Արևելյան Անատոլիայի մի հատվածը հայերի նախնիների հայրենիքն էր, որոնց մշակույթն ու ժառանգությունն Օսմանյան կառավարության թիրախը դարձավ, թուրքական Today's Zaman պարբերականի իր սյունակում գրում է իրավագիտության պրոֆեսոր, հրապարակախոս Գյունալ Քուրշունը։
Նա ընդգծում է, որ այն ժամանակ իշխող «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը մինչև 1915֊ը բռնագրավեց կամ քանդեց առնվազն 2000 եկեղեցի և մենաստան։
«Իմ կարծիքով՝ միայն այս ամոթալի եղելությունը բավարար է մեր և հայերի հարաբերությունների վրա ստվեր գցելու համար», ֊ նշում է Քուրշունը։
Իրավագետը գրում է, որ այն ժամանակ Թուրքիայում գույքի բռնագրավումը արդարացնող օրենք կար, այսպես կոչված, «Լքված անշարժ գույքի օրենք»֊ը, որի համաձայն հայերին պատկանող սեփականությունը տրվում էր մահմեդական ներգաղթյալներին, որոնք Բալկաններից վերադարձել էին հայրենիք։ Անշարժ գույքի մի մասն էլ դարձրեցին զորամասեր, դպրոնցեր, բանտեր և հիվանդանոցներ։
«Այսօր Թուրքիայում ցեղասպանության ճանաչման արգելքներից մեկը բռնագրավման այդ քաղաքականությունն է, որի պատճառով փոխհատուցման խնդիր է առաջ գալիս։ Սրանով կարելի է բացատրել կառավարության ժխտողական քաղաքականությունը և հանրության համառությունը։ Հարցը, թե ինչ պետք է լինի նախկինում բռնագրաված, այժմ մահմեդականների կողմից տնօրինվող գույքի հետ, մնում է անպատասխան», ֊ գրում է հրապարակախոսը։
Քուրշունը, այնուամենայնիվ, ընդգծում է, տնտեսական բաղկացուցիչը խնդրի միայն փոքր մասն է, և միջազգային կազմակերպություններն ու գերտերությունները կարող են աջակցել հնարավոր լուծում գտնելուն։ Սյունակագրի խոսքով՝ ամենամեծ հարվածը հասցվել է մշակութային ասպարեզում, որտեղ կրած կորուստները հնարավոր չէ փոխհատուցել գումարով։ Քուրշունը, մասնավորապես, հիշեցնում է, որ մի շարք մշակույթի ականավոր գործիչներ՝ Հակոբ Պարոնյան, Սիամանթո, Վահան Թեքեյան, Լևոն Շանթ, Գրիգոր Զոհրապ, Ատրպետ, Ռուբեն Զարդարյան, մահացել են կամ արտագաղթել։
«Թուրքիայում ճարտարապետության ինքնությունը փոխվել է շնորհիվ հայազգի ճարտարապետների աշխատանքների։ Երաժշտությունը, գեղանկարչությունը, թատրոնը Թուրքիայում անճանաչելի կլիներ առանց հայկական ազդեցության…
…Հայերերն ուղղագրությունն օգտագործվել է արաբերենի հետ մեկտեղ Օսմյանյան կայսրության պաշտոնական փաստաթղթերում։ Օսմանյան կայսրությունում լույս տեսած առաջին վեպը՝ Վարդան Փաշայի «Ագապին», հայերեն տառերով է գրվել։ Հայկական այբուբենը օգտագործվել է նաև քրդերենով գրված գրքերում։ Հայտնի գիտնական Սևան Նշանյանը ընդգծում է, որ Թուրքիայում 3600 տեղանուններ անվանափոխվել են։
Սրանք բոլորը մեծագույն մշակութային կորուստների օրինակներ են։ Դա նաև Օսմանյան կայսրության կողմից մշակութային ինքնաթլպատում էր, որի հետևանքով մենք տառապում ենք մինչ օրս։
Արդյո՞ք մենք համոզված ենք, որ ցանկանում ենք մեր կյանքը կառուցել մեր հարևանի մոխրի վրա։ Արդյո՞ք դա միակ լուծումն է։ Արդյո՞ք մեր հավաքական գիտակցությունը մահացել է։ Արդյո՞ք չենք կարող տեսնել, թե ինչ ենք կորցրել՝ մի ամբողջ ազգ արտաքսելով։ Ես հիշում եմ, թե ինչպես էին հազարավոր թուրքեր վանկարկում «Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ Դինք ենք» Հրանտ Դինքի թաղման ժամանակ։ Իրականում կարո՞ղ ենք արդյոք գիտակցել, որ մենք՝ թուրքերս, որոշ առումով նաև հայ ենք, ու մենք 1915֊ին մեր մի մասը սպանեցինք», ֊ գրում է Գյունալ Քուրշունը։