Թուրք սոցիոլոգ Դողու Էրգիլը Today's Zaman պարբերականի իր սյունակում գրում է այն մասին, թե ինչպես է վերջին 100 տարվա ընթացքում Թուրքիայում փոխվել Հայկական հարցի և Հայոց Ցեղասպանության ընկալումը։
«Գոյություն ունի երկու վարկած այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել ավելի քան 2 միլիոն օսմանյան հայերի հետ կայսրության վերջին տասնամյակում․ մեկը հայերի վարկածն է, մյուսը՝ թուրքերի, կամ, ավելի ճիշտ, Թուրքիա պետության։
Մենք տեղյակ ենք ցեղասպանության մասին հայկական թեզի մասին, որը նրանք մինչև 1960֊ականների կեսերն անվանում էին Մեծ Եղեռն։ Թուրքական տարբերակի փուլերի ու տեսակների համառոտ ուրվագիծը հետևյալն է․
1․ «Հայկական հարցն» ի՞նչ է։ Մենք նման բան երբեք չե՜նք լսել։ (1925-1960)
2. Հայերի կոտորածները երբեք տեղի չե՜ն ունեցել։ (1960-1970)
3․ Տեղահանություններ եղել են, բայց դրանք պայմանավորված էին հայերի դավաճանությամբ։ Նրանք համագործակցում էին թշնամու (Ռուսաստան) հետ ու հեռացվեցին պատերազմական գոտուց (Արևելյան Անատոլիա)։ Նրանց մեծ մասը զոհվեց ճանապարհին՝ համաճարակների պատճառով։ (1970-1980)
4․ (Երբ պարզ դարձավ, որ հայերը բռնահանվել են նույնիսկ հեռավոր մարզերից, ինչպես, օրինակ, Էդիրնեն)։ Հայերը ապստամբում էին կամ ապստամբություն էին կազմակերպում։ Բախումներ են տեղի ունեցել տեղի բնակչության միջև։ Այդ բախումների ընթացքում, սակայն, ավելի մեծ թվով թուրքեր/մահմեդականներ են մահացել։ (1980-2010)
5․ Նոր միտում պաշտոնական դիրքորոշման մեջ․ եկեք տեղի ունեցածը «ցեղասպանություն» չանվանենք, բայց ընդունենք՝ հայերի դեմ հանցագործություններ են տեղի ունեցել։ Հանցագործը [երիտթուրքերի] «Միություն և առաջադիմություն» կուսակցությունն էր՝ ներկայիս Ժողովրդա֊Հանրապետական կուսակցության իրավանախորդը։ Մենք պատրաստ ենք արտահայտել մեր ցավակցությունն ու կարեկցանքը, սակայն դա չպետք է ուղեկցվի փոխհատուցումներով ու հաշվեհարդարով։ Բացառելով այս զիջումները՝ եկեք գոհացնենք հայերին ու վերջապես հրաժարվենք թշնամանքից։ Կարող ենք անել հետևյալը․ 1) Խնդրի փոխադարձ սահմանում, այդ թվում՝ դառն անցյալի համար փոխադարձ պատասխանատվության ճանաչում, 2) Տնտեսական համագործակցություն՝ համատեղ նախագծեր, ներդրումային սխեմաներ, տնտեսական օժանդակություն Հայաստանին, 3) Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության վերականգնում։
Քաղաքացիական հասարակություն
Ազգայնականներ․ Թուրքիայի Հանրապետությունը հայերի վերաբերյալ որևէ հարցում որևէ պատասխանատվություն չի կրում։ Ոչ զիջումներ, ոչ զղջում չի լինելու։
Լուռ (անտեղյակ) մեծամասնություն․ Չկողմնորոշված, շփոթված և լուռ։
Լիբերալ ինտելեկտուալ-դեմոկրատներ․ Այս խումբը վերջին տասնամյակում բավական լուրջ ակտիվություն է ցուցաբերել թաքցվող ու մերժվող անցյալի մասին հանրությանը տեղեկացնելու հարցում։ Նրանք կառավարությանը մղել են Օսմանյան կայսրության վերջին տարիներին իրականացված անարդարություններն ու հանցագործությունները ընդունելու ուղղությամբ։ Նրանք հույս ունեն, որ կառավարությունն առնվազն բարոյական պատասխանատվություն կստանձնի՝ հայերի վերքերը բուժելու համար։ Այս մտավորականները չեն կրում որևէ պաշտոնական պատասխանատվություն, ոչ էլ ունեն անհրաժեշտ գործիքներ հատուցում տրամադրելու համար, բայց իրենց բարոյական պարտքն են համարում կարեկցել հայերին ու կիսել նրանց ցավը։ Նրանք առնվազն ակնկալում են, որ Թուրքիայից պաշտոնական պատվիրակություն կայցելի Երևանում գտնվող ցեղասպանության հուշահամալիր՝ զոհված անատոլիացիների հոգիների համար աղոթելու։
Այս խաղաղ խումբը 2008 թվականին նախաձեռնել է քարոզարշավ՝ իր վիշտն ու կարեկցանքն արտահայտելով 1915֊ին իրենց կյանքը կորցրած բոլոր հայերի համար։ Վեց քաղաքացիական կազմակերպություններ պատրաստվում են այս ամիս հավաքներ անցկացնել Ստամբուլում և Դիարբեքիրում։ Նախաձեռնության խորագիրն է՝ «100֊րդ տարելից․ Վերջ Ժխտմանը»։
Ի հավելումն, քաղաքական փիլիսոփայության, պատմության, սոցիոլոգիայի և մշակութային/արվեստի չորս նշանավոր պարբերականներ այս ամիս պատրաստել են հատուկ թողարկումներ, որոնք ուսումնասիրում են Հայկական հարցը տարբեր տեսանկյուններից։ Նրանց ամսվա հատուկ թողարկումը կոչվում է «Հայոց Ցեղասպանության 100֊րդ տարելիցը»։
Այս նախաձեռնությունները վկայում են աճող քաղաքացիական գիտակցության և Թուրքիայի հայազգի բնակչության դեմ իրականացված հանցագործություններն ընդունելու ու հատուցելու հակվածության մասին։ Կասկած չկա, որ սա վաղ թե ուշ վերջ կդնի հարցի շուրջ պաշտոնական լռությանը։ Բայց իշխանավորները դեռ անպատրաստ են ու անհանգիստ հետևանքների համար այն դեպքում, երբ Պանդորայի արկղը կբացվի»։