Հայաստանի Հանրապետության մի քանի տասյակ քաղաքացիներ պահանջում են բացել Ռուսաստանի սահմանները․ Կառավարության, Ազգային ժողովի և Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ կազմակերպվող բողոքի ցույցերը («Ուզում եմ գնալ Ռուսաստան» ընդհանուր խորագրի ներքո) արդեն մոտ մեկ ամիս է՝ չեն դադարում։
Հայկական կողմը սահմանները արդեն իսկ բացել է, պնդում են տեղական պաշտոնյաները․ «Սահմանահատումների արգելքը պայմանավորված է ոչ թե Հայաստանի, այլ հարևան երկրների և Ռուսաստանի հակահամաճարակային քաղաքականությամբ»։ Ցուցարարներին այս բացատրությունները չեն բավարարում։ Հայաստանի կառավարությունը, ըստ նրանց, բավականաչափ ջանքեր չի գործադրում՝ Ռուսատանին համոզելու և հայաստանցիների առջև դաշնակից երկրի սահմանները բացելու համար։
Պուտինի և Փաշինյանի պաշտոնական հանդիպումից լուսանկարը՝ որպես բաներ, կողքից երեք պաստառ՝ «Хочу в Россию» («Ռուսաստան եմ ուզում»), «Պահանջում ենք վարչապետի աջակցությունը», «Просим В.В. Путина открыть границы» (Խնդրում ենք Վ․Վ․ Պուտինին բացել սահմանները) գրությամբ։
Հավաքվածների մեծ մասը Հայաստանի ռուսաստանաբնակ քաղաքացիներ են․ ասում են՝ կարանտինից առաջ էին եկել Հայաստան (հիմնականում՝ թղթաբանական կամ առողջական խնդիրներով, որոշ դեպքերում՝ հարսանիքի, թաղման)․․․ Ընտանիքի կեսը այստեղ է, մյուս կեսը՝ մնացել է այնտեղ։ Կես տարի է՝ պարապուրդի են մատնված։ Շատերը բնակարանի ու փողի խնդիր ունեն։ Հայաստանում վերաբնակվելու տարբերակը ոչ ոք չի դիտարկում։
Ցուցարարների մեջ կան նաև արտագնա աշխատողներ․ սեզոնային աշխատանքների ավարտից հետո վերադարձել են ընտանիքների մոտ, ուզում են նորից Ռուսաստան գնալ։ Հայաստանում համարժեք աշխատանք գտնելը համարում են ոչ իրատեսական։
Արթուր Ոսկանյանը արտագնա աշխատող է՝ ցույցի նախաձեռնողներից մեկը։ Ժամանակ առ ժամանակ բարձրախոսով դիմում է Հայաստանի կառավարությանը․ «Հայաստանի հանրապետության հպարտ քաղաքացիները խնդրում են բացել Ռուսաստանի սահմանները»։ Հավաքվածները ծափահարում են։
Արթուր Ոսկանյան․ — Սեզոնայն աշխատանքից բացի ես եկամուտի այլ աղբյուր չունեմ։ 7 ամիս առաջ վերադարձել եմ, պլանավորում էի մի քանի ամսից հետ գնալ։ Եթե իմանայի՝ չէի գա։
Հայաստանում կան հազարավոր արտագնա աշխատողներ, որոնց ընտանիքներն ապրում են հե՛նց նրանց աշխատած և այնտեղից ուղարկած գումարների հաշվին, չէ՞
Epress.am — Փորձե՞լ եք Հայաստանում աշխատանք գտնել։
Ա․ Ո․ — Հայաստանում համարժեք աշխատանք գտնել հնարավոր չէ։ Եթե հնարավոր լիներ, մարդիկ հազարներով չէին գնա։ Այստեղի աշխատավարձով՝ օրը երեք կամ չորս հազար դրամ, ի՞նչ է հնարավոր անել։ Ռուսաստանում վաստակած գումարներով մենք կարողանում էինք և՛ այստեղ կուտակված պարտքերը փակել, և՛ մեր ընտանիքի խնդիրները հոգալ, նույնիսկ մի քիչ հետ գցել։
E. — Սեպտեմբերի 10-ի կառավարության նիստում հայտարարվեց, որ Հայաստանը խնդիրը բարձրաձայնել է նաև Եվրասիական տնտեսական միությունում։ Առաջարկվել է միասնական կանոններ սահմանել՝ կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման նպատակով: Հարցը պետք է քննարկվի։ Այսինքն՝ որոշակի գործընթաց է մեկնարկել, որի հանգուցալուծումը միայն Հայաստանից չէ կախված։
Որքան հասկանում եմ, Հայաստանի օդային սահմանները մեկնողների համար բաց են, սահմանափակումները ընդունող երկրներն են կիրառում: Ձեր պահանջը ուղղված է Հայաստանի կառավարությանը, ոչ թե, օրինակ, Ռուսաստանին։ Ինչո՞վ է դա հիմնավորվում։
Ա․ Ո․ — Ողջունելի է, որ Հայաստանի իշխանությունները հարցը բարձրացրել են, միգույցե՝ այսքան մարդու պայքարի շնորհիվ նաև։ Մերոնք պետք է բանակցեն ու ինչ-որ ելք գտնեն, օգտագործենք դիվանագիտական լծակները։ Ռուսաստանն էլ, ինձ թվում է, պատրաստակամ է։ Մենք ումի՞ց պահանջենք, եթե մենք Հայաստանի քաղաքացի ենք։ Մենք մեր կառավարությունից ենք պահանջում։ Սա մեզ համար օրհասական հարց է։ Մենք խնդրում ենք կառավարությանը կամ վարչապետին, որ, եթե սահմանը նույնիսկ չի բացվում, գոնե տրանզիտ ճանապարհ բացեն, միջանցք, որով գոնե երկու ավտոբուս․․․ թող պլոնբեն, որ ոչ ոք ճանապարհին չիջնի։ Որ ավելի ապահով լինի՝ մենք պատրաստ ենք նաև թեստավորվել։ Դա շատ բարդ հարց չի, չէ՞, եթե զբաղվող լինի։
Վալյա Արոյանը դստեր՝ Արաքսյայի հետ, բողոքի ցույցերին միացել է սեպտեմբերի 10-ից։ Ասում է՝ «Хочу в Россию» ֆեյսբուքյան խմբից են իմացել, որ ցույց է լինելու, որոշել են գալ։
Վալյա Արոյան․ — Մենք Հայաստանի քաղաքացիներ ենք, բայց արդեն 20 տարուց ավել է՝ Ռուսաստանում ենք ապրում։ Մամայիս տարին էր՝ որոշեցինք գալ։ Պետք է վիրահատվեի նաև։ Համարյա 20 տարի Հայաստանում չէինք եղել, մարտի 15-ին եկանք ու ճանապարհները փակվեցին։ Աղջիկս ու ամուսինս այնտեղ են, ես ու փոքր աղջիկս մնացել ենք այստեղ։ Բոլորս աշխատում ենք։ Ես փռում եմ աշխատում, աղջիկս՝ վարսավիրանոցում։ Կես տարի գործի չենք գնացել․․․
Epress.am — Հայաստանում մնալու տարբերակը չե՞ք դիտարկում․․․
Վ․Ա․ — Մեզ այստեղ շատ դժվար է։ Ոնց որ քոչվոր լինենք։ Մի օր հերանց տունն ենք ապրում, մի օր՝ կիսուրի։ Տուն չունենք․․․ Եթե 6 ամիս չես աշխատում, ո՞նց ես հա՛մ Ռուսաստանի տան վարձը տալու, հա՛մ ստեղ տուն վարձելու։ Ամուսինս ու մեծ աղջիկս Ռուսաստանից փող են ուղարկում, սպասում ենք։
E. — Ընտանիքների վերամիավորման համար, որքան հասկացա, Հայաստանի արտգործնախարարությունը առաջարկում է կազմակերպել Ռուսատանում մնացածների վերադարձը հայրենիք․․․
Վ․Ա․ — Ես չեմ ուզում։ Մենք ստեղ ոչ մի բան չունենք։ Ստեղ եղանակը շատ լավն է, ժողովուրդը լավն է, բայց մեզ համար ստեղ դժվար կլինի։ Զրոյից սկսելու համար մի քիչ ուշ է արդեն։
Շատերը, թեև Հայաստանի քաղաքացի են, 10-15 տարի այնտեղ են ապրում․ ինչ-որ կյանք ունեն , ինչ-որ բան են կառուցել, բիզնես, աշխատանք։ Ո՞նց հետ գան։ Ո՞ւմ հաշվին, որտե՞ղ են ապրելու։
E. — Հայաստանի Կառավարությունն ասում է, որ սահմանահատման արգելք չի դրել։ Ռուսաստանն է սահմանները փակել․․․
Արաքսյա Արոյան․ — Ես չեմ հավատում։ Այստեղ ինչ անում են՝ գցում են Ռուսաստանի վրա։ Պուտինը ուզում է, որ մենք գնանք։ Ես լսել եմ, ոնց է ասում, որ Ռուսաստանը միգրանտների կարիքն ունի։ Ինձ թվում է, Ռուսաստանը ուզում է ճանապարհները բացի, ուղղակի դա պետք է երկկողմանի լինի՝ համատեղ։ Հայաստանն էլ պետք է ուզենա։
Ռաֆիկ Հայրապետյանը Ռոստովից է․ 8 ամիս առաջ էր եկել Հայաստան՝ թոշակի հարցերով։
— Մոտիկ բարեկամներ Հայաստանում չունեմ։ Երեխաներս, թոռներս Ռուսաստանում են։ Մնում եմ՝ որտեղ պատահի։ Հաճախ մեքենայի մեջ եմ գիշերում։ Սահմանների պատճառով պայմանագիրս չկարողացա երկարաձգել, երևի՝ գործից հանել են արդեն։
Հիմա ասում են՝ բանակցում ենք։ Բայց ե՞րբ կլինի։ Ցույցերի մասին իմացել եմ մի քանի շաբաթ առաջ ու միշտ գալիս եմ։ Շարունակելու ենք, մինչև ինչ-որ մեկը մեզ մի հստակ բան չասի։
Հասմիկ Սարգսյանը ևս Հայաստանի քաղաքացի է․ 6 տարի Ռուսաստանում է ապրում։
— Մարտին ենք եկել։ Հայրիկս մահացել էր՝ եկել էի թաղման։ Երեխաներիցս մեկը մնացել է Ռուսաստանում, երկուսը հետս են։
Աղջիկս ավարտական դասարանում էր սովորում։ Երկու շաբաթով եկանք՝ 6 ամիս սպասում ենք, երբ ենք վերադառնալու։ Այնտեղ չլինելու պատճառով երեխաս ավարտական քննությունները բաց է թողել․ մնացել է առանց դոկումենտ, առանց դիպլոմ։ Դիմել ենք, որ թույլ տան վերադառնալուց հետո վերաքննության կարգով ավարտականները հանձնի։ Ընդունելության քննությունները արդեն բաց ենք թողել․ մի տարի հետ ընկանք։
Ասում են՝ մնացեք այստեղ։ Որտե՞ղ մնանք։ Մենք չենք պատրաստվում Հայաստան վերադառնալ։ Նախ՝ ես տուն չունեմ, և չգիտեմ՝ ոնց եմ այնպիսի գործ գտնելու, որ համ ընտանիքս պահեմ, համ տան վարձ տամ։ Անհնար բան է դա։ Տեսնում եմ՝ բարեկամներս ինչպես են ապրում։ Ես չեմ ուզում տենց ապրել։ Ես Ռուսաստանում խանութ ունեմ։ Մայիսից, ճիշտ է, փակել ենք, բայց որ վերադառնամ՝ կբացենք։ Պայքարելու ենք մինչև վերջ։ Մինչև մեզ համար ճանապարհ չբացվի՝ Հայաստանից գնալու․․․
Նշենք, որ Հայաստանի քաղաքացիների ցույցերին զուգահեռ՝ «Ռուսաստան եմ ուզում» պաստառներով փողոց էին դուրս գալիս նաև Հայաստանում մնացած Ռուսաստանի քաղաքացիները։ Ցույցեր եղան ՌԴ դեսպանատան, նաև՝ Բարգատաշենի անցակետի մոտ։ Ռուսաստանի քաղաքացիները, մեծ մասամբ՝ ազգությամբ հայեր, պահանջում են ինտենսիվացնել դեպի Ռուսաստան կազմակերպվող չարտերային չվերթները և միջանցք բացել՝ մեքենաներով ժամանածների ելքի համար։ Մի քանի թռիչք այս ընթացքում արդեն եղել է․ պայմանավորվածություն կա, որ դրանք շարունակական բնույթ կկրեն։ Հայաստանի քաղաքացիների հարցը դեռևս մնում է անորոշ։ Արտգործնախարարությունից տեղեկացնում են, որ սահմանները երկկողմանի բացելու շուրջ բանակցությունները շարունկվում են․ դրանց հանգուցալուծումը կախված է կողմերի համաձայնությունից, հստակ ժամկետներ նշել հնարավոր չէ։
տեքստը՝ Զառա Հարությունյան