Home / Հայաստան / Բրավո, Պապ։ Թուրքիայի իշխանությունները, նացիզմն ու ստալինիզմը

Բրավո, Պապ։ Թուրքիայի իշխանությունները, նացիզմն ու ստալինիզմը

Հեղինակ՝ Գեորգի Միրսկի, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր հեղինակավոր խոսքն ասաց․ «Անցյալ դարում մեր մարդկության ընտանիքը վերապրեց երեք զանգվածային և աննախադեպ ողբերգություն»։ Ու նա չվախեցավ օգտագործել «ցեղասպանություն» բառը՝ հայտարարելով, որ այդ ողբերգությունների համար պատասխանատու են Օսմանյան կայսրության իշխանությունները, նացիզմն ու ստալինիզմը։ Պապ Ֆրանցիսկոսն իր հեղինակավոր խոսքն ասաց։

Թուրքիայի հայերին վրա հասած աղետն այդ հանցավոր շղթայում առաջինն էր։ Ամեն ինչ սկսվեց Ստամբուլի հայ մտավորական վերնախավի ոչնչացումից՝ 1915 թվականի ապրիլի 24֊ի լույս 25֊ի գիշերը։ Հետագա մի քանի ամսվա ընթացքում թուրքահայերի գրեթե երկու երրորդը՝ շուրջ 1,300 000 մարդ, բնաջնջվեց երկրի երեսից։ Եվ դա դեռ ամենը չէր։ Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկին՝ Օսմանյան կայսրությունում 16֊20 միլիոն հայերից մնացել էր շուրջ երկու միլիոնը։ Այսօր Թուրքիայում բնակվում է մոտավորապես 60 հազար հայ։ Հայերի, ում մեղադրեցին ռուսական բանակին օգնելու մեջ, հանդեպ ունեցած իրենց կենդանական ատելությամբ իշխանությունները ոչնչացրեցին մի ամբողջ մշակույթ և կրոն։ 2,5 հազար եկեղեցիներից ու 450 վանքերից մնաց միայն 40 եկեղեցի, որից 34֊ը՝ Ստամբուլում։

Հարյուր տարվա ընթացքում այդ մասին անթիվ֊անհամար աշխատություններ են գրվել։ Վերջիններից կնշեմ անցյալ տարի Փարիզում լույս տեսածը՝ Raymond Kevorkian et Yves Ternon, Memorial du genocide des Armeniens։ Ամեն ինչ վաղուց արդեն ապացուցված է, ստուգված ու վերստուգված։ Վերջին ջանքերի թվում առավել հատկանշականներից է այն, որ Միչիգանի նահանգի համալսարանի մի խումբ դասախոսներ անցկացրեցին յոթ միջազգային համաժողովներ Հայոց ցեղասպանության թեմայով ու թողարկեցին մի շարք հրատարակություններ, այդ թվում՝ բարձր գնահատականի արժանացած A Question of Genocide: Armenians and Turks at the End of the Ottoman Empire գիրքը։ Նկատեք՝ ամենուրեք օգտագործվում է «ցեղասպանություն» բառը։ Չի կարելի չհիշել թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի գործունեությունը, ով բառացիորեն արթնացրեց բազմաթիվ թուրքերի խիղճը՝ նրանց ուղղված պարզ խոսքերով․ «Կար հայ կոչվող մի ժողովուրդ, որը բնակվում էր այս հողերում ու որն այլևս չկա։ Ի՞նչ պատահեց»։

Դինքին հետապնդում էին, իշխանությունները նրան դատից դատ էին քարշ տալիս, ու ավարտվեց նրանով, որ 2007 թվականին նրան օրը ցերեկով սպանեցին «Ակօս» շաբաթաթերթի խմբագրության դիմաց։ Եվ տեղի ունեցավ չլսվածը․ հարյուր հազար մարդ՝ հայեր ու թուրքեր, քայլեց նրա դագաղի հետևից՝ բացականչելով՝ «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք։ Մենք բոլորս հայ ենք»։

Հրանտ Դինքը մի անգամ ասել է, որ երկու ազգերն էլ հիվանդ են․ «Հայերը տառապում են տրավմայով, թուրքերը՝ պարանոյայով»։ Տրավման հասկանալ հեշտ է, բայց պարանոյա՞ն։ Ցավոք, ոչ միայն Թուրքիայի իշխանությունները, այլև, համաձայն հարցումների արդյունքների, բնակչության մեծամասնությունը հավատում է, որ հայերը, ինչպես թուրքերը, պարզապես պատերազմական գործողությունների զոհ են դարձել, ոչ ոք հայերին դիտավորյալ չի սպանել, իսկ սպանվածների քանակն ընդհանրապես անհեթեթություն է։

