապա ցեղասպանություն եզրի փոխարեն պետք է օգտագործել ՝«ցեղասպանական գործողություն» արտահայտությունը։

Հիշեցնենք, որ օրինագծի հեղինակներն են Նաիրիա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Արագած Ախոյանը, Լյովա Խաչատրյանը, Վահան Կարապետյանը, Թևան Պողոսյանը, Արմեն Ավետիսյանը: Оրինագիծը կոչ է անում ճանաչել եզդիների ցեղասպանությունը՝ հղում անելով ՄԱԿ֊ի և այլ միջազգային ակտերի սկզբունքներին՝ «կարևորելով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտմանը և կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը, և արժևորելով հայ և եզդի ժողովուրդների բազմամյա բարեկամական հարաբերությունները»։