հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ լիբերալները Ցեղասպանության մասին բանաձև են մշակել

Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ լիբերալները Ցեղասպանության մասին բանաձև են մշակել

Երիտասարդ լիբերալների միջազգային ասոսացիան Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել։ Բանաձևը պատրաստվել է երկու լիբերալ կառույցների ներկայացուցիչների կողմից՝ հայկական «Երիտասարդական Կոնգրես» կազմակերպության և թուրքական 3H (ազատություն, օրենքի գերակայություն և հանդուրժողականություն) կազմակերպությունների կողմից: Հայաստանից տեքստի վրա աշխատել են Կոնգրեսի երիտասարդական կառույցի միջազգային հարաբերությունների պատասխանատու Եվա Թովմասյանը և Կոնգրեսի վարչության անդամ Արշակ Մուսախանյանը։

Բանաձևի հեղինակները հույս են հայտնում, որ Թուրքիայի հասարակությունն ու թուրքական պետությունը խիզախություն կդրսևորեն առերեսվելու սեփական պատմության հետ, իրենց աջակցությունն են հայտնում հայ և թուրք հասարակությունների միջև հաշտեցմանն ուղղված քայլերին, Հայաստանին և Թուրքիային կոչ են անում դիվանագիտական հարաբերություններ հաստատել և համակողմանի տնտեսական, մշակութային ու քաղաքական համագործակցություն ծավալել:

«Ապրիլի 24-ին աշխարհի բազմաթիվ երկրներում տեղի են ունենալու 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններ: Այդ ցեղասպանությանը զոհ է գնացել շուրջ 1,5 մլն. մարդ:

1915թ. մայիսի 24-ին Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով Օսմանյան կայսրությունում հայ բնակչության կոտորածների փաստը, իսկ 1919–1920 թթ. Օսմանյան կառավարությունն իրականացրել է երիտթուրքական կուսակցության պարագլուխների դատավարությունը, որով կուսակցության և կառավարության բազմաթիվ բարձրաստիճան գործիչներ դատապարտվել են բանտարկության, իսկ ոմանց նկատմամբ կայացվել են մահապատժի դատավճիռներ։ Օսմանյան կայսրության հայ բնակչության բնաջնջումը լիովին համապատասխանում է 1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած և 1951-ի հունվարի 12-ին ուժի մեջ մտած «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիային, որի 2-րդ հոդվածը հինգ կետով սահմանում է «ցեղասպանություն» որակված հանցագործության էությունը, որոնք բոլորն էլ առկա են 1915–1923 թթ. ընթացքում հայ ժողովրդին բաժին ընկած համազգային ողբերգության պարագայում»,֊ ասված է հայտարարության մեջ։