Որքա՜ն ծանոթ է այս ամենը։ Ուրբաթ «ՏՎՑ»֊ով «Ձայնի իրավունք» հաղորդումն էր՝ նվիրված Ստալինի ժողովրդականության պատճառների բացահայտմանը։ Ամոթի ու խղճի վերջին հետքերը վաղուց ու բոլորովին կորցրած պատմաբանների, պրոֆեսորների, լրագրողների՝ ստալինյան բռնությունների զոհերի հոգիների մեջ լկտիաբար թքող անհեթեթ ելույթները զզվանքից բացի ոչինչ չէին կարող առաջացնել։ Նման դեմքերից ավելին չի էլ կարելի ակնկալել, բայց ժողովո՞ւրդը, հասարակ մարդի՞կ։ Մի՞թե կարծում են, որ հենց այդպես էլ պետք է լիներ, Ստալինը ոչնչացրել է ազգի դավաճաններին, «հինգերորդ շարասյանը», այլապես պատերազմում հաղթանակ չէի՞նք տանի։ Հավատո՞ւմ են, որ 1937֊38 թվականներին 682 հազար գնդակահարվածները օտարերկրա հատուկ ծառայությունների գործակալներ էին, իսկ պատերազմը հաղթել ենք, քանի որ ստալինյան դահիճներն այն աշխարհ են ուղարկել բանակի հրամկազմի 87%-ի՞ն։

Ինձ միշտ հետաքրքրել է հարցը՝ ինչու են մարդիկ, ու ոչ միայն մեր երկրում (նույն թուրքերը, օրինակ) այդքան վախենում ընդունել իրենց ղեկավարների սխալներն ու հանցագործությունները։ Ինչո՞ւ են այդքան մտահոգվում, տանջվում, երբ իրենց պատմում են իրենց երկրի իշխանությունների չարագործությունների մասին։ Ասես՝ այդ մղձավանջների մեջ մեղադրում են իրենց պապերին ու նախապապերին։ Ինչո՞ւ են նախընտրում լռել նույնիսկ Իվան Ահեղի ու Պետրոս Առաջինի գազանությունների մասին։ Հակառակ դեպքում կպարզվի, թե ռուս ժողովուրդը բաղկացած է դահիճներից ու խոշտանգողների՞ց։

Ինչպիսի տխմարություն․ չէ՞ որ այդ ցարերը, զորավարները, ներքին գործերի կոմիսարները խոշտանգում, մահապատժի էին ենթարկում հենց այդ ժողովրդին՝ իրենց ժողովրդին։ Բայց դե դա կարևոր չէ, միայն թե պետությունը չհեղինակազրկվի։ Կրկնակի ապուշություն․ չէ՞ որ ամբողջ աշխարհին ամեն ինչ հայտնի է, ու շարունակել անմտաբար պնդել, թե դեռ հայտնի չէ՝ Կատինում լեհ սպաներին ով է գնդակահարել, նշանակում է փրկել Ռուսաստանի հեղինակությո՞ւնը։

Թուրքիայի հայերին բաժին հասած ողբերգությունից հարյուր տարի է անցել, մարդասպանների ոսկորները վաղուց փոշի են դարձել, փոխվել են քաղաքական ռեժիմները։ Հարց է առաջանում՝ ժամանակակից թուրքերը ի՞նչ կկորցնեն, եթե ամբողջ աշխարհի առջև ընդունեն, որ իրենց ղեկավարները խաղաղ բնակչության արյուն են թափել։ Մի՞թե հասկանալի չէ, որ ժողովրդի ու պետության հեղինակությանն ու պատվին վնաս է հասցվում հենց այն ժամանակ, երբ հիմարաբար ու զայրույթով հերքվում է այն, ինչն առանց այդ էլ վաղուց արդեն հայտնի է ամբողջ աշխարհին։

Հանելուկ հոգեբանների համար։ Մնում է միայն կրկնել Գյոթեի՝ նախկինում «Էխո»֊ի եթերում իմ կողմից արդեն մեջբերված խոսքերը․«Քանի դեռ մարդիկ անսահման հիմար են, սատանան խելացի լինելու կարիք չունի»։

Իսկ Պապ Ֆրանցիսկոսի առջև խոնարհվում եմ։ Դիպավ հենց նշանակետին, 20-րդ դարի հիմնական մարդասպաններին մատնանշեց՝ թե երիտթուրքերի կառավարությանը, թե Հիտլերին, թե Ստալինին։