«Թերթերի գործով» դատապարտված և քննության ընթացքում մահացած կալանավորների ընտանիքներն այսօր փորձում էին բողոքի ակցիա իրականացնել Ադրբեջանի նախագահի ադմինիստրացիայի շենքի դիմաց։
Պահանջում էին ազատ արձակել արդարացնող հիմքերով բայց դեռևս անազատության մեջ գտնվող կալանավորներին, հետմահու արդարացում և «Շեհիդի» կարգավիճակ շնորհել մահապատժի ենթարկվածներին ու պատժել մեղավորներին։
Ակցիայի մասնակիցներն արդեն հայտարարել են, որ պետական մարմիններին ու գերատեսչություններին ուղղված իրենց գանգատներն անպատասխան են մնում։
«Այդ երեխաները կռվել են 2016 թվականի ապրիլյան մարտերի ժամանակ։ Նախագահը պարգևատրել է նրանց։ Հիմա բոլորը հիվանդ են։ Ինչո՞ւ են ոչնչացնում թշնամու դեմ կռվածներին։
Թող պաշտոնատար անձինք մեզ ընդունեն։ Արդեն երեք տարի մեզ ոչ ոք չի լսում։ Իլհամ Ալիևը պետք է պատասխանի մեզ։ Նա հենց այնպես չի այնտեղ նստած, նրան նախագահ են նշանակել, լիազորված անձ, թող դուրս գա ու պատասխան տա մեզ», – պահանջում է ակցիայի մասնակիցներից մեկը։
«Որդուս ձերբակալել են 2017 թվականի ապրիլի 30-ին։ Կտտանքների ենթարկելիս կոտրել են չորս մատները, վնասել են ատամները, մեղադրել ու դատապարտել են առանց վկաների, առանց ապացույցների», – պատմում է ցույցի մեկ այլ մասնակից։
Ոստիկաններն ակցիայի դուրս եկած քաղաքացիներին ցրել են ադմինիստրացիայի շենքի տարածքից։
Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 7-ին Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը, Պետական անվտանգության ծառայությունն ու Ներքին գործերի նախարարությունը հայտնել էին Հայաստանի հանրապետության օգտին լրտեսություն կատարելու մեջ մեղադրվող զինվորականների ու քաղաքացիական անձանց ձերբակալության մասին։
Դատախազությունը քրեական գործ է հարուցել օրենսգրքի 274-րդ հոդվածով՝ պետական դավաճանություն։ Ձերբակալվածները տարբեր ժամկետներով ազատազրկման են դատապարտվել։ Կարճ ժամանակ անց պարզ է դարձել, որ հետաքննության ընթացքում նվազագույնը ութ մեղադրյալներ կտտանքների արդյունքում սպանվել են։ Ավելի ուշ սպանվածներից 4-ը հետմահու արդարացվել են։ Նրանց նկատմամաբ կեղծ մեղադրանքներ առաջադրած քննիչները մինչև 7 տարվա ազատազրկման են դատապարտվել։