Անկարայի քաղաքապետ, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մելիհ Գյոքչեքը «Թվիթեր»֊ում հաղորդագրություն էր ուղարկել Գերմանիայի կանաչների կուսակցության՝ ծագումով թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրին՝ հարցնելով՝ արդյոք վերջինս հայկական ծագում ունի։
Չգիտեմ՝ Գյոքչեքին ինչն է դրդել նման նամակ ուղարկել, բայց նա հայտնի է իր ազգայնական ու խտրական մոտեցումներով։ Հետևաբար, նրա հեղինակած նման նամակը զարմանալի չէ, Today's Zaman֊ի իր սյունակում գրում է թուրք հրապարակախոս Օրհան Քեմալ Ջենգիզը.
«Այնուամենայնիվ, անդրադառնալով այդ նամակին, թուրքահայ մտավորական Հայկո Բաղդատը, հավանաբար, ցանկացել է հայելի դնել Գյոքչեքի առջև՝ «Թվիթեր»֊ում գրելով․ «Հաստատված է, մայրաքաղաքը տվել են հայի։ Ի՜նչ ամոթ»։ Բաղդատն իր այս հաղորդագրությունը զուգորդել է «պարզվեց՝ Մելիհ Գյոքչեքը հայ է» «հեշթեգով»։
Այն, ինչ տեղի ունեցավ թվիթերյան այս հաղորդագրություններից հետո, բավական բնորոշ է Թուրքիային․ Գյոքչեքը դատական հայց ներկայացրեց Բաղդատի դեմ՝ իրեն վիրավորելու համար։ Հայցում նա նշել է, որ վիրավորվել է «հայ» անվանվելուց։
«Ժողովրդի կողմից այսքան սիրված, հարգված մեկի հասցեին նման գարշելի բառ օգտագործելն իմ հաճախորդի անձնական իրավունքների լուրջ խախտում է և անարգանք՝ նրան ձայն տված, սատարող և սիրող բոլոր անձանց հանդեպ»,- ասված է Մելիհ Գյոքչեքի փաստաբանի հայտարարության մեջ։
Արդյո՞ք սա ռասիստական միջադեպ է, որում քաղաքապետն ու նրա փաստաբանը ցույց տվեցին իրենց մտածելակերպը, թե՝ քաղաքական խաղ, որի միջոցով քաղաքապետը փորձում է գրավել միջազգային հանրության ուշադրությունը՝ պատրաստվելով իրեն ներկայացնել որպես Թուրքիայի հասարակության ազգայնական հատվածի զոհ։
Անկախ դրդապատճառներից՝ այս էժանագին ռասիստական արտահայտություններն ու այս շոուն դժվար է պատկերացնել ժղովրդավարական հասարակությունում։ Թուրքերը, օրինակ, պետք է փորձեն պատկերացնել Բեռլինի կամ Նյու Յորքի քաղաքապետներին՝ «թուրք» բառն օգտագործելիս այն համատեքստում, որում օգտագործել է քաղաքապետի փաստաբանն իր հայցում։ Կարծում եմ՝ այդ դեպքում բոլորին պարզ կդառնա ռասիզմի դառը համը։
Երբ, սակայն, Թուրքիայում նման ռասիստական արտահայտություններն օգտագործվում են հայերի դեմ, մեր երկրում զանգվածային ցույցեր տեղի չեն ունենում, իսկ քաղաքապետի օգտին քվեարկած ընտրազանգվածը չի պահանջում՝ նա հրաժարական տա։
Պատմական տեսանկյունից՝ այս ռասիստական բառերը մայրաքաղաքի քաղաքապետի կողմից արտաբերվել են Հայոց ցեղասպանության տարելիցին՝ ապրիլի 24֊ին ընդառաջ։
Ի՞նչը կարող է ավելի հստակորեն ցույց տալ, որ Թուրքիան պետք է առերեսվի իր անցյալին, քան այս խոսքերը։ Կարո՞ղ է արդյոք որևէ մեկը նման ռասիստական խոսքեր արտաբերել մի երկրում, որը լիովին ընդունել է իր անցյալի վայրագությունները։ Քաղաքապետի ռասիստական արտահայտությունները մեզ ստիպում են գիտակցել անցյալի վայրագություններին առերեսվելու կարևորությունը»